Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ճակատագրի պատճառները-2

Հուլիս 02,2017 14:52

Շարունակություն: Սկիզբը՝ «Առավոտ» 1.03.17

7

Պատճառներից մյուսը երկրում բարձր, ազնվական՝ արքայական, իշխանական, ասպետական խավի բացակայությունն է: Ազնվական խավի բացակայության պատճառով դրական, դաստիարակիչ օրինակ ծառայող հասարակության շերտ չկա, այնպիսի շերտ, որը նաև ղեկավարող լիներ, որից ինչ-որ որոշումների ընդունում և դրանց գործադրում կախված լիներ: Սեփական կյանքի օրինակով հայրենասիրություն քարոզող ղեկավար խավ չկա, մտքի անարատություն սովորեցնող մտավորականություն չկա, խոսքի մաքրություն սովորեցնող դպրություն չկա, արարքների ազնվություն սովորեցնող ասպետություն չկա, հոգու վեհություն սովորեցնող իշխանական խավ չկա, գեղեցիկը տգեղից տարբերելու ընդունակություն սովորեցնող բարոյագիտություն չկա, իմաստության և ճշմարտության ձգտման կյանքով ապրելու հմտություն սովորեցնող հոգևոր խավ չկա, կյանքը հայրենիքի և ազգի բարօրության գործին ծառայեցնելու օրինակ ծառայող թագավորներ չկան: Նման պայմաններում անխուսափելի է ազգի և երկրի ընթացքը դեպի հետամնացություն: Մանավանդ, որ ներկայիս բարձր համարվող խավի ներկայացուցիչները՝ իշխանավորները, իրականում, իրենց հատկություններով ու արժեքներով ավելի ցածր են, քան ընդհանուր զանգվածի միջին թվաբանականը: Այդ պատճառով նրանց կառավարումը տանում է երկիրը ոչ թե դեպի մակարդակի բարձրացում, այլ ավելի ցածրացում:

Դրա հետևանքներից մեկն էլ բարոյականության աստիճանական անկումն է երիտասարդների շրջանում, որոնք հետագայում մեծահասակների սերունդներ են դառնալու: Բարոյականության անկումն ակնհայտ է, հայ աղջիկների հագուստներից նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել դրա վառ ապացույցը: Նրանց մեծ մասը, մոտ իննսուն տոկոսը գռեհիկ, անպարկեշտ, ամոթալի, անվայելուչ, ցածրաճաշակ, տգեղ, փողոցային խուժանին արժանի ցածրարժեք հագուստով է շրջում հասարակության մեջ, տհաճություն տարածելով շուրջը:

8

Հայ ազգի բնաջնջումների պատճառով պակասել է հայ մարդկանց քանակը: Պակասել է հոգիների վերամարմնավորումների համար պիտանի, ապրող մարմինների քանակը: Հոգիների մեծ հերթ է գոյացել: Դանդաղել է կյանքի և մահվան շրջանառության միջոցով հոգիների զարգացման գործընթացը: Կյանքի մեծ փորձի բացակայության պատճառով հայ ազգի մեծ մասը մնացել է հետամնաց: Այդ ընթացքում աճող և բազմացող ազգերը հոգիների արագ վերամարմնավորումների շնորհիվ ավելի մեծ կյանքի փորձ են ձեռք բերել և առաջ անցել իրենց զարգացման մակարդակով հայ ազգից: Եթե մեծաթիվ ազգում յուրաքանչյուր հոգի կարող է մարմնավորվել, օրինակի համար, յուրաքանչյուր դարում, և դեռ էլի տեղ էլ կմնա նոր հոգիների ներգրավելու, նրանց այդ ազգի էությունը փոխանցելու և նրանը դարձնելու համար, ապա ավելի փոքրաթիվ ազգի հոգիները հնարավորություն կունենան մարմնավորվելու յուրաքանչյուր երկու դարը մեկ, իսկ ավելի փոքրաթիվինը՝ երեք դարը մեկ և այսպես շարունակ:

