Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարգանքը լինում է նաեւ մռութ ջարդելով եւ թուլա ասելով. ՕԵԿ-ականն արդարացել է, թե այդպես հարգել է կնոջը (Տեսանյութ)

Հուլիս 01,2017 17:44

Երեւանի ավագանու ընտրություններին 7/46 ընտրատեղամասում հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամ Արայիկ Գեւորգյանը «Առավոտի» լրագրողին սպառնացել էր ու վիրավորել՝ ասելով. «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր, թուլին նայի, անգրագետ» եւ այլն:
Մալաթիայի ոստիկանությունը որոշում է կայացրել այս առնչությամբ քրգործ չհարուցել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ընդ որում, տեւական ժամանակ, չնայած մեր դիմումին, որոշման օրինակն անգամ մեզ չէին տրամադրում, որ կարողանայինք բողոքարկել:
Երեկ վերջապես դատախազությունից, այն էլ՝ գլխավոր դատախազին բողոքելուց հետո միայն ստացանք որոշման օրինակը, որտեղ մի շարք ուշագրավ հանգամանքներ կան:

Տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ կուսակցության անդամ Արմեն Վարդանյանը, որը միջադեպի` Արայիկ Գեւորգյանի վիճաբանության ժամանակ ներկա է եղել, ավելին՝ հենց ինքն է բռնել Արայիկի ձեռքերը, որ հանկարծ չհարվածի, չհարձակվի ինձ վրա, ոստիկանությունում բացատրության մեջ նշել է, թե չի հիշում Արայիկ Գեւորգյանի եւ մեր միջեւ ինչ խոսակցություն է եղել, այսինքն՝ չի հիշում, թե ինչ է ասել Գեւորգյանը:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Հարություն Հախվերդյանը բացատրությունում նշել է, թե չի տեսել վիճաբանությունը, ԲՀԿ-ական անդամ Արսեն Մանուկյանը նույնպես հիշողության կորստի խնդիր ունի, չի հիշում, թե ինչ բառեր է ասել Արայիկ Գեւորգյանը լրագրողուհուն:
Բայց ամենաուշագրավը հենց իր՝ Արայիկ Գեւորգյանի բացատրությունն է, որը տեղ է գտել որոշման մեջ մեծ ծավալով. «Լրագրողուհի Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր» արտահայտություն հնչեցնելու վերաբերյալ Գեւորգյանը նշել է, որ ինքը ոչ ոքի չի սպառնացել, միայն բարձր տոնով վիճել է եւ նշված հայտարարությունը արել է՝ հարգելով, որ իր դիմաց կին է կանգնած»: Ավելին՝ Արայիկ Գեւորգյանը նշել է, թե մի բան էլ լրագրողն է իր հասցեին «անհիմն վիրավորանքներ» հնչեցրել:

Անհիմն վիրավորանք ասելով՝ հանձնաժողովականը նկատի ունի այն, որ ընտրատեղամասում իրեն հարցրել են՝ ինչո՞ւ են քվեաթերթիկները ձեզ բերում ցույց տալիս՝ մինչ քվեատուփի մեջ գցելը:

Որոշման մեջ որեւէ բառ չկա միջադեպի մասին հենց մեր բացատրությունից, թե ինչպես է տեղամասում իրեն պահել Արայիկ Գեւորգյանը: Բացի բացատրությունից, վիճաբանության մասին կա տեսագրություն, որտեղ հստակ երեւում է, թե ով իրեն ինչպես է պահել, բացի այդ, հետաքննիչին տրամադրել ենք նաեւ ձայնագրություն:
Մինչդեռ, հետաքննիչ Հալաբյանը որոշման մեջ եզրակացրել է, թե՝ «Արայիկ Գեւորգյանի եւ ԶԼՄ ներկայացուցիչների միջեւ 7/46 տեղամասում տեղի է ունեցել վիճաբանություն եւ բարձր խոսակցություն, որը տեւել է վայրկյաններ»:

Մինչդեռ նյութին կցված տեսագրությունների եւ ձայնագրության տեւողությունը միասին առնվազն 10 րոպե է, որի ժամանակ անընդհատ Արայիկ Գեւորգյանը գոռգոռում է, վիճում ու վիրավորում:
Եւս մեկ անգամ հրապարակենք այդ տեսագրությունները՝ ընտրատեղամասի հանձնաժողովների անդամների հիշողությունը թարմացնելու եւ հետաքննիչ Հալաբյանին վիճաբանության իրական տեւողությունը ֆիքսելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Դիտեցի տեսագրութիւնը:

