Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավագ դպրոցի հարակից տարածքում փորձել էին սեռական հարաբերություն ունենալ

Հուլիս 01,2017 15:30

Երբ մարզի դատախազը խնդրում է վերաքննիչից
իր դատախազի դիմումը թողնել առանց քննության

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել տեղաբնակ երեք երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը:
Այս գործն ըստ էության դեռ չի սկսվել, քանի որ առաջին- երկու ատյանի դատարանները երկու տարի է՝ զբաղված են մեղադրյալների խափանման միջոցը ամսեամիս փոփոխելով, «թարմացնելով»: Բնականաբար, այդ նիստերը հիմնականում դռնփակ են լինում:
Երիտասարդներն ավագ դպրոցի հարակից տարածքում փորձել էին մի աղջկա նկատմամբ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ: Տղաներից մեկը ապտակել եւ սպառնալիքներ էր տվել աղջկան, սակայն երբ այդ ժամանակ ակամայից այդ տարածքում հայտնված մեկը փորձել էր հանդիմանել տղաներին, պաշտպանել աղջկան, նրանք դադարեցրել էին իրենց գործողությունները, իսկ աղջիկն էլ դիմել էր փախուստի:
Ամիսներ առաջ վերաքննիչ քրեական դատարանում էր դատախազի բողոքը: Բողոքը կրկին վերաքննիչում է եւ կլսվի դատավորներ Ա. Ազարյան, Ա. Խաչատրյան, եւ Տ.Սահակյան կազմով:

Մեղադրյալներից մեկի համար որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը` 2 ամիս ժամկետով: Իսկ մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմած պաշտպանի միջնորդությունն էլ՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, մերժվել էր:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու ժամկետը երկրորդ անգամ երկարացվել է 1 ամիս ժամկետով: Երբ ժամկետը լրացել էր, դատարանը կրկին երկարացրել էր կալանքի ժամկետը, այս անգամ երկու ամիս ժամկետով:

Ի վերջո, պաշտպան Ա. Ադամյանի միջնորդությունը բավարարվել է` մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով, որը կազմում էր նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` 500.000 դրամ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի կիրառելիության մասով առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է, մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի` օրինական ուժի մեջ է թողնվել պարբերաբար, ամսեամիս փոխվող կալանքը:

Այդ ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Սարգսյանի որոշմամբ մեղադրյալին առաջադրված մեղադրանքը փոխվել է եւ նրան առաջադրվել է նոր մեղադրանք, այն է՝ նա իր երկու ընկերների հետ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքով փորձել են գյուղի բնակչուհու հետ ունենալ սեռական հարաբերություն: Գրավը վերացվել է:
Նկատենք, որ մեղադրյալը անչափահաս էր եւ հետեւել էր մեկ այլ միջնորդություն էլ՝ «Ծնողի հսկողությանը հանձնելու մասին» խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը, ինչը մերժվել է: Նորից գործի է դրվել գրավի միջնորդությունը:
Այս տարվա հունվարի 26-ի քրեական գործի դատական քննության ընթացքում, մեղադրյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց առաջին ատյանի դատարան` խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնել եւ այն փոխարինել մեկ այլ` անազատության հետ չկապված առավել մեղմ խափանման միջոցով, իսկ այն չբավարարելու դեպքում գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:
Առավել տարօրինակ բողոք ստացվեց մարզից. ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վ.Գրիգորյանը խնդրել էր մարզի դատախազության դատախազ Հ. Փարսադանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել վերադաս դատախազը:
«Թեեւ ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վ.Գրիգորյանը վերաքննիչ դատարանում դատական նիստը սկսվելուց հետո է խնդրել ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազ Հ. Փարսադանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության, այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն ստացվել, գտնում է, որ վերաքննիչ վարույթը ենթակա է կարճման, քանի որ հակառակ մոտեցման պարագայում ստացվում է, որ վերաքննիչ բողոքը պետք է քննել ըստ էության, ինչի արդյունքում վերաքննիչ բողոքը կարող է մերժվել միայն անհիմն լինելու դեպքում, իսկ հիմնավոր լինելու պայմաններում այն կարող է բավարարվել եւ դա այն դեպքում, երբ դիմողը հրաժարվել է դրանից: Ավելին` հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը վերաքննիչ բողոքի մերժում` վերաքննիչ բողոքից հրաժարվելու դեպքում չի նախատեսում»,-ասված էր վերաքննիչ դատարանի կայացրած նոր որոշման մեջ:

Հետեւաբար, Տավուշի մարզի դատախազության դատախազ Հ. Փարսադանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա սկսված վերաքննիչ վարույթը կարճվել է:

Ի դեպ, վերաքննիչ դատարան դիմած մեղադրյալի պաշտպանը հայտնել էր, որ Տավուշի մարզի դատախազության դատախազ Հ. Փարսադանյանը սույն քրեական գործով որպես մեղադրող կողմ չի ներգրավվել եւ որպես այդպիսին՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունք կամ իրավասություն չի ունեցել:

Անդրադառնալով գործը կարճող դատավոր Մ.Պապոյանի իրավական գնահատականներին, նշենք, որ նա հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման 26-րդ կետին՝ «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետեւյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
ա) շարունակվում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.
բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսեւորվել է անհրաժեշտ ջանասիրություն` ապահովելու գործի քննության ընթացքը»:

Ըստ Մ.Պապոյանի որոշման պատճառաբանական մասի. «Տվյալ գործով կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ»:

Կարճման որոշման համաձայն. «Առաջին ատյանի դատարանը հաշվի առնելով այն, որ ամբաստանյալն անչափահաս է, ունի մշտական բնակության վայր, չի խոչընդոտել դատական քննությանը, եկել է այն եզրահանգման, որ նման պայմաններում գրավի կիրառումը պետք է ճանաչել թույլատրելի եւ այն կարող է ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը դատական քննության ընթացքում»:

Նշենք, որ անչափահասը մեկ այլ քրեական գործով դատապարտվել էր ազատազրկման 4 տարի ժամկետով եւ պատժից պայմանական ազատվել էր:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

30.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31