Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վտանգաւոր իրողութիւններ. «Ասպարեզ»

Հուլիս 01,2017 11:36

Ինչպէս յայտնի է, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն, որում խորը մտահոգութիւն են յայտնել հրադադարի ռեժիմի խախտումների առնչութեամբ, որոնք տեղ են գտել նրանց՝ Բաքու այցի նախօրէին ու շփման գծում հերթական զոհերի պատճառ դարձել: Յիշեցնենք, որ Յունիսի 16ին եւ 17ին Ադրբեջանը դարձեալ կոպտօրէն խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդիւնքում զոհուել են 4 հայ զինծառայողներ:

Հարկ է ընդգծել, որ ալիեւեան ռեժիմի կողմից նախաձեռնուած 1994թ. հրադադարի մասին անժամկէտ համաձայնագրի ամենակոպիտ խախտումները վերջերս ձեռք են բերել սիստեմատիկ եւ անգամ համակարգային բնոյթ, ինչը չափազանց սրել է իրավիճակը ղարաբաղեան հակամարտութեան գօտում ու յանգեցրել երկու կողմերից մարտական կորուստների աճի: Եւ միանգամայն օրինաչափ է, որ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմի ամրապնդման ու նոր պատերազմ թոյլ չտալու համար, տագնապ են յայտնում իրադարձութիւնների հնարաւոր աղէտալի զարգացման առնչութեամբ: Դրութեան լրջութեան մասին է վկայում եւ այն փաստը, որ ԵԱՀԿ միջնորդներին իրենց համերաշխութիւնն են յայտնել միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնները, մասնաւորապէս ՄԱԿը եւ Եւրոպական Միութիւնը: Մինսկի խմբի համանախագահների Յունիսի 19ի յայտարարութիւնը իւրօրինակ կատալիզատորի (ներազդեցիկ, արագացնող ազդակ-Խմբ.) դեր խաղաց, որը նաեւ այլ ատեաններին մղեց միանալու իրենց:

Այսպէս, հրադադարի ռեժիմի խախտման վերջին դէպքերի կապակցութեամբ իր անհանգստութեան մասին յայտարարել է Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւնը: ՄԱԿի գլխաւոր քարտուղարի մամուլի փոխքարտուղարը նշել է, որ ՄԱԿը կիսում է Մինսկի խմբի համանախագահների մտահոգութիւնը՝ կապուած հակամարտութեան գօտում սադրանքների հետ, որոնց հետեւանքով արձանագրուել են մահացու միջադէպեր: Ընդգծւում է, որ ՄԱԿը միանում է համանախագահների կոչին առ այն, որ կողմերը խուսափեն հակամարտութեան յետագայ սրացումից եւ միջոցներ ձեռնարկեն լարուածութեան նուազեցման ուղղութեամբ: Համանման արձագանգ հետեւեց նաեւ ԱՄՆի պետքարտուղարութիւնից: Իր յայտարարութեան մէջ պետքարտուղարութիւնը, խիստ մտահոգութիւն յայտնելով հրադադարի ռեժիմի խախտումների կապակցութեամբ, որոնք բերել են բազմաթիւ զոհերի, կողմերին կոչ է արել «խուսափել իրավիճակի սրումից եւ խթանել շփման գծում ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին լարուածութեան նուազեցմանն ուղղուած միջոցների անյետաձգելի քննարկումը»: Ընդ որում, Վաշինգտոնը յիշեցրել է, որ կարգաւորումը պէտք է հիմնուած լինի միջազգային իրաւունքի, մասնաւորապէս՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան սկզբունքների եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի վրայ:

