Լրահոս
Օրվա լրահոսը

Զինա Մուղոյան. «Մեծ է մոր վիշտը, երբ որդին սահմանը պաշտպանելիս լեգենդներ է գործել, բայց հուշարձան մինչեւ հիմա չի կառուցվել»

Հուլիս 02,2017 22:57

Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Առաջնորդարանում 1717-րդ խաչի տեղադրման արարողության ժամանակ ապրիլյան պատերազմում զոհված զինվորի տատիկ Զինա Մուղոյանն ասաց. «Սիրելի հայ ժողովուրդ: Ուրախանում եմ, որ չեք մոռանում ձեր հոգեւոր գանձերը, բայց նաեւ տխրում եմ, որ այսպիսի արարողության ժամանակ ենք հավաքվում մեկտեղ:

Առաջինը եկեք խոնարհվենք մարդկության ազատագրության համար առաջին զինվորին՝ Հիսուս Քրիստոսին, որ զոհվելով՝ իրեն մարդկության համար բաց տաճար դարձրեց: Այնուհետեւ խոնարհվենք ազատության մեր մարտիկների, հայ զինվորների առջեւ, մեր եզդիների, քրդերի առջեւ, որոնք հայերի հետ կողք-կողքի դարերով եկել են, մաքառում, պայքարում են մեր հայրենիքի ազատության համար: Նրանք գամվել են այս հողին եւ չեն կարող հեռանալ: Որպեսզի նրանք Հայաստանից հեռանան, նրանց պետք է վտարեն: Բայց նրանց վտարող չի եղել: Նրանք պաշտպանել են իրենց լեզուն, հոգեւոր հարստությունը: Նրանք քրիստոնեության հետ մեկտեղ քայլել են հավասար:

Ես խոնարհվում եմ Քրիստոսի, քրիստոնեության եւ քրիստոնեությունը պաշտող բոլոր ժողովուրդների առջեւ: Քրիստոնեությունը տաճար է, որը տանում է դեպի լուսավոր ապագա, չի սովորեցնում ջարդել, փշրել, կողոպտել, թալանել եւ տեր կանգնել: Այլ ասում է՝ ինչ ունեք, տեր կանգնեք, որպեսզի վայրագ թշնամին չկարողանա զավթել: Ես իմ թոռնիկին դաստիարակել եմ իմ նախնիների ոգով: Նա երբեք տարբերություն չի դրել հայի կամ եզդիի միջեւ: Մեզ աջակցել են ճանաչված շատ մարդիկ: Բայց ավելի շատ աջակցել են հոգեպես: Շնորհակալություն:

Բայց պարոնայք, որքան դժվար է մոր վիշտը, երբ երեխան լեգենդներ է գործել, միայնակ կանգնել է հայոց սահմանը պաշտպանելու եւ զոհվել է: Իսկ մինչեւ հիմա նրա հուշարձանը կանգնեցված չէ: Ես դիմում եմ պաշտպանության նախարարին, քանի որ նախարարության ներկայացուցիչն այստեղ է. Երեք-չորս անգամ դիմել եմ: Երբ թոռնիկիս մահախոսականը կարդում էին, Մովսես Հակոբյանն ասում էր. Տիկին Զինա, մենք էլ չիմացանք, թե մի մատ երեխան ինչպես սանձեց այդ դավադիրներին, ոճրագործ դահիճներին, իր փոքր մարմնով պաշտպանեց հայոց հողը: Մենք պարտական ենք ձեր ընտանիքին: Պատասխանեցի. դուք մեր ընտանիքին պարտական չեք, միայն նրա արածները մի մոռացեք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31