Հուլիսի 12-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի Վահագն Խաչատրյանի «Լուսինը, Արեւը եւ երեք հրացանակիրները» վավերագրական ֆիլմը (Հայաստան/Պորտուգալիա), որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Visions du Reel միջազգային կինոփառատոնում` ապրիլի 24-ին: Մոսկովյան պրեմիերան էլ կայացել է այս տարվա հունիսին` Մոսկվայի կինոփառատոնի շրջանակում:
Ֆիլմը պատմում է Պորտուգալիայի եւ Իսպանիայի սահմանին գտնվող մի փոքրիկ քաղաքի մասին, որ ասես ուրիշ մոլորակում լինի. ժամանակն այստեղ կանգ է առել. մարդիկ ապրում են այնպես, ինչպես իրենց նախնիները` նույն ծեսերով, եկեղեցու զանգերը հնչեցնելով, իլիկ պտտեցնելով: Ծերունիները ձեռնափայտերի վրա հենված ձանձրանում են, ջահելները` նույնպես: Անգամ նրանց կողքին կանգնած փոքրիկ երեխաները ձեռնափայտ ունեն պապիկների օրինակով, բոլոր ավանդույթները շարունակվում են: Ծեր տղամարդու մոտոցիկլետը իր տարիքի չափ հին է, նույնքան ծեր, որքան քաղաքի բնակչուհու կարի մեքենան…
Երեկոյան տաղտկալի քաղաքի փողոցներում հայտնվում են քաղաքի նման զառամյալ ուրվականները, եւ քաղաքը լրիվ այլ «դեմք» է ընդունում:
Վահագն Խաչատրյանի տեսախցիկը որսացել է խորհրդավոր քաղաքի դարավոր «անշարժությունն» ու միստիկ վախերը: Ֆիքսել է զգույշ, առանց ինչ-որ բան գեղեցկացնելու կամ հավելյալ մռայլ երանգ տալու:
Ինչ վերաբերում է Վահագն Խաչատրյանին, ռեժիսորն ավարտել է Պեկինի կինոակադեմիան, Erasmus Mundus-ի դրամաշնորհով էլ երկու տարի վավերագրական կինո է սովորել Պորտուգալիայում, Բելգիայում եւ Հունգարիայում` այդ ընթացքում նկարելով մի քանի վավերագրական ֆիլմ: «Լուսինը, Արեւը եւ երեք հրացանակիրները» ռեժիսորի 4-րդ ֆիլմն է:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