«Ես դրոշակակիր եմ այդ հարցում: Ես կողմ եմ այդ հանձնաժողովի գործունեությանն ու այն մարդկանցