Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն դժվար է մեռնելը հարուստների համար

Հուլիս 02,2017 21:01

Որքան էլ, որ բարդ է մարդկային կյանքի վերաբերյալ գնահատականներ տալը, այնուամենայնիվ կփորձեմ անաչառ մոտեցում հանդես բերել ներկայացվող վերլուծության մեջ: Եթե ազնիվ լինենք, ապա կարծում եմ բոլորը կհամաձայնեն այն մտքի հետ, որ հատկապես նախորդ դարի 90-ական թվականներից սկսած, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, էլ ավելի կատաղի է սավառնում փողի մոլուցքը, որն ուղղակիորեն ներարկվել է միլիոնավոր մարդկանց արյան մեջ և ամբողջովին գերել է նրանց: Այդ մարդկանց համար բոլոր նպատակները դարձել են լոկ միջոցներ և նրանք իրականում հետապնդում են մեկ նպատակ. միջոցների դեմ կանգ չառնելով, որքան հնարավոր է շատ հարստություն կուտակել:

Այլ խոսքով, այսօր աշխարհում կա մեկ իրական պայքար, դա փողի և հարստության համար մղվող պայքարն է, որի ընթացքում այդ արարածները բառի իսկական իմաստով, ոչնչի դեմ կանգ չեն առնում: Ինչպես Մեծն Շեքսպիրն է իր գործերում գրում, իշխանության համար մղվող պայքարում (իրականում, այդ պայքարը ոչ այլ ինչ է, քան հարստության համար մղվող պայքար) լիովին ջնջվում են հայր-որդի, կին-ամուսին, եղբայր-եղբայր, եղբայր-քույր, բնականաբար նաև բոլոր այլ  տիպի մարդկային հարաբերությունները: Նրանց համար մի սրբություն կա, դա փողն է և ամեն ինչ կարող են զոհել հանուն փողի (իհարկե, չեմ պնդում, որ աշխարհում կան նաև որոշակի բացառություններ):

Ընթերցողի մոտ կարող է բնական հարց առաջանալ. եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ այդ մարդիկ կանգնեն կատեգորիկ երկընտրանքի առջև. կամ ընտանիքը, կամ ողջ  հարստությունը, այդ պարագայում ո՞րը կնախընտրեն: Իրականում, դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին: Սակայն, կա մի հանգամանք, որը ինչ-որ իմաստով հեշտացնում է ստանալ այս հարցի հավանական պատասխանը: Դա հետևյալն է. նման մարկանց ճնշող մեծամասնության ուղեղները լիովին պատված են փողային դաշտով և այնտեղ համարյա ազատ տեղ չկա ավելի լրջմիտ, հեռահար  վերլուծելու, մտածելու փողից բացի՝ թեկուզ չափազանց կարևոր այլ հարցերի մասին ևս:

Դրա հետևանքով, նման գերկարևոր հարցի  լուծման պարագայում անգամ, նրանց սխալվելու՝ հարստությանը նախապատվություն տալու տարբերակի հավանականությունը փաստացի մեծանում է: Եթե չլիներ հարստության մոլուցքի առկայությունը, ապա համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կկայացներ ճիշտ հակառակ որոշումը: Ասվածը համարենք այն կարևոր բազան, որի վրա կկառուցվի նյութի հետագա՝ հիմնական ասելիքը:

Խիստ բնական է, որ անբուժելի հիվանդներին անգամ չափազանց դժվար է հաշտվել կյանքին հրաժեշտ տալու իրողության հետ, քանզի նրանք թաքուն մի անկյունում հույս են փայփայում, որ ինչ-որ հրաշք անպայման կլինի և իրենք կփրկվեն՝ կբուժվեն: Իսկ, թե ինչպիսին է հարուստների, մեծահարուստների հոգեբանությունը նույն իրողության պարագայում, պարտադրված եմ այն մի քիչ ավելի խորացված ներկայացնել: Բնական է, հարուստների փողային մոլուցքը և դրա արդյունքում կուտակած հարստությունը նրանց բերում են այն քարացած եզրահանգմանը, որ իրենք արտոնյալ են և ցանկացած ցանկություն, որն անցնում է իրենց մտքով, պետք է անպայման իրականություն դառնա: Այլ խոսքով, նրանք համոզված են, որ իրենց համար փակ դռներ չպետք է լինեն: Նրանց թվում է, որ փողը հենց այն կախարդական փայտիկն է, որի շնորհիվ կարող են ցանկացած փակ դուռ բացել: Իհարկե, այստեղ խոսքը ոչ թե սովորական, այլ դժվար իրականանալի՝ համարյա անհնար ցանկությունների մասին:

Եթե ասվածը կարճ ձևակերպենք, ապա նրանց թվում է, որ չկա այնպիսի բան, որը հնարավոր չլինի ձեռք բերել փողով: Կարծում եմ, սա այդ մարդկանց մտածողության ամենամեծ բացն է, որը նրանք բացատրական ճանապարհով կամ նորմալ չեն ընկալում, կամ ընկալում են, ուղղակի իրենց համար անցանկալի է տվյալ իրողությունը: Փաստացի, նման մարդկանց թվում է, որ ապրում են վայելքների աշխարհում և որևէ ակնթարթ նրանց մտքով չի անցնում, որ իրենք ևս մահկանացու են ու երբևէ պետք է հրաժեշտ տան երկրային կյանքին: Եվս մեկ անգամ  կրկնեմ, որ նրանք ուղղակի ժամանակ չեն հատկացնում նման բաների մասին մտածելու, քանզի դա իրենց հիմնական օրակարգից դուրս է: Վայելք-փող, փող-վայելք, ահա այսպիսին է նրանց կյանքը: Այս պարագայում, եթե ոմանց բախտը բերում է և կյանքին հրաժեշտ են տալիս հանկարծակի, ապա նրանց ներսում  ապրիորի հաստատված այն մոտեցումը, որ իրենք անմահ են, կարծես ինչ-որ իմաստով իրականություն է դառնում, քանզի նրանց կյանքից-մահ ճանապարհն անընդհատ է դառնում՝ առանց խզման ու նրանք փաստացի չեն հասցնում ապրել այդ անցման ակնթարթը, որովհետև նրանք արդեն մահացած են լինում: Իհարկե, ասվածը կարող է վերաբերվել նաև ողջ մարդկությանը՝ մի տարբերությամբ, որ մինչ մահվան պահը, տվյալ հարուստներն ու մնացած մարդիկ անցած են լինում կյանքի լրիվ հակադիր ճանապարհներ՝ լիովին հակադիր արդյունքներով:

Ասվածից դուրս գտնվող   հարուստների դաշտը պայմանականորեն կարելի բաժանել երկու հիմնական խմբերի. առաջին խմբի մեջ են նրանք, ովքեր անբուժելի հիվանդ են և տեղյակ են դրա մասին, իսկ երկրորդ խմբի մեջ նրանք, ովքեր ապրում են իրենց առօրյա կյանքով ու եթե նույնիսկ անբուժելի հիվանդ էլ են, ապա դրա մասին տեղյակ չեն: Առաջին խմբի հարուստները և մինչև հիվանդությունը, և դրանից հետո էլ՝ մինչև իրենց մահվան վերջին ակնթարթը, ամեն օր, ամեն վայրկյան սարսափելի, աննկարագրելի, դաժանագույն տառապանքներ են ապրում, և սա հենց այն եզակի դեպքն է, երբ հանուն իրենց փրկության, նրանք պատրաստ են ամեն ինչ՝ նույնիսկ ողջ հարստությունը տալ, միայն թե փրկվեն: Տեր, ներիր ինձ, սակայն կարծում եմ, որ նրանք պատրաստ չեն ճիշտ նույնն անել մնացած այլ դեպքերում:

Այդ վայրկյաններին նրանց կրած տառապանքների ուժգնությունը հազարավոր անգամներ ավելի ուժեղ է լինում, քան ողջ կյանքի ընթացքում նրանց կուտակած ամբողջ հարստության բերկրանքի չափը: Զարմանալիորեն, ավելի աննախանձելի իրավիճակներում են հայտնվում երկրորդ խմբում ներառված հարուստները: Այն պահից սկսած, երբ նրանք համոզվում են իրենց արդեն հարուստ լինելու իրողության մեջ, նրանց մոտ գլուխ է բաձրացնում և մինչև կյանքի վերջ նրանց անընդհատ ուղեկցում է մահվան նկատմամբ առաջացած վախի զգացումը (նույնիսկ առողջ ժամանակ):

Մարդկության բոլոր շերտերի հետ համեմատած, այս շերտի հարուստներն ամենադժբախտն են, քանզի ինչպես արդեն նշեցի՝ իրենց հարուստ լինելու իրողությանը տեղյակ լինելու պահից, նրանց կյանքը վեր է ածվում լոկ դժոխքի ու տառապանքի: Այդ պահից սկսած, նրանց ներսում եղած հարստության մոլուցքի դաշտի գոնե կեսից ավելին աստիճանաբար փոխարինվում է մահվան նկատմամբ առաջացած վախի մոլուցքով, որը ժամանակի ընթացքում՝ գնալով ավելի է մեծանում և ամրապնդում իր դիրքերը՝ ի հաշիվ հարստության մոլուցքի դաշտի: Դե, պատկերացրեք նման մարդու հոգեվիճակը, երբ մի կողմից անընդհատ նվազում է հարստության մոլուցքի դաշտը, իսկ մյուս կողմից անընդհատ մեծանում է մահվան նկատմամբ ունեցած վախի մոլուցքի դաշտը:

