Լրահոս
Օրվա լրահոսը

Դուդուկը կրկին ջնջում է սահմանները (Տեսանյութ և ֆոտոշարք)

Հուլիս 01,2017 22:20

Արվեստում չկան սահմաններ, առավել ևս՝ երաժշտության մեջ: Այս օրերին դա ևս մեկ անգամ ապացուցեց ֆրանսիահայ երաժիշտ Ագոպը (Ֆրեդ Ազիլազյան), ով իր կատարմամբ ցուցադրեց, որ երգերի չքնաղ կոլորիտը, դրական, յուրահատուկ կերպով արտահայտելու ձևը, տարբերվող ռիթմերն ու սեփական աշխատանքից ստացած աներևակայելի հաճույքը բնորոշ են միայն իրեն:

Ագոպը ծնվել-մեծացել է Մարսելում, այնուհետև տեղափոխվել Փարիզ, ներկայացնում է ֆոլկ երաժշտության «խելահեղ» երանգավորումներ, հետաքրքիր լուծումների մի յուրօրինակ համադրություն:

Ագոպի երգերի հիմնական ու գլխավոր «զենքը» եղել և մնում է ամենուր սրտի և մարմնի ներդաշնակությունը, ինչի շնորհիվ երգչի ողջ ստեղծագործական (դեռևս կարճ) ուղին շարունակում է ուղեկցվել աներևակայելի հաջողություններով: Հարկ է նշել, որ Ագոպն արժանացել է Եվրոպա 1-ի մրցանակի՝ «Երիտասարդ տաղանդ» անվանակարգում, այնուհետև France 2-ում ունեցած ուղիղ ելույթից հետո՝ Ագոպի առաջին  “You Light Up My Way” սինգլը  iTunes-ում հայտնվել է լավագույն փոփ վաճառքի թոփ երեսնյակում:

Առանձնակի ուշադրության է արժանի Ագոպի նոր երգը՝ “Always On”, որտեղ համադրված է էլեկտրոն դուդուկի հետ, ինչպես երաժիշտն է ասում. «Գեղեցիկ համեմված հայկական հնչեղությամբ»: Այս երգում Ագոպն իր ամպուլայի մեջ է, իրեն զգում է ազատ, վստահ, ամառային, զարմանալի չէ, որ այն արդեն արժանացել է բազմաթիվ մարդկանց ուշադրությանն ու սիրուն: Երգիչը անտարբեր չի մնացել երաժշտական «կենդանի» գործիքների նկատմամբ: Գեղեցիկ ու ներդաշնակ հնչողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Ագոպը զերծ է մնում ժամանակակից «աղմկոտ» ինչ-ինչ երաժշտամիջոցներից:

Ի վերջո, ինչի՞ մասին է երգում Ագոպը: Գտնվելով երիտասարդության ամենաեռուն շրջանում՝ երգում է դրականի մասին, ինչը այսօր շատ է պակասում մեր կյանքում, փորձում է դուրս գալ միօրինակության և միատարրության «ճիրաններից» և նոր թափով շարժվում առաջ: Ուստի պետք է շնորհակալություն հայտնել նրան այդ ամենը մեզ հետ կիսելու համար. ոչ բոլորն են ունակ մատուցել իրենց դրականն այնպես, որ հաշվի չառնելով նույնիսկ ամենապարզունակ տողը, անցկացնես քո միջով այն: Սա եզակի ֆենոմեն է ժամանակակից երգարվեստում, ուստի Ագոպի երգերի գեղագիտական արժեքը շատ բարձր է: Հենց այս գործոնների շնորհիվ կարող ենք վստահ ասել, որ այս երգչի ստեղծագործությունները նույն սիրով կլսեն նաև տարիներ անց:

Լիանա ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31