Լրահոս
Օրվա լրահոսը

Մտածում էի

Հուլիս 01,2017 16:30
merujan Ter-Gulanyan

Հերթական ասպատակություններից մեկի ժամանակ Լենկ Թեմուրը Հայաստանից գերեվարեց նաեւ մի խորհրդավոր քարե հուշարձան, որն առավոտյան լույսի տակ երեւում էր որպես նորաթուխ պատանի, կեսօրին՝ հասուն տղամարդ, երեկոյան՝ զառամյալ ծերունի: Քարարձանը խորհրդանշում էր ոչ միայն մարդու կյանքը, այլ նաեւ ժողովուրդների կյանքի շրջանները:

Հիշելով այդ ավարառությունը՝ մտածում էի. որտե՞ղ էինք մենք այն ժամանակ, երբ Լենկ Թեմուրը մեզանից տարավ տարիքը մեր, որտե՞ղ ենք մենք հիմա, մեր չհասկացված ցեղի կյանքի ո՞ր հատվածում:

Մտածում էի ու ինքս ինձ համոզում, որ մենք հասուն տղամարդու շրջանում ենք. այսինքն թե՝ կարող ենք ինքնուրույն որոշում կայացնել եւ չընդունել դրսի պարտադրանքը, քանի որ մի անգամ ընդունած պարտադրանքը ենթադրում է շարունակականություն:
Համոզում էի ինձ ու հավատում, որ հույսներս այլեւս չենք կապի նարդու պատահականության զառի հետ, այլ կմիանանք վաղուց արդեն շախմատ խաղացող աշխարհին, եւ ինչպես հոգատար հայրն է օրինակ դառնում իր ընտանիքի ու զավակների համար, այդպես էլ իշխանությունները, թերեւս, կնայեն ժողովրդին:
Ամեն անգամ վերադառնալով մեր պատմությանը, ինչքան էլ տխուր է, ես համոզվում եմ, որ լինելով մեր թիկունքում՝ ափսոս, նա է, պատմությունն է առաջնորդում մեզ: Այնինչ ամբողջ խնդիրն այն է, որ ապագան է, որ պիտի գնահատի եւ ճանաչելի դարձնի անցյալը մեր:
Եվ հիմա դեպի ո՞ւր է ուղղված ապագայի մեր հայացքը:

Եվ ո՞վ է այսօր մեր մեջ, որ պիտի բարբառի, թե իմ ապագան է կերտում իմ արժանապատիվ անցյալը:

Եվ հուշի, կնքի, հաստատի, թե ինչպե՞ս անել, որ սեփական երկրից տարիների ընթացքում ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում օտարացած մարդկանց վերադարձնենք տուն, նորից սեր ու հավատ ներշնչենք սեփական երկրի հանդեպ, որպեսզի նրանք ոչ թե հաշտ ու օտար հայացքով ընդունեն միայն սեփական անցյալն ու պատմությունը՝ որպես ծնող, այլ չմոռանան ամենակարեւորը՝ հայրենիքը, որը մեր՝ բոլորիս երեխան է եւ մեր ամենօրյա հոգածության ու սիրո կարիք ունի:

Մտածում էի նաեւ եւ շատ էի ուզում հավատալ ոգով այն ուժեղին, որ արժանապատվորեն տեր կկանգնի իր խոսքին, երկրի թույլին ու ուժեղին եւ ինքնուրույն որոշում կայացնելու կամք կունենա: Մնում է, որ ուժեղը ձեւակերպի իր ուժը…

Մտածում էի:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

30.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31