Փաստորեն, այս շերտի մարդկանցից երջանիկ կարելի է համարել նրանց, ովքեր ավելի ուշ են հարստանում կամ ավելի ուշ են հասկանում հարստության և հատկապես՝ իրենց հարուստ լինելու իրողության մասին, քանզի մինչ այդ պահը, նրանք թեկուզ որոշակի վայրիվերումներով, այնուամենայնիվ ապրում են որպես նորմալ մարդիկ: Այլ խոսքով, նրանք որքան ուշ են գիտակցում իրենց հարուստ լինելու իրողության մասին, այնքան ավելի քիչ ժամանակ է մնում կյանքի մնացած՝ տառապանքի օրերի համար: Այո, նման տիպի մարդիկ որքան ուշ հարստանան, այդքան ավելի շատ ժամանակ կհասցնեն հարաբերականորեն նորմալ ապրել և նույնչափ ավելի քիչ ժամանակ կտառապեն:

Իհարկե, ասվածից ընթերցողի մոտ մեկ այլ հարց էլ կարող է առաջանալ. ի՞նչ է, մարդ ամեն ինչ պետք է անի, որպեսզի հանկարծ չհարստանա՞: Կարելի է ասել, որ այս հարցով ուղղակի մոտեցանք նյութի ասելիքի բովանդակային մեխին: Իսկ, ինչո՞ւմն է կայանում այն: Ցանկացած մոլուցք, այդ թվում նաև հարստության մոլուցքը, անբնական երևույթ է՝ հիվանդություն, որի պարագայում մարդը չի կարող նորմալ կյանքով ապրել: Այդ պարագայում, նա հայտնվում է անոմալ իրավիճակներում և իր կատարած քայլերն էլ համարժեք են դառնում այդ իրավիճակներին: Նման իրավիճակներում, մարդու մոտ գլուխ են բարձրացնում ծայրահեղությունները և նա ակամա հայտնվում է կյանքի դաշտի նորմալ շրջակայքից դուրս՝ դրան բնորոշ բոլոր հետևանքներով: Հենց այդպիսի ծայրահեղության օրինակ է հարուստ մարդկանց մոտ մահվան նկատմամբ առաջացած վախը, որը լիովին խաթարում է նրանց հետագա կյանքը: Հավասարակշռվածության իսպառ բացակայությունն այդ մարդկանց տեղ չի թողնում գեթ մեկ նորմալ քայլ անելու:

Դա մոտավորապես նման է նրան, երբ մարդը մշտապես պետք է որոշումներ կայացնի սարսափելի մեծ դոզայով նարկոտիկի կամ ալկոհոլի ազդեցության տակ: Կարճ ասած, նման կերպ հարստացած մարդիկ իրականում ոչ թե ապրում են, այլ լոկ տառապում են՝ իրենց կյանքն անցկացնելով անվերջանալի մղձավանջերի մեջ, որոնցից, ինչպես վերը նշվեց, ամենօրյա սարսափելի վախն է մահվան նկատմամբ: Հավանաբար, աղքատները կփորձեն համապատասխան եզրահանգում անել այս իրողությունից:

Իհարկե, աշխարհում կան նաև որոշակի թվով հարուստներ և մեծահարուստներ, ովքեր իրենց կյանքն ապրում են լրիվ նորմալ, քանզի նրանք այդ հարստությունը կուտակել են աստիճանաբար, նորմալ, արդար աշխատանքի միջոցով: Նրանք այդ ամենին հասել են նպատակադրված՝ առանց մոլուցքի, այդ ճանապարհին պահպանելով կյանքի գրված և չգրված բոլոր օրենքները: Այդ մարդիկ ապրում են սովորական մարդկանց նման: Նրանք իրենց երբեք վեր չեն դասում մնացած մարդկանցից և ամենակարևորը՝ քաջ գիտակցում են, որ իրենք ևս ընդամենը հասարակ մահկանացուներ են: Հիվանդ, թե առողջ, նրանք պարզորոշ գիտակցում են. երբ գա պահը, Տերը կավարտի իրենց երկրային կյանքը և հանգիստ կտեղափոխի երկնային կյանք, քանզի դա է մարդկային կյանքի միակ հետագիծը: Չասենք, թե նրանց համար մեռնելը ցանկալի է՝ հեշտ, սակայն նրանք իրատես են, ճիշտ են հասկանում, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Ահա այս պարզագույն բանաձևի հստակ իմացությունն է, որը նրանց պարտադրում է ճիշտ ապրել և ճիշտ մեռնել…

Անկեղծ ասած, ես կարող էի նաև սույն նյութը վերնագրել «Որքա՞ն դժվար է մեռնելը մոլուցքով տառապող հարուստների համար», այդ դեպքում սույն նյութը չէր պարունակի վերջին պարբերությունը, որը ես կարևորեցի…

Երանի այն հարուստներին, ովքեր ապրում են հասարակ մահկանացուների պես…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Երևանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31