Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը». Կարեն Կարապետյան

Հունիս 30,2017 21:50

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առթիվ:

Շնորհավորական ուղերձում վարչապետ Կարապետյանը նշել է.

«Հարգելի պարոն Միլս, տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանության աշխատակիցներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Սա կարևորագույն տոն է ցանկացած ժողովրդի համար:

Այս տարի մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման  25-ամյակն է, և դա լավ առիթ է մեր համատեղ անցած ճանապարհին հետադարձ հայացք նետելու համար: Լավ առիթ է ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերված և ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար:

Մենք մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով այն շարունակական է և զարգանալու միտում ունի: Միացյալ Նահանգները Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Համագործակցության առաջխաղացման համար  ունենք լավ հարթակներ՝  Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը և Ներդրումների ու առևտրի շրջանակային համաձայնագրի խորհուրդը, որոնք կարող են լինել ավելի արդյունավետ:

Լիահույս ենք, որ մենք այս հարթակներն օգտագործելով՝ կարող ենք նպաստել ամերիկյան ներդրումները դեպի Հայաստան բերելու գործընթացին: Հայաստանը բարձր է գնահատում այն  դերակատարությունը, որը Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին և ԱՄՆ քաղաքացիներին,  ովքեր  մեծապես նպաստում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը և մեծ ավանդ ունեն այդ գործում:

Ավարտելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի, ջերմ ընդունելության,  այս մթնոլորտի համար: Պարոն դեսպանի թույլտվությամբ ցանկանում եմ խոսել մեր գործընկերային հարաբերությունների մասին: Իրականում մենք ունենք շատ լավ, աշխատանքային, գործընկերային, ազնիվ և անկեղծ հարաբերություններ: Շատ ուրախ եմ դրա համար և պատրաստակամ եմ այն շարունակել: Մենք շատ բաց և անկեղծ խոսում ենք մեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և բոլորին մաղթում եմ լավ տրամադրություն»:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930