Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագրի» ծրագրում կա թավշյա հեղափոխության դրույթ». Լենա Նազարյանը՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու մասին

Հուլիս 01,2017 15:18

«Պետք չի գոռալ Սե՛րժ, հեռացիր կամ ստատուսներ գրելու կարիքը չկա, անհրաժեշտ է գնալ Խորենացի փողոց եւ արտահայտել դիրքորոշում՝ հօգուտ Սերժ Սարգսյանի հեռացման»,- «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին այսպես կոչ էր անում քաղաքացիներին դուրս գալ փողոց, ըստ նրա, դա էր նպաստելու Սերժ Սարգսյանի հեռացմանը եւ հարցի հանգուցալուծմանը:

Այսօր Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ դուք նույն դիրքորոշո՞ւմն ունեք, որ փողոցային ճանապարհով է հնարավոր Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից: Նա պատասխանեց. «Մեր ուղերձը հանրությանը այն էր, որ այդ հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Մարդիկ կարող են դա արտահայտել իրենց ֆիզիկական ներկայությամբ՝ գալով այդ տարածք եւ ձեւակերպելով իրենց պահանջը: Եվ ես մնում եմ այդ կարծիքին, որ կամարտահայտության երկու տարբերակ կա՝ կամ մարդիկ գնում են ընտրությունների, ընտրատեղամաս, արտահայտում են իրենց կամքը կամ դուրս են գալիս փողոց եւ իրենց ֆիզիկական ներկայությամբ են արտահայտում իրենց պահանջը»:

Մեր հարցին՝ դուք այսօր տեսնո՞ւմ եք այդ երկրորդ տարբերակի հնարավորությունը՝ փողոցային ճանապարհով Սերժ Սարգսյանին հեռացնելու՝ նա պատասխանեց. «Այդ տարբերակը, որպես տարբերակ, միշտ կա մեր օրակարգում, բայց դրա հնարավորությունը ես չեմ տեսնում: Թեեւ ամեն ինչ կարող է փոխվել հենց հաջորդ օրը»:

Մենք հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, խոսելով Զարուհի Փոստանջյանի առաջարկած դիմադրության ճակատ ստեղծելու մասին, ասում էին՝ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, ուստի Լենա Նազարյանի կոչը, որ Սերժ Սարգսյանին հեռացնելու համար առավոտյան ժամը 8-ին եկեք Խորենացի փողոց, հակասության մեջ է մտնում նրանց մոտեցման հետ: Լենա Նազարյանի խոսքերով՝ «Մեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում կա թավշյա հեղափոխության դրույթ: Կա նաեւ ընտրություններով իշխանափոխության դրույթը: Մենք երկու տարբերակներն էլ ընդունել ենք: Մեր միակ անհամաձայնությունը այն է եղել, որ դա չպետք է լինի զենքի միջոցով՝ բռնի ուժով»:

Մեր հարցին՝ վերջին շրջանում շատ են խոսում թավշյա հեղափոխության մասին, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն է առաջարկել «Ելքին» միասին քննարկել, հնարավո՞ր է ընդդիմադիր դաշտը միավորվի այդ օրակարգի շուրջ՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, երեկ պարոն Հովհաննիսյանի եւս մի հարցազրույց լսեցի, որտեղ ինքը ասուլիս էր տալիս եւ հրավիրում էր բոլորին, նույնիսկ հանրապետական Կարեն Կարապետյանի անունը հնչեց: Ինչքան շատ է ինքը արտահայտում իր դիրքորոշումը տարբեր հարցերում, այնքան ես ավելի շատ եմ ապակողմնորոշվում իր ասելիքի հետ կապված»:
Նա ասաց, որ վերապահումով է մոտենում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31