Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ գիտնականը տարակուսած է, որ Հայաստանում ծխում են հղիների ու երեխաների կողքին

Հուլիս 01,2017 15:00

Ծխելու վնասների ու օրգանիզմի վրա նիկոտինի բացասական ազդեցության մասին բազմաթիվ հոդվածներ են գրվել: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ծխելու հետեւանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որից 600 000-ը՝ պասիվ ծխելու պատճառով, իսկ ԱՄՆ-ի Հիվանդությունների հսկման եւ կանխման կենտրոնի՝ ծխախոտի օգտագործումը կարող է վաղաժամ մահվան կարեւոր պատճառներից մեկը լինել:

Անդրե Տեր-Ավագյանը ԱՄՆ-ում աշխատող հայազգի գիտնական է, Սան Դիեգոյի համալսարանի հոգեբուժության ամբիոնի գիտաշխատող է: «Առավոտի» հետ զրույցում գիտնականն ասում է, որ իրենց լաբորատորիայում, որը 100%-ով ֆինանսավորվում է պետության կողմից, ուսումնասիրություններ են իրականացնում մկների վրա, թե ուղեղում ինչպիսի փոփոխություններ կարող են լինել նիկոտինի ազդեցությամբ եւ արտահայտվել վարքագծում: Անդրե Տեր-Ավագյանն ասում է, որ մկների ու մարդկանց ուղեղները նման են, ու բոլոր ուսումնասիրությունները նրա համար են, որ պարզեն, թե ինչպես է փոխվում վարքագիծը՝ կախվածության, մասնավորապես թմրամոլության, դեպրեսիայի եւ շիզոֆրենիայի դեպքում: Հայազգի գիտնականը հսկայական փորձ է կուտակել, որը փոխանցում է ոչ միայն ուսանողներին, այլեւ «կիսում» գործընկերների հետ: Նրան մտահոգում են նաեւ «պասիվ ծխողները», որոնց իրավունքները, փաստորեն, ոտնահարվում են: Նա տարակուսած է, որ հատկապես Հայաստանում մարդիկ կարող են ծխել երեխայի կամ հղի կնոջ կողքին նստած: Ընդ որում, չծխողների մոտ 80%-ը ենթարկվում է պասիվ ծխելու ազդեցությանը տանը ու հասարակական վայրերում: Հայկական արժեհամակարգը թույլ չի տալիս հյուրին արգելել բնակարանում ծխելը, եթե անգամ տանտերերը ծխող չեն:
Գիտնականը պատմում է, որ երբ մկներին սովորեցնում են նիկոտինի, շաբաթներով «սնում» են նիկոտինով, նրանք սկսում են ավելի դանդաղ որոշումներ կայացնել, փաստորեն, վարքագիծը էականորեն փոխվում է, բայց նիկոտինից ձերբազատվելուց հետո նրանք կրկին նորմալ վարք են դրսեւորում: Այդպես էլ մարդկանց պարագայում է: Մասնագետի խոսքով, միայն սկզբում է թվում, թե առանց ծխախոտի նրանք կյանք չունեն, կարեւորը կամքի ուժ ունենալն է՝ ծխախոտից հրաժարվելու համար:

Անդրե Տեր-Ավագյանից պարզեցինք, որ գիտական լաբորատորիաները ֆինանսավորվում են պետության կողմից, սակայն որոշներին տրվող պետական գումարները կրճատվել են, ինչ վերաբերում է գիտության ոլորտ գնացող երիտասարդներին, համալսարանն ավարտած ամերիկացիները հիմնականում ձգտում են ավելի բարձր վարձատվրող աշխատանքների: «ԱՄՆ-ում գիտնականները հիմնականում ուրիշ երկրներից են: Ես ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց միակ ամերիկացին եմ մեր լաբորատորիայում, հիմնականում Չինաստանից եւ Եվրոպայից են ԱՄՆ-ում աշխատող գիտնականները»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա նաեւ մի հետաքրքիր դրվագ հիշեց. գիտական հավաքներից մեկի ժամանակ անդրադարձ է եղել այն թեմային, որ ԱՄՆ-ում իրավիճակ է փոխվել, ամեն տեղ չէ, որ կարող են ծխել, ծխախոտն ավելի քիչ է իրացվում, դպրոցներում չեն ծխում եւ այլն: Անդրե Տեր-Ավագյանը պատմեց, որ այդ պահին մի շատ հայտնի սեւամորթ գիտնական այլ փաստարկ է բերել այն մասին, որ ծխողների թիվը պակասել է «սպիտակ» եւ ապահոված ամերիկացիների շրջանում, մինչդեռ սոցիալական ծանր պայմաններում ապրող սեւամորթների շրջանում եւ ուրիշ երկրներում ծխողները շատացել են: Նա փաստել է, որ ԱՄՆ-ում ծխախոտ վաճառող ընկերություններն իրենց արտադրանքն այլ երկրներում են իրացնում, ու ծխախոտը մնում է պահանջված շատ երկրներում:
Անդրե Տեր-Ավագյանը փաստում է` մարդիկ սթրեսի ժամանակ ավելի շատ են ծխում, իսկ հայերի կյանքում սթրեսները շատ են: Պետությունն էլ չի կարող օրենքով արգելել ծխախոտի արտադրությունը:

Ի դեպ, վերջերս կայացած ասուլիսում, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը փաստել էր, որ հայերը ծխող ազգ են, նաեւ հավելել, որ հանձնարարական ունի ՀՀ նախագահից եւ վարչապետից, իր ձեւակերպմամբ՝ պատերազմ հայտարարել ծխելու դեմ. «Հարցը դրված է հետեւյալ կերպ՝ ծխողների քանակը նվազեցնել 30-40 տոկոսով»:
Նախարարը նաեւ ասել էր, որ պայքարի լավագույն միջոցը «գրպանին կպնելն» է. «Արգելելով այս կամ այն վայրերում ծխելը, տուգանելն ամենալավ ազդեցությունը կունենա, իսկ ընտանիքները կհարստանան՝ ծխելը թողնելով»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

30.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Araqel says:

    Հայաստանից ավելի շատ ծխող կոնկրետ ինձ հանդիպել է մեկ էլ Բուլղարիայում:
    Բուլղարիայում տպավորություն էր, որ մարդ ծխախողը բերանին է ծնվում ու երբևէ բերանից չի հանում:
    ………
    Իսկ ԱՄՆ-ո՞ւմ, … հա թարգել են ծխելը ու մասսայաբար անցել մարիխուանի

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Ծխելը հայոց մեր ազգի գլխավոր չարիքներից մեկն է: Մենք ամեն օր միլիոնավոր դոլարներ ենք ծխի վերածում փչացնելով առողջությունն ու ապրելակերպը: Պետական մակարդակի պայքարի անհրաժեշտություն կա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31