Բնականաբար, վերը նշուած միջազգային ատեաններին կարելի է ծափահարել օպերատիւ (ներգործող-Խմբ.) արձագանգի ու տարածաշրջանի ճակատագրերով անկեղծ մտահոգութեան համար, սակայն, ինչ որ բան, այնուամենայնիւ, հետ է պահում «խորը երախտագիտութեան զգացում» արտայայտելուց: Իսկ այդ զսպուածութեան պատճառն այն է, որ նման աւանդական արձագանգը՝ խաղաղասիրական յանձնարարականների ու մաղթանքների աւանդական հաւաքակազմով, հրադադարի ռեժիմի գլխաւոր խախտողի, ասել է թէ՝ Ադրբեջանի մօտ, դարձեալ աւանդական արձագանգ է յարուցում՝ բացայայտ քամահրանք: Բաքուն արդէն ոչ թէ ծուլօրէն վանում է իրենից խաղաղութեան ու միջազգային իրաւունքը յարգելու միջազգային միջնորդների կոչերը, այլ պարզապէս գրոշի տեղ չի դնում դրանք: Ինչից հետեւում է, որ ոչինչ չպարտադրող յայտարարութիւնների ժամանակները վաղուց են անցել, հասել է գործնական քայլերի ժամանակը, որոնք ի զօրու են իսկապէս երկարաժամկէտ խաղաղութիւն ապահովել տարածաշրջանում, եւ Մինսկի խմբի համանախագահները պէտք է վերանայեն իրենց նախկին մօտեցումները՝ հաշուի առնելով նոր, առաւել եւս՝ վտանգաւոր իրողութիւնները:

Հազիւ թէ կասկած է յարուցում այն, որ միջնորդները չեն նկատում, թէ որքան ջանադրաբար է սպառազինւում Ադրբեջանը՝ աւելացնելով իր առանց այն էլ ոչ քիչ ռազմական ներուժը: Ու հազիւ թէ նրանք չգիտեն պատից կախուած հրացանի դասական օրինակը, որը, ժանրի (գրական սեռ-Խմբ.) օրէնքների համաձայն, անպայման պէտք է կրակի պիէսի (թատերախաղի-Խմբ.) վերջին գործողութիւնում: Միթէ՞ համանախագահները մտադիր են անտարբերութեամբ սպասել, թէ երբ այն կը կրակի: Մինչդեռ կրակոցն այդ իրենով կը նշանաւորի մերձաւորարեւելեանին համանման լայնամասշտաբ պատերազմի նոր օջախի բորբոքում:

Իրադարձութիւնների նման զարգացման դէպքում խաղաղութեան հեռանկարները տարածաշրջանում, անկասկած, բաւականին հետ կը շպրտուեն, եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ստիպուած կը լինեն իրենց ողջ ուժերը նետել հրդեհը հանգցնելուն: Նման բեմագրի իրականացում թոյլ չտալու համար անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցներ, ու պէտք է սկսել թէկուզ փոքր, բայց արդիւնաւէտ քայլերից: Նման քայլերի շարքին, ինչի մասին բազմիցս խօսուել է, պատկանում են շփման գծում իրավիճակի մշտական մոնիտորինգի մեխանիզմի ներդրումն ու միջազգային դիտորդների առաքելութեան ընդլայնումը:

Ադրբեջանի մեղքով այդ խնդիրները մինչ օրս չի յաջողւում լուծել, նշանակում է՝ դեռեւս չի յաջողւում ստեղծել նաեւ անհրաժեշտ պայմաններ բանակցութիւնների շարունակման համար: Կը կարողանա՞ն Մինսկի խմբի համանախագահները կատարել այդ քայլերը, թէ Ադրբեջանը վերջին քայլը կ՛անի դէպի մեծ պատերազմ: Սա ամենեւին էլ դատարկ հարց չէ, անգամ կարելի է ասել, էգզիստենցիալ (գոյութենական, գոյացական-Խմբ.) հարց է: Համանախագահներից յաճախ ենք լսում հակամարտութեան խաղաղ հանգուցալուծման համար քաղաքական կամք դրսեւորելու՝ կողմերին ուղղուած կոչեր: Այստեղից հռետորական հարց. արդեօք միայն կողմե՞րը պէտք է դրսեւորեն նոյն այդ քաղաքական կամքը:

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Ասպարեզ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31