Դորտմունդում Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց մասնակցությունը հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այսօր պայքարի մեջ մտած Նորայր Հախոյանը (55 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (120 կգ) անմասն մնացին մրցանակային տեղերից: Միայն Նորայր Հախոյանն էր մոտ բրոնզե մեդալին, սակայն սփոփիչ գոտեմարտում պարտվեց ռումինացի Ռազվան Առնաուտին:
Միքայելյանն ու Օվասապյանը պայքարից դուրս էին մնացել քառորդ եզրափակչում, իսկ Սարգսյանը` որակավորման փուլում:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը Դորտմունդից վերադառնում է երկու բրոնզե մեդալով, որոնք նախորդ օրը նվաճել էին Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