Ամեն դարում ապրող հոգին ավելի շատ և հարուստ կյանքի փորձ կունենա և ավելի զարգացած կլինի, քան իրենից երկու անգամ պակաս ապրող հոգին, իսկ երկու դարը մեկ ապրողն ավելի զարգացած կլինի, քան երեք հարյուր տարվա մեջ մեկ անգամ ապրած հոգին: Իսկ ավելի հաճախ ապրող հոգիներն ավելի մեծ հնարավորություններ ունեն ավելի շուտ հասնելու կյանքի վերջնական նպատակին: Եվ ուշ-ուշ մարմնավորվելու պատճառը մարմնավորվելու համար պատրաստի մարմինների փոքրաթիվությունն է, որը հիմա հենց հայ ազգին է բախտ վիճակվել: Այսպես է գործում հոգիների կատարելագործման համակարգը ըստ Նժդեհի և Հ. Ասատրյանի ուսմունքների գաղտնագիտության և ըստ Ուխտագրքի արորդյաց. ամեն ազգի հոգիները մարմնավորվում են իր ազգի մարդկանց մարմինների մեջ:

Սակայն եթե նույնիսկ ընդունենք, թե հոգիները չունեն ազգություն և մարմնավորվում են ոչ թե ամեն ազգի հոգիներն իր ազգի մարմինների մեջ, այլ տարբեր ազգերի մարմինների մեջ, միևնույն է, դա սփոփանք չէ մեզ համար, քանի որ ուրիշ ազգերի մեջ մարմնավորվողները դառնում են այդ մշակույթի կրողները, ուստի համապատասխանաբար պակասում է հայ մշակույթը կրողների տեսակարար կշիռը հոգիների ընդհանուր զանգվածում: Այդ տարբերակով էլ է պակասում հայությունը: Երևի սա հակադրությունների միասնության օրենքի գործողության վառ օրինակներից մեկն է, քանի որ մի ժամանակ հայ ազգն ամենամեծաքանակն է եղել, հետևաբար նաև ամենազարգացածը: Ուստի, հիմա երևի եկել է ժամանակը լինելու ամենափոքրաթիվներից և ամենահետամնացներից մեկը, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո նորից մեծանա և իր զարգացումով առաջ անցնի ուրիշներից: Մեր ազգի նախնիները չեն կարողացել պահպանել ազգի մեծությունը, որպեսզի ապահովեին հենց իրենց շարունակականությունը:

Իսկ պահպանելու համար չպետք է շեղվեին իրենց արմատներից՝ հայրենի հոգևոր ուսմունքներից, հայրենիքի կրոնից, ճշմարտությունից: Իսկ հետամնաց հոգիներով ազգը իր գործողություններով գնալով ավելի ու ավելի է վատացնում իր վիճակը, ավելի շատ է վնասում իրեն դրանցով, այդպիսով ավելի վատացնելով իր վիճակը, ինչն էլ տեղի է ունեցել հայ ազգի դեպքում: Այդպիսով, հայ ազգի ներկայացուցիչների քանակի նվազումը վատ ազգային ճակատագրի պատճառներից մյուսն է: Ազգի բարձր խավի զարգացած հոգիներին էլ են համապատասխան քիչ ընտանիքների մարմիններ բաժին հասնում, քանի որ հայ արքայական, իշխանական, նախարարական տոհմերը վերացան ժամանակի և պատմության հոսանքների մեջ, իսկ վերապրած, պահպանված բարձր խավին էլ վերջնականապես վերացրեց Լենինի հորինած մարդակեր, անդասակարգ համակարգը, որը բոլորին դարձրեց միատեսակ ցածր խավ: Ցածրն էլ նշանակում է հետամնաց, չզարգացած: Եվ ազգը ստիպված եղավ նորից, համարյա զրոյից կամ զրոյից քիչ բարձր ինչ-որ կետից սկսել իր վերընթացը, շարժումը զարգացման ուղիով, այն, ինչը արդեն արել էր հազարամյակների ընթացքում: Մինչդեռ այդ ժամանակ ուրիշ ազգերն արդեն զարգացման բարձունքներին էին հասել: Եվ նրանք այնքան հզորացան, որ իրենց հեռավոր երկրներում հանգիստ և ապահով նստած խառնվում էին մեր տարածաշրջանի գործերին, վճռում մեր ճակատագիրը, վարվում մեզ հետ ինչպես խաղալիքի հետ:

9

Մի պատճառից մյուսն է ծնվում: Մեծ երկիր չունենալու պատճառով ուրիշ երկրներ հեռանալն, իր հերթին, վատ ճակատագրի պատճառներից մյուսն է դառնում: Դա մեր սփռվածությունն է աշխարհով մեկ, որովհետև դրանից մենք ավելի ենք թուլացել, քանի որ միասին չենք եղել: Որովհետև շատ մարդիկ ավելի շատ գործ կարող էին անել, քան քչերը: Կարող էին շինել, մշակել, ծաղկեցնել, բարգավաճեցնել իրենց երկիրը, արևմտյան կամ արևելյան բարգավաճ երկրների նման, բայց անում են դա օտարների երկրներում: Իսկ մերը մնում է աշխատող ձեռքերի կարոտ, ամայի, կիսաանապատ: Օտար փթթող այգիներն էլ ձգում են դեպի իրենց, և այսպես շարունակ, շղթայական ազդեցությունների ու հակազդեցությունների միջոցով ազգը գնալով ավելի ու ավելի է վատացնում իր երկրի և իր վիճակը:

***

Եվ այսպես, եթե փորձենք դասավորել պատճառներն ըստ հերթականության, ապա առաջին պատճառը ամենասկզբից ևեթ ամեն գնով անկախ պետություն ունենալու ձգտումն էր:

Երկրորդ պատճառը կրոնափոխ լինելն էր [2]: Ըստ որում, եկեղեցին հիմա ջանք չի խնայում համոզելու համար հայ մարդկանց, որ կրոնափոխ չլինեն, քանի որ կրոնափոխությունը վատ երևույթ է, դավաճանությանը հավասար [3, 4]: Այնինչ ժամանակին ինքը կրոնափոխ արեց մի ամբողջ ազգի, դրանով տանելով նրան դեպի դավաճանություն և դեպի դրա հետևանքը՝ բախտի վատթարացում, որ հետագայում նա քաղեր իր դավաճանության դառը պտուղները: Բայց, ինչպես որ ինքն էր ժամանակին վարվել ուրիշների հետ, դեռ այնպես էլ իր հետ են վարվելու, համաձայն այն օրենքի, թե ինչ որ ցանես, այն կհնձես [5]: Իսկ ինքը ժամանակին վերացրել էր հոգևոր ոլորտում իր բոլոր մրցակիցներին: Եվ դա այն դեպքում, երբ նույնիսկ ազգի ամենադաժան թշնամիները չէին ձգտում վերացնել գրավված երկրի հոգևոր ոլորտի կազմակերպությունները և դրանց գործիչներին, այսինքն` կրոնները և կրոնավորներին, այլ թողնում էին, որպեսզի վերջինները շարունակեին գործել: Իսկ ինքն ավելի դաժան գտնվեց և վերացրեց մյուս բոլոր կրոնները: Բայց չէ՞ որ, եթե իրեն ոչ ոք չէր վերացնում, ապա ինքն էլ իրավունք չուներ վերացնելու ուրիշներին:

Երրորդ պատճառը եղբայրական ազգերի՝ իրանցիների հետ թշնամանալն էր, ցեղային հավատարմությանը դավաճանելը, ցեղային ուժաբանությունից չօգտվելը, որից ավելի թուլացանք [6]:

Չորրորդ պատճառն այն էր, որ Հայաստանը չէր վարում նվաճողական քաղաքականություն: Դրանով նա թույլ էր տալիս ուրիշներին նվաճելու իրեն:

Հինգերորդ պատճառը պաշտպանական ամրությունների կառուցման սխալ ռազմավարությունն էր կամ պաշտպանական ռազմավարության սխալ կառուցումը, վտանգից փախչելու, դրանից թաքնվելու քաղաքականության վարումը:

Վեցերորդ պատճառը երկար դարերի ընթացքում պետություն չունենալն էր: Դրա արդյունքում բացասական, ոչ հայրենասիրական հոգևոր հատկություններ են ձևավորվել ազգի ներկայացուցիչների մեծ մասի մեջ. ոչ պետական մտածելակերպ, ազգի լեզվին և հայրենիքին դավաճանելու պատրաստակամություն, օտարապաշտություն և այլ նման ցածր ու անպատվաբեր արժեքներ [7, 8]: Նաև դրա հետևանքն է այն իրողությունը, որ մեծ մասի մոտ անհատական շահը գերադասվում է ընդհանուր շահին, որը կարող է լինել տարբեր մակարդակներում. հիմնարկային, համայնքային, շրջանային, մարզային, համերկրային, պետական: Դրան նպաստել են նաև այդ մակարդակների ղեկավարների շահադիտական ղեկավարումները և՛ պետականությունը կորցնելուց անմիջապես առաջ, և՛ վերականգնելուց անմիջապես հետո [9]:

Յոթերորդ պատճառը երկրում ազնվական խավի բացակայությունն է, ինչի միջոցով ի չիք են դառնում բազմահազարամյա կյանքի փորձի շնորհիվ ընտրյալ հոգիների մոտ կատարյալ հատկությունների, կարողությունների և շնորհների ընտրասերման և կուտակման բնական աշխատանքի արդյունքները [10]: ճիշտ է, որ ներկայի վատ վիճակի պատճառը ներկա իշխանությունն է, քանի որ այն է հիմա վերնախավը: Սակայն թվարկված պատճառները ազդել են ազգի ներկայացուցիչների մեծ մասի հետընթացի, հետամնացության [11] վրա, որի մի մասն էլ ներկայիս վերնախավն է: Այն չի կատարում հերոսության քարոզ և խրախուսում, այլ հակառակը, ճնշում ու վերացնում է նախկին հերոսներին էլ, այդպիսով վերացնելով հերոսության երևույթը ազգի կյանքից [12]: Ազգային ոգով դաստիարակչական աշխատանք չի կատարվում ընդհանրապես: Իսկ սեփական կյանքով վատ օրինակ ծառայելու օրինակներ շատ կան, բացասական ընդօրինակումների առիթները և հնարավորությունները երբեք բաց չեն թողնվում ներկա վերնախավի կողմից: Ազգի գեղագիտական դաստիարակության գործն էլ պետության կողմից կազմակերպված բնույթ չի կրում [13]:

Ութերորդ պատճառը ազգի քանակապես նվազումն է, որով պակասում են հոգիների վերամարմնավորումների հնարավորությունները և դանդաղում է նրանց զարգացման արագությունը:

Իններորդ պատճառը ազգի սփռվածությունն է, ինչը աշխատող ձեռքերի պակասի միջոցով ազդում է երկրի բնափոխության ուղղության վրա, շրջելով նրա զարգացումը դեպի հետ, դեպի բնակության համար անհարմարավետություն, կորցնելով իր գրավչությունը զարգացած հոգիների վերամարմնավորումների համար, ինչպես նաև ներկայումս բնակվող մարդկանց վանելով երկրից: Այս պատճառն իր հերթին հայերի մեջ օտարամոլության տարածման պատճառ է դառնում [14]: Վերոհիշյալները ազգի վատ ճակատագրի մեր նշած ինը պատճառներն են: Հայոց պատմության ուսումնասիրություններից և դրա իմաստասիրության որոնումներից բխած այդ պատճառները կարող են ինչ-որ լույս սփռել այն հարցի մութ կողմերի վրա, թե ինչու է Հայաստանը փոքր, թույլ և հետամնաց երկիր: Չէ՞ որ կար ժամանակ, երբ մեծ, ուժեղ և ամենազարգացած երկիրն էր: Աշխարհի բոլոր երկրները նախանձում էին նրան և ձգտում գրավել ու կողոպտել նրա հարստությունները: Եվ, ովքեր որ կարողանում էին, անում էին դա: Ամենազարգացածի դիրքը զիջելուց հետո էլ զարգացածների շարքում էր երկար ժամանակ: Այնուհետև անընդհատ ավելի ու ավելի հետ գնաց և հայտնվեց հետամնացների շարքերում: Լավ է, որ դեռ չենք հասել ամենահետամնացի դիրքին:

