Հուլիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացավ ամենամյա «Հայ բույս» փառատոնը: Այն զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն անցկացվում է 2015 թվականից: Փառատոնն այս տարի հագեցած էր ազգային և ժողովրդական արվեստի գործերի, սենսորային և ուսուցողական խաղերի, տարազի, խոհանոցի, յոգայի և առողջ ապրելակերպի, կավագործության և գորգագործության, արշավների սիրահարների համար նախատեսված բազմազան միջոցառումներով:
Հավատարիմ մնալով նախորդ տարիների ավանդույթին՝ «Հայ բույս» փառատոնն իր հյուրերին այս տարի ևս ներկայացրեց 20 մետր երկարություն ունեցող լավաշով խաղաղության մեծ բրդուճը՝ հայկական խոտաբույսերով և Հայաստանում ու տարբեր երկրներում արտադրված պանրատեսակներով, որը խորհրդանշում է ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) և խաղաղություն (պանրատեսակներ): Խաղաղության մեծ բրդուճը պատրաստվեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ուղեկցությամբ և տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:
«Հայ բույս» փառատոնի այցելուների քանակը տարեցտարի ավելանում է՝ այս տարի հասնելով մոտավորապես 1500-ի, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն:
«Այս փառատոնով մենք նպատակ ունենք ներկայացնել և ժողովրդականացնել Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարևորագույն ռեսուրս, բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող, բայց անհայտ բույսերի կիրառման, օգտակարության, բուժական նշանակության վերբերյալ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում: Բացի տաղավարներից, որտեղ ներկայացված են հայկական խոտաբույսերից տարբեր արտադրանքներ՝ խնամքի միջոցներ, թեյեր, աքսեսուարներ, դեղամիջոցներ, նաև ամեն տարի փառատոնի շրջանակներում իրականացնում ենք «Հայաստանի խոտաբույսեր» խորագրով թեմատիկ արշավային և ճանաչողական տուրեր, որի մասնակիցները ծանոթանում են վայրի բույսեր հավաքելու գործընթացին, ուտելու համար պիտանի և ոչ պիտանի բույսերին և այլն»- նշեց «Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Աղայանը:
Անդրադառնալով փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներին՝ «Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Չիբուխչյանը նշեց. «Փառատոնը ներկայանում է ինչպես ճանչողական, ուսուցողական, այնպես էլ ժամանցային միջոցառումներով: Փառատոնի ժամանակ տարբեր հարթակներում զուգահեռաբար անցկացվում են թեմատիկ վարպետության դասեր, որոնց ընթացքում հյուրերին սովորեցնում են բույսերից պատրաստել կենցաղային պարագաներ, զովացուցիչ ըմպելիքներ, ծանոթացնում են հայկական ազգային տարազների բուսական զարդանախշերին, խոտաբույսերով գորգագործությանը: Հյուրերը կարող են մասնակցել նաև բացօթյա յոգայի դասընթացների, հայկական թեյերի համտեսի և այլն»:
«Հայ բույս» փառատոնի այս տարվա նորույթը «Հայաստանի գույներ» 10 մետրանոց գեղարվեստական կտորից պաննոն էր, որի վրա ներկայացված էին փառատոնի մասնակիցների լոգոները՝ կնիքի տեսքով և հյուրերի մատնաներկերով նկարազարդումները: Իսկ փառատոնի ավարտին կտորի մասերը որպես վզկապեր բաժանվեցին ներկաներին:
Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաև «Ենոքավանյան պոլո» ձիերով շոուն:
Միջոցառումներն ուղեկցվեցին թատերական և երաժշտական ներկայացումներով, ելույթ ունեցան Միքայել Ոսկանյանն իր «TurUp» քառյակով, ջութակահարուհի Սոնա Ազարյանը, DJ Beatman-ը, Իջևանից «Puzzle’s 5 peaces» խումբը և DJ Համոն:
«Հայ բույս» փառատոնին մասնակիցների թվում էին «Տերյան մշակութային կենտրոնը», «Ֆոտո ատելիե Մարաշլյան» ստուդիան, «Հանգույց» համույթը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, Իջևանի «M-STUDIO» պարի խումբը, «Նռան հատիկներ» նախագիծը, «Իջևանի երիտասարդական կազմակերպությունը» և այլն:
Փառատոնի մուտքը ազատ էր:
«Հայ բույս» փառատոնի մամուլի հաղորդագրություն