Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին նվեր էր բերել: Երեկ ԱԺ-ում 2016-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումից հետո նա այդ նվերը հանձնեց՝ նախարարության տարեգիրքն էր, որը, ինչպես Վերահսկիչ պալատն էր արձանագրել, պետբյուջեի միջոցներով տպվել է եւ մնացել է նախարարության վրա: Օրինակ, 2015-ին հրատարակված 2100 տարեգրքերի կեսից ավելին՝ 1075 –ը մնացել է պահեստում:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ասաց. «Այդ գիրքը կշռում է 1 կգ. 200 գրամ: Գիրքը, որպեսզի մենք փոստով ուղարկենք, առնվազն 8 եվրո պետք է տանք՝ ուղարկելու համար: Մենք այդ գումարները չունենք, տպագրում ենք դա, այնուհետեւ սպասում ենք: Վերահսկիչ պալատը մեզ ստուգեց մայիս ամսին, մեր ծրագրերը տեղի են ունենում հուլիս-օգոստոս ամիսներին, հարյուրավոր մարդիկ գալիս են՝ տալիս ենք տանում են: Մենք ամբողջ տարվա ընթացքում ենք բաժանում:
Եթե կտաք մեզ ամեն կիլոգրամի համար էդքան եվրո ու մենք կկարողանանք տեղ հասցնել, որն ուղղակի աբսուրդ է՝ կուղարկենք: Մենք նախագահի օդանավն ենք օգտագործում, Բելգիա գնալիս մենք 30 արկղ գիրք ուղարկեցինք եվրոպական կառույցներին տալու»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, այնպես չէ՞, որ բյուջեի հաշվին դրանք տպվում են, հետո նկուղներում փտում են՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Վա՜յ, ի՞նչ եք ասում, ձեռքից ձեռք են փախցնում: Այդ գիրքն իրենց մասին է, իրենք կուզենան ունենալ, չէ՞»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