«Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի անմիջական ջանքերի շնորհիվ այսօր Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում կատարվեց խաչադրման հերթական արարողությունը: Սուրբ մայր Խաչի վրա տեղադրվեց 1717-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման 1717-րդ տարին:
Այս անգամ խաչքավորները ապրիլյան պատերազմի յոթ քաջազուն հայորդիներն էին, որոնք հերոսաբար պաշտպանեցին Հայոց պետական սահմանը: Խաչի օծման եւ հանդիսավորությամբ Մայր Խաչի վրա տեղադրելուց հետո, Աղվան Հովսեփյանը, դիմելով ներկաներին, ասաց. « Այսօր մեր հերոս զինվորների ձեռքերով առ Աստված բարձրացավ եւս մի խաչ՝ 1717-րդ խաչը, այն խաչը, որ ճիշտ այսքան տարի պահում ենք մեր հոգում, սրտում, պահում ենք մեր մեջքին եւ փառքով տանում ենք: Այսօր այդ խաչը առ Աստված բարձրացվեց: Հազարամյակներ շարունակ խաչը պատժիչ գործիք է եղել, նրա վրա մարդկանց մահվան են դատապարտել, Քրիստոսին նույնպես: Բայց շնորհիվ Քրիստոսի, որ իր արյունով լվաց խաչը, այն դարձավ սրբություն, դարձավ մի արժեք, որով կատարվում են հրաշագործություններ: Խաչը բարիք, հավատք է բերում, հույս է ներշնչում:
Այսօր այդ խաչն ավելացավ քրիստոնյա Հայաստանի տարիքին: Քրիստոսն իր մահով ապացուցեց, որ մահը վերջը չէ: Քրիստոսն իր մահով ապացուցեց, որ մահը դեռ մահ չէ, մահը ծնունդ է: Եվ մեր զինվորները նույնպես իրենց կյանքով, իրենց արյամբ, իրենց առողջությամբ ապացուցեցին, որ ամեն անգամ իրենք նոր ծնունդ են տալիս մեզ, մեր ժողովրդին, մեր հողին, ստեղծում են պայմաններ, որ մենք պարտավորությամբ ավելի սիրենք մեր երկիրը, արարենք, ստեղծագործենք, ծաղկեցնենք մեր երկիրը: Հիշեք այս օրը, մենք բոլորս պարտավոր ենք անել այդ ամենը մեծագույն խոնարհումով ու մեծագույն նվիրումով՝ այն արժեքներին, որոնց համար նրանք կռվել, զոհվել, արյուն են թափել: Շնորհավորում եմ բոլորիդ այս օրվա համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