Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեմիերա՝ հոբելյանի առիթով (Ֆոտոշարք)

Հուլիս 01,2017 14:30

«Բարեկամությունը» նշում է հիմնադրման 30-ամյակը

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը պատրաստվում է իր հիմնադրման 30-ամյակին նվիրված երեկոյին: Հոբելյանական միջոցառումը կկայանա հուլիսի 5-ին, Ազգային օպերային թատրոնում:
1987թ. հայկական պարարվեստի երախտավոր Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բարեկամությունը»: Արդեն երեք տասնամյակ հայկական ազգային պարը այս կոլեկտիվը ներկայացնում է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծել են նոր ուղղություն մեր ժամանակակից պարարվեստում: Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Մանսուրյանի, Ա. Տերտերյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Ալթունյանի, Ա. Գեւորգյանի, Ռ. Ամիրխանյանի, Գ. Հախինյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումների հիման վրա: Բացի ժողովրդական, հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա իրականացված բեմադրություններից, «Բարեկամությունը» ներկայացել է նաեւ Մոցարտի, Ա. Բորոդինի, Էլթոն Ջոնի, Կառլ Օրֆի եւ այլ հեղինակների ստեղծագործություններով բեմադրված համարներով:


Անսամբլը ստեղծման առաջին իսկ տարիներից հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում՝ ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան, Հնդկաստան, Իտալիա, Անգլիա, Չինաստան, Ֆրանսիա եւ այլն, արժանապատվորեն ու պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնելով հայկական պարարվեստը: «Բարեկամությունը» պարբերաբար մասնակցում է պետական տոներին եւ տարբեր հոբելյաններին նվիրված միջոցառումների ու համերգների, փառատոների: Որպես փառատոնային նվաճում նշենք 2013 թ. Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային փառատոնում անսամբլի ստացած Գրան պրին:


Այսօր էլ «Բարեկամությունը» Հայաստանում ամենաակտիվ ստեղծագործական եւ համերգային գործունեություն վարող կոլեկտիվներից է: Հնարավոր չէ թվարկել անսամբլի 30-ամյա գործունեության յուրաքանչյուր էջը, այնուամենայնիվ, փաստենք մի քանիսը. 2014-ին անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի քաղաքներում, որտեղ արժանացել է ինչպես ֆրանսահայ, այնպես էլ օտարազգի հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին, 2015թ. իրականացրել է «Երգենք եւ պարենք հանուն խաղաղության» փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել է «Բարեկամության կամուրջներ» խաղաղասիրական համերգը՝ Եվրոպայից եւ Արեւելյան գործընկերության 8 երկրներից ժամանած 40 արտիստների մասնակցությամբ:
Անսամբլի բարձրակարգ մակարդակի եւս մի փաստ. 2009թ.-ից «Բարեկամությունը» ներգրավվեց Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով «Սպարտակ» բալետի բեմադրական աշխատանքներում եւ մինչ օրս մասնակցում է Ազգային օպերային թատրոնի խաղացանկային այս ներկայացմանը:


«Առավոտի» խնդրանքին ի պատասխան, թե հանդիսատեսին ի՞նչ է սպասվում «Բարեկամության» կայանալիք հոբելյանական երեկոյին, անսամբլի արտաքին կապերի գծով պատասխանատու Քրիստինե Ոսկերչյանը փոխանցեց, որ երեկոյի առաջին բաժնում «Բարեկամությունը» հանդես կգա Շվեդիայից հրավիրված բալետի արտիստներ Մարիկո Կիդայի եւ Վահե Մարտիրոսյանի հետ համատեղ, իսկ երկրորդ բաժնում պրեմիերա է. կներկայացվի «Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացումը Արամ Խաչատրյանի եւ Մակար Եկմալյանի երաժշտությամբ: «Նորայր Մեհրաբյանի լիբրետոյով բեմադրությունն իրականացրել է ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի արքայական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը, որը հանդես կգա նաեւ մենապարով: Բեմանկարիչն է Յուրի Ժուկովը, զգեստներինը՝ Ռուբինե Հովհաննիսյանը: Արա Գեղեցիկի դերապարով կներկայանա Բավարիայի պետական թատրոնի մենապարող Տիգրան Միքայելյանը, Շամիրամի կերպարում՝ Աննա Քալաշյանը»,- հայտնեց Քրիստինե Ոսկերչյանը:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31