    Մարդուն կոշտութիւնը, անկրթութիւնը, հետամնացութիւնը, աւելորդ կռուազանութիւնը, անճոռնի խօսելակերպն ու անվայել վարքագիծը, խորապէս անհաճոյ կերպարը, մինչես իսկ հաւանական կնատեացութիւնը, այս ամէնը պարզ ու բացայայտ է: Նաեւ ցաւալի է որ նա այդ աստիճան իր ջիղերին տէրը չէ, շատ արագ է պաղարիւնը կորսնցնում: Ափսոս որ այսպիսի մարդոց այդպիսի պաշտօն է վստահւում:

    Սակայն իսկապէ՞ս չէք հասկանում թէ ինչու իրեն ուղղած ձեր հարցումը, նամանաւանդ իր նման անձի մը համար, վիրաւորական է…

    Նախնական մարդուն երեսին, թէկուզ «հարցումի» դարձուածքով, խորքին մէջ ասում էք թէ ինք դիտումնաւոր ընտրական խարդախութիւն է կատարում: Ուզում էք զինք ըստ այնըմ «նեղը դնել»: Scoop մը ձեռք բերել…

    Ա՞յդ է արդեօք լրագրողի պաշտօնը, յատկապէս ընտրութեան մը ընթացքին:

    Նաեւ, ձեր հարցումը ուղղում էք իրեն երբ որ ան մի քանի այլ անձերի հետ թեժ, բուռն վիճաբանութեան մէջ է, անոնց վրայ ալ գոռում է վայրագօրէն, նոյն նիւթի կապակցութեամբ, նոյն հարցումի որպէս հակազդեցութիւն… Ի՞նչ կարծեցիք, որ դուք խօսիք, պիտի ամաչի, պիտի վախենայ, եւ յանկարծ մեղմօրէ՞ն պիտի պատասխանէ… Թէ ոչ, ստացաք ճիշդ ինչ որ ակընկալում էիք…

    Ի դէպ, այդ միւս անձերը որոնց վրայ վայրենին գոռում էր Ձեզմէ մի վարկեան առաջ, հուժկու տղամարդիկ են:

    Իսկ զայրացած մէկու մը ձեռք բռնելը անպայման չի նշանակում թէ նա պատրաստւում էր մէկին հարուածելու: Հանդարտեցնել փորձելու սովորական շարժում մըն է, անկախաբար միջադէպի մարմնային տարողութեան: Գնահատելի է այդ միջամտողի կնամեծարութիւնը: Կարող էր չխառնուել:

    Ներեցէք եթէ հաճելի չեն ըսածներս: Սակայն ձեւով մը նաեւ Ձեր օգտին համար են:

  2. Հռիփսիմե says:

    Հաճելի կամ տհաճ լինելու հարց չկա, Ձեր կարծիքն է, որը ես հարգում եմ: Բայց հավատացեք, հարց տալիս ես բնավ չէի ակնկալում, որ այդ մարդը պիտի գոռգոռար, ափերից դուրս գար: Ես ակնկալում էի քաղաքակիրթ պատասխան: Այնպես չէ, որ ստացա այն, ինչ ակնկալում էի: Դա ինձ ընդհանրապես պետք չէր: Չեմ կարծում, որ որեւէ լրագրողի, այն էլ այդ լարված օրը հաճելի է լսել նման վիրավորանքներ, իզուր նյարդայնանալ, չէ՞ որ մենք այդ օրը մինչեւ ուշ գիշեր աշխատում ենք: Եթե ամեն մի հանձնաժողովի անդամի հետ այդքան նյարդեր փչացնենք, էներգիա, մենք ընդհանրապես ուժ չենք ունենա մասնակցել քվեաթերթիկների հաշման գործընթացին:
    Եվ հետո, ես այդ տեղամասուըմ բազմաթիվ բաց քվեարկության դեպքեր արձանագրեցի, քվեաթերթիկը ցույց էին տալիս այդ հանձնաժողովականին եւ լրագրողի իմ պարտքն էր լսել նաեւ նրա տեսակետը, արդարացումը, եթե այդպիսին կա:
    Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31