Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՀԻ-ն կոչ է անում ՀՀ ոստիկանապետին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապագայում բացառելու ամբաստանյալների նկատմամբ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառումը

Հունիս 30,2017 20:30

Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման գործով՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 28-ի դատական նիստի օրը ոստիկանները բռնություն են կիրառել «Սասնա ծռեր» խմբավորման 5 անդամների՝ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ վերջիններս մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենքի գործադրմամբ ՊՊԾ գնդի շենքը զավթելու և պատանդներ վերցնելու մեջ:[1]

Միջադեպը եղել է այն բանից հետո, երբ նիստերի դահլիճում Արեգ Կյուրեղյանը փորձել է իր պաշտպանին փոխանցել գրություն՝ հայտնելով, որ այն փաստաբանական գաղտնիք է պարունակում: Ուղեկցող գումարտակի ոստիկաններն առգրավել են թուղթը[2], ըստ պաշտոնական վարկածի՝ կանխելով Սմբատ Բարսեղյանին արգելված իր փոխանցելու փորձը:

Տեղի ունեցածն առաջացրել է ամբաստանյալների վրդովմունքն ու բողոքը: Նրանց կարգի հրավիրելու համար ոստիկանները ֆիզիկական ուժ են գործադրել: Ընդ որում, բռնի ուժ է կիրառվել ոչ միայն դահլիճից հեռացնելիս, այլև՝ ամբաստանյալների համար նախատեսված խցերում: Ըստ պաշտպանների հայտարարությունների՝ 10-15 ոստիկան Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանի գլխավորությամբ խցերում շարունակել են ծեծը, որի արդյունքում Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը, Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Վնասվածքներն արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներում մարմնական զննության ժամանակ, ինչպես նաև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից[3]:

Մինչդեռ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ վնասվածքները (քերծվածքները) հնարավոր է առաջացած լինեին ամբաստանյալների կողմից խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելու կամ ոստիկանության կիրառած ուժի արդյունքում:[4]

Միջադեպի վերաբերյալ նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:[5]

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) մտահոգված է տեղի ունեցած միջադեպով և կարծում է, որ անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան մարմինները բազմակողմանի քննություն անցկացնեն, պարզելու՝ արդյո՞ք ոստիկանության կողմից կիրառված ուժն անհրաժեշտ և համաչափ է եղել:

ՔՀԻ-ն կոչ է անում.

ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝  իրականացնել ոստիկանների գործողությունների անաչառ և թափանցիկ քննություն՝ ուղեկցող գումարտակի գործողությունների օրինականությունը և համաչափությունը պարզելու, և, անհրաժեշտության դեպքում, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

ՀՀ ոստիկանապետին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապագայում բացառելու ուղեկցող գումարտակի ոստիկանների կողմից ամբաստանյալների նկատմամբ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառումը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

[1] Քր. Գործին և մեղադրական եզրակացության կարող եք ծանոթանալ datalex.am կայքում, գործի համար՝ ԵԷԴ/0039/01/17

[2] «Դատավարությունը շուռ տալ և վերածել ռեժիմի մահավճռի.  Ինչ է գրված եղել փաստաբանի մոտ հայտնաբերված թղթում»: Հղումը՝ https://lurer.com/?p=259066&l=am

[3] ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակում՝ https://mobile.facebook.com/story.php?story_fbid=704669243053876&substory_index=0&id=535326509988151

[4] Ոստիկանության պաշտոնական հայտարարությունը՝ https://www.police.am/news/view/hy292017.html

[5] «Սասնա ծռերի» գործով դատարանում տեղի ունեցած միջադեպերով իրականացվում է քննություն»: Հղումը՝ https://news.am/arm/news/397859.html

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930