Հունիսի 30-ին լիբանանահայ գործիչներ տեր և տիկին Սարգիս և Զվարթ Նաջարյանները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Զվարթ Նաջարյանի՝ «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության կենտրոնական վարչությունում, Հայ Կաթողիկե եկեղեցու կրթական խորհրդում և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում ծավալած մեծածավալ գործունեությունը:
«Տիկին Զվարթն իր ողջ կյանքը նվիրել է հայ մանուկների կրթության և դաստիարակության գործին: Իր ամուսնու՝ հայ լրատվական դաշտի վաստակաշատ խմբագիր Սարգիս Նաջարյանի հետ նա կյանքի փառահեղ ճանապարհ է անցել՝ Լիբանանի հայկական համայնքում իրականացնելով հայապահպան կարևոր առաքելություն», -նշեց նախարարը:
Սփյուռքի նախարարը առանձնակի կարևորեց «Հայկական Կարիտաս»-ի գործունեությունը՝ նշելով, որը իր ստեղծման օրվանից կառույցը անմիջական աջակցություն է տրամադրել հազարավոր մարդկանց Հայաստանի համայնքներում:
Բարձր գնահատելով Հայաստան-Սփյուռք գործակցությանը մատուցած ծառայությունները, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունները և ազգային հասարակական գործունեությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը Զվարթ Նաջարյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Զվարթ Նաջարյանը նշեց. «Այս պահն ինձ համար ոչ միայն ուրախություն և պատիվ է, այլև պատասխանատվություն՝ շարունակել ծառայելու իմ ժողովրդին: Այսօր Հայկական Կարիտասը ամուր հիմքեր ունեցող կազմակերպություն է` հստակ սահմանված առաքելությամբ և ռազմավարական ուղղություններով: Մենք պիտի շարունակենք մեր հայանպաստ գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում: Ազգաշեն գործունեությամբ է զբաղվում ՀՀ սփյուռքի նախարարությունը, իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը առաքելություն է իրականացնում»:
Այնուհետև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն անդրադարձավ Հայ Կաթողիկե Պատրիարքության Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի և լրատվական գրասենյակի վարիչ-քարտուղար, «Մասիս» ամսաթերթի խմբագիր Սարգիս Նաջարյանի գործունեությանը՝ նշելով, որ Սարգիսը երկար տասնամյակներ խմբագրել է ՍԴՀԿ գլխավոր պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթը (Լիբանանյան պատերազմի ժամանակ միայնակ է խմբագրել թերթը), սփյուռքահայ այլ պարբերականներում հանդես է եկել հայությանը հուզող խնդիրների մասին բազմաթիվ հրապարակումներով:
Աստղիկ Գևորգյանը Սարգիս Նաջարյանին պարգևատրեց Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով:
Սարգիս Նաջարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Աստղիկ Գևորգյանին՝ հայ լրատվական դաշտում տասնամյակների աշխատանքն արժևորելու և Սփյուռքի նախարարությանը՝ իր տիկնոջ՝ Զվարթ Նաջարյանի գործունեությունն ու վաստակը գնահատելու համար: «ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումն ու գործունեությունն անհրաժեշտություն էր Սփյուռքի համար: Հպարտությամբ եմ ուզում հիշել, որ նախարարության ստեղծումից անմիջապես հետո ես առաջին սփյուռքյան լրագրողն էի, որ հարցազրույց վերցրի նախարար Հրանուշ Հակոբյանից: Այդ հարցազրույցում տեղ գտած մտքերն ու գաղափարներն առ այսօր արդիական են», – նշեց Սարգիս Նաջարյանը:
Վաստակաշատ լրագրողը ընդգծեց նաև, որ իրենց ընտանիքն ականջալուր է նախարարի կոչին, քանի որ տուն են գնել Հայրենիքում, ամեն տարի այցելում են Հայաստան և հաշվեհամար են բացել հայաստանյան բանկում:
Նաջարյան ընտանիքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկեների առաջնորդ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահ, Գերաշնոհ Տեր Ռաֆայել արք. Մինասյանը: «Տեր և տիկին Նաջարյաններն այսօր արժանիորեն պարգևատրվել են իրենց վաստակի համար: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիպուկ աչք ունի, քանի որ նկատում և արժևորում է լավագույն գործիչներին»,- ընդգծեց արքեպիսկոպոս Մինասյանը:
Նաջարյան ընտանիքի մասին իրենց սրտի խոսքն ասացին ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ճերեճյանը, նկարիչ Ռուդիկ Պետրոսյանը, «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ Անահիտ Գևորգյանն ու Ֆլորա Սարգսյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