Կուզեինք հավատալ, որ միայն երկիրն է հետամնաց, իսկ հայ ազգը հետամնաց ազգ չէ: Սակայն ինչպես կարող էր զարգացած ազգը հետամնաց երկիր կառուցել, այն դեպքում, երբ երկիրն ու նրանում բնակվող ազգը մեկ ամբողջություն են: Երկիրը առաջ կամ ետ տանողը նրանում բնակվող ազգն է: Երկրի հետընթացը հենց ազգի հետընթացն է: Եթե ազգը թուլանում է, երկիրն էլ է թուլանում, եթե ազգը զարգանում է, երկիրը բարգավաճում է: Որո՞նք են հետամնացության պատճառները: Մենք նշել ենք ազգի վատ ճակատագրի պատճառներից ինը: Այդ պատճառների լուսաբանումն անհրաժեշտ է նոր սերունդներին հների սխալները չկրկնելու և հնարավորությունների սահմաններում դրանք սրբագրելու, ուղղելու համար:

Ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ազգերը սովորում են իրենց անցյալ կյանքի փորձով: Ամբողջ մարդկությունն էլ սովորում է իր ազգերի կյանքերի փորձով: Հայ ազգն էլ իր ներդրումն է ունենում մարդկության իմաստության ավելացման գործում: Աշխարհի երկրները միշտ ցանկացել են աղքատացնել, հետամնաց դարձնել Հայաստանը, իրենց կերակրող ու զարգացման օրինակ ծառայող երկիրը: Իրենք հարստացել են Հայաստանի հաշվին, ոչ միայն նրան միանվագ կողոպտելու, այլև դարերի ընթացքում հարկերով հարստահարելու հաշվին: Հայաստանը ինքնազոհաբերություն է կատարել իր գոյության ամբողջ ընթացքում, կերակրել, հարստացրել, մեծացրել, ուժեղացրել ու զարգացրել է ուրիշներին, առաջին հերթին իր հարևաններին, ապա նաև հեռավոր երկրներից իր վրա արշավածներին և իր հողերի վրա հաստատվածներին: Ակամա ծառայելով աշխարհի երկրների զարգացման գործին, նպաստելով դրան, Հայաստանը անընդհատ փոքրացել, թուլացել, աղքատացել և հետամնաց է դարձել:

Այլ կերպ չէր էլ կարող լինել նյութի պահպանման օրենքի համաձայն, եթե ինչ-որ մեկը հարստանում է, ապա ինչ-որ ուրիշը պետք է աղքատանա: Հարցերի հարցն է մնում այն, թե հայ ազգը ի՞նքն է ենթագիտակցաբար ընտրել այդ ուղին, թե՞ ինչ-որ հզոր ուժ դրդել է նրան դրան: Համաձայն մեր եկեղեցու ուսմունքի, աստվածն է կառավարում աշխարհը: Ուրեմն նա է արել դա. զոհաբերել է հայ ազգին հանուն ուրիշ ազգերի զարգացման և առաջընթացի, այսինքն` փրկության: Ուրեմն պարզ է դառնում, թե ինչու հայ ազգը առաջինը և մեծ նվիրումով ընդունեց այն ուսմունքը, որը զոհաբերում է աստծուն հանուն մարդկության փրկության կամ աստվածացնում է հանուն մարդկության փրկության իրեն զոհաբերած մարդուն: Որովհետև ինքն էլ ազգերի ընտանիքի մեջ էր ենթագիտակցաբար դարձել աստված և զոհաբերում իրեն հանուն մյուս ազգերի փրկության: Ինքն էլ է բախտակից այդպիսի աստծուն: Ընդունեց այդ ուսմունքը՝ քրիստոնեությունը, որպեսզի այն արմատավորվեր իր գիտակցությունում, իսկ հետագայում, երբ ենթագիտակցությունը վերածվեր գիտակցության, ավելի ճիշտ, երբ գիտակցությունը բարձրանար ենթագիտակցության աստիճանին, հայը կարողանար սփոփել իրեն այդ մտքով, որ իզուր, անիմաստ չի անցել իր զոհողությունը, այլ աշխարհի համար օգտակարությամբ, արդյունավետ: Իսկ ըստ հայ ազգի մեծ զորավար և իմաստուն Նժդեհի, ազգը ինքն է իր աստվածը:

Հետևաբար, ստացվում է, որ ուրիշը չի դրդել հայ ազգին, այլ ինքն է ընտրել իր համար այդ առաքելությունը: Բայց, ամենաքիչը մեկ բանով, այնուամենայնիվ, հայ ազգը հարուստ է: Դա նրա մշակույթն է: «Թեև հարևան երկու աշխարհակալ պետությունները ռազմական ուժով ընկճեցին Հայաստանը, բայց չկարողացան հաղթել հոգեպես» [1, էջ 85]: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ըստ հակադրությունների միասնության օրենքի, նյութական ոլորտում աղքատը և հետամնացը պետք է հարուստ լիներ հոգևոր ոլորտում: Եվ այդպես էլ կա, հայ ազգը հարուստ մշակույթի տեր է: Այդ մշակույթում կուտակված են հայ ազգի բազմահազարամյա կյանքի և գործունեության փորձը, իմաստությունը, գեղագիտությունը, մարդասիրությունը, հոգին, ոգին ու աստվածայնությունը, հազարամյակների ընթացքում կյանքի կողմից ընտրասերված բարձր արժեքները: Նաև այդ հարստության անգին գոհարներով է գեղեցկացել, բարձրացել ու զարգացել ամբողջ մարդկության մշակույթը: Ճիշտ է, ըստ մեկ այլ բնական օրենքի՝ մարդկանց մեծ մասը հետամնաց է, փոքր մասը՝ զարգացած, իսկ շատ ավելի փոքր մասը՝ շատ զարգացած: Այդ փոքր մասը կազմում են ազգի մտավորականները, գիտնականները, իմաստասերները, արվեստագետները և այլ ազգային ու հոգևոր գործիչները: Իսկ շատ փոքր մասը կազմված է վերոհիշյալ խմբերի ամենակատարյալ անդամներից, սերուցքից: Եվ նշանակություն չունի, թե հարուստ մշակույթի կրողները քանի հոգի են, կարևորն այն է, որ թեկուզ փոքրաթիվ կրողների մոտ այն շատ բարձր մակարդակի վրա է: Նրանք են ազգի մշակույթի դրսևորումներն իրականացնողները:

Սակայն կա ազգ և ժողովուրդ հասկացությունները: Եթե ազգի փոքր մասը հարուստ է մշակույթով, ապա ազգը հարուստ մշակույթ ունի, իսկ եթե ժողովրդի մեծ մասը հետամնաց է, ապա ժողովուրդն է հետամնաց: Իսկ եթե հետամնաց է ժողովուրդը, ապա հետամնաց է երկիրը, որովհետև երկրները և պետությունները մեծամասնության կարիքներն ու հոգսերն են ձգտում բավարարել, նրանց գիտակցության մակարդակով կառավարվել: Մանավանդ, երկար ժամանակ պետականություն չունեցած երկրում չէր կարող իմաստուն փոքրամասնությունը կառավարել, ոչ իմաստուն մեծամասնությունը թույլ չէր տա: Նաև կան ազգ և անհատ երևույթները: Ազգը կարող է բարձր մշակույթ ունենալ, իսկ նրա առանձին ներկայացուցիչները լինեն հետամնաց: Ահա թե ինչպես է, որ երկիրը հետամնաց է, իսկ ազգը առաջադեմ: Հետամնաց հոգիները գալիս են բարձր մշակույթով երկիր հենց նրա համար, որպեսզի զարգանան, կատարելագործվեն: Պարզապես նրանց մեծ մասի առաջընթացը շատ դանդաղ է իրականանում, որովհետև նյութական մարմինների փոքրաթիվությունը և երկրի փոքր սահմանները մեծ հնարավորություններ չեն տալիս դրա համար: Նաև այդ պատճառով է, որ հայերը դուրս են գալիս իրենց երկրից դեպի ուրիշ երկրներ, դրանով երկու առաքելություն կատարելով: Նախ, նրանք իրենց բարձր մշակույթն են տանում աշխարհի երկրներին: Բացի այդ, նրանց մեծ մասը այնտեղ լրացնում է իրենց երկրում գոյություն ունեցող բացը, այն է՝ շփվելով զարգացած երկրների զարգացած մեծամասնության հետ, ինքն էլ է զարգանում: Մշակույթների շփումից փոխադարձաբար հարստանում են երկու կողմերն էլ: Հավասարակշռության վերականգնումը ներդաշնակություն է հաստատում: Հայերը օտարներին տալիս են իրենց հոգեկանությունը, սրբությունը, բարոյականությունը, իսկ օտարներից ստանում նյութական հաշվենկատությունը, նյութական շահաձգտումը և հոգեկանին հակադիր այլ օգտակար հատկություններն ու կարողությունները, որոնց բացակայությունը պատմության ընթացքում խանգարել է նրանց ձգտել միայն իրենց օգուտին ու շահին:

