Պաղեստինցի ռեժիսոր Ռաեդ Անդոնիի «Ուրվականների որսը» ֆիլմը (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար ) «Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերի մրցույթում է: Բեռլինի 67-րդ միջազգային կինոփառատոնում փառատոնի ողջ պատմության մեջ առաջին անգամ մրցանակ շնորհվեց լավագույն վավերագրական ֆիլմին, որը Ռաեդ Անդոնիի «Ուրվականների որսն» էր: Այն նվիրված է պաղեստինցիների ճակատագրին, ավելի ճիշտ` իսրայելական բանտերի նախկին դատապարտյալներին, որոնցից մեկն էլ ինքն է եղել: Ռեժիսորը պատկերել է այն բոլոր նվաստացումները, որոնք կրել են իր ֆիլմի հերոսները: «Բեռլինալեում իմ հաղթանակը զուտ անձնական չէ, այն բոլորիս տառապանքների ճանաչման խորհրդանիշն է»,- մրցանակը ստանալիս հայտարարել է նա:
Ռեժիսորը իր հերոսներին` Երուսաղեմի Մոսքոբիյա հարցաքննության կենտրոնի նախկին բանտարկյալներին գտել է թերթում հայտարարություն տալով: Աշխատանքը ֆիլմում ծանր է եղել թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական առումով: Մանավանդ Ռաեդ Անդոնին ևս հայտնվել է կինոխցիկի առաջ` ի մի բերելով Մոսքոբիյայում երեսուն տարի առաջ բանտարկվելու իր հուշերը:
Հավելենք, որ նա որպես անկախ պրոդյուսեր կինոյով զբաղվում է 2009 թվականից: Երկու պրոդյուսերական ընկերությունների համահիմնադիր է` Dar Films-ը Պաղեստինում եւ Les Films de Zayna –ն` Փարիզում:
Նրա «Ուղղիր ինձ» առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Սանդենս և Կաննի միջազգային կինոփառատոներում:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