Բայց ժամանակակից կյանքի փորձ չունենալու տեսակետից հետամնաց լինելը չի նշանակում վատ մարդիկ լինել, որովհետև նույնիսկ զարգացման այդ մակարդակի վրա հայերն ավելի մարդկային մարդիկ են, քան աշխարհի ազգերից շատերը, ուստի և շատ բան ունեն սովորեցնելու այլ ազգերի ներկայացուցիչներին: Չէ՛ որ մեծ տարածքով հայրենիքից զրկվելուց և մեծաքանակ ազգ լինել դադարելուց հետո դեռ այնքան էլ շատ ժամանակ չի անցել, ընդամենը մեկ դար: Այնպես որ, փոքրաթիվության վնասները, ձնագնդի նման գլորվելով, դեռ նոր պիտի մեծանան և միգուցե այն ժամանակ բացասականի մեծ քանակը վերածվի ցածր որակի:

Ամփոփ կերպով, առաջին պատճառը ամեն գնով անկախ պետություն ունենալու ձգտումն էր, երկրորդ պատճառը կրոնափոխ լինելն էր, երրորդը՝ եղբայրական ազգերի՝ իրանցիների հետ թշնամանալը, չորրորդը՝ նվաճողական քաղաքականություն չվարելը, հինգերորդը՝ պաշտպանական ռազմավարության սխալ կառուցումը, վեցերորդը՝ երկար դարերի ընթացքում պետություն չունենալը, յոթերորդը՝ երկրում ազնվական խավի բացակայությունը, ութերորդը՝ անընդհատ պատերազմների ընթացում ազգի քանակական նվազումը, իններորդը՝ ազգի սփռվածությունը: Ըստ որում, ամեն պատճառն ունի իր հետևանքը, որն իր հերթին ուրիշ հետևանքի պատճառն է դառնում, այդպիսով անընդհատ ավելացնելով բացասական հետևանքների մեծությունը և խորությունը, մեծ քանակներից հետո վերածվելով նոր, ավելի ցածր որակների:

Ուստի պատճառների շարքը կարելի է անընդհատ շարունակել: Եթե նույնիսկ պատճառների գործողության ժամանակագրական հերթականությունը այստեղ պահպանված չէ, ոչինչ, կարևորը դրանք գտնելը և ճանաչելն է, իսկ հերթականությունը կարելի է դասավորել ցանկության և ավելի մանրամասն վերլուծության արդյունքում: Բացի այդ, դրանք կարող էին գործել միաժամանակ, մինչև հաջորդ, հերթական հետևանքի առաջ գալը, որն իր հերթին ուրիշ հետևանքի պատճառն էր դառնում և կուտակվում պատճառների ծանրության մեջ, որն ավելի ու ավելի ետ էր քաշում հայ ազգին առաջընթացից:
Եվ այս բոլոր պատճառների շղթայական կապը, դրանց ամբողջությունը բերել է տխուր, վշտալի հետևանքների, այն է՝ երկրի և ազգի մեծ մասի կորստին: Հզոր էինք՝ թուլացանք, մեծ էինք՝ փոքրացանք, զարգացած էինք՝ հետ ընկանք զարգացման մեջ… Եղած փոքր մասն էլ վտանգված է հարևան թշնամական երկրների նկրտումների պատճառով:

Գրականություն

1. Իշխանյան Ռ. Ա. Պատկերազարդ պատմություն Հայոց: Գիրք Բ: Զրույցներ: (Դպր. միջին տարիքի համար).-Իշխանյան Ռ.: Նկ. Տ.Ա. Մուրադյան, լուսանկ.Վ.Հ.Ակունյանի: Եր.: Արևիկ, 1997.- 112 էջ: Նկ.:

2.Խաչատրյան Գ. Ա. Ազգային ճակատագրի պատճառը.-Առավոտ – Լուրեր Հայաստանից, 2.09.14.- https://www.aravot.am/2014/09/02/493302/:
3. Խաչատրյան Գ. Ա. Քրիստոնեության մասին.- Առավոտ – Լուրեր Հայաստանից, 1.05.14. https://www.aravot.am/2014/05/01/456730/:
4. Խաչատրյան Գ. Ա. Եկեղեցուն հակակշիռ չկա Հայաստանում.- Առավոտ – Նորություններ Հայաստանից, 19.09.13.- https://www.aravot.am/2013/09/19/387048/:​
5. Խաչատրյան Գ. Ա. Պատասխան այցելող Եհովայի վկաներին.-Առավոտ – Լուրեր Հայաստանից, 2.06.14.- https://www.aravot.am/2014/06/02/466580/:
6. Խաչատրյան Գ. Ա. Ազգային ճակատագրի պատճառներից մեկը.- Առավոտ – Լուրեր Հայաստանից, 2.02.15.- https://www.aravot.am/2015/02/02/537893/:
7. Խաչատրյան Գ. Ա. Լեզվի աղավաղման հետևանքներից մեկը.- Առավոտ – Նորություններ Հայաստանից, 1.08.13.- https://www.aravot.am/2013/08/01/272465/:
8. Խաչատրյան Գ. Ա. Ամոթալի երևույթներից մեկը «մերսի»-ն է.- Առավոտ – Նորություններ Հայաստանից, 2.12.13.- https://www.aravot.am/2013/12/02/410624/:
9. Խաչատրյան Գ. Ա. Հայաստանի անունը.- Առավոտ – Լուրեր Հայաստանից, 2.04.14.- https://www.aravot.am/2014/04/02/446440/:
10. Խաչատրյան Գ. Ա. Մարդկությանը Լենինի տված վնասները.- Առավոտ – Լուրեր Հայաստանից, 1.07.14.- https://www.aravot.am/2014/07/01/476249/:
11. Խաչատրյան Գ. Ա. Բարքերի ազատության իմաստասիրությունը.- Առավոտ – Լուրեր Հայաստանից, 3.11.14.https://www.aravot.am/2014/11/03/512187/:
12. Խաչատրյան Գ. Ա. Նկարված չեն Հայաստանի, հայ ազգի գլխավոր հերոսների մասին շարժանկարները.-Առավոտ – Նորություններ Հայաստանից, 1.07.14.-https://www.aravot.am/2013/05/27/ 247833/:
13. Խաչատրյան Գ. Ա. Բաց նամակ Տարոն Մարգարյանին. Երևանի գեղեցկացման առաջարկություն.- Առավոտ – Նորություններ Հայաստանից, 4.06.14.-https://www.aravot.am/2013/06/04/251076/:
14. Խաչատրյան Գ. Ա. Օտարամոլության վնասակարությունը.- Առավոտ – Նորություններ Հայաստանից, 4.11.13.- https://www.aravot.am/2013/11/04/402149/:

Գեղամ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31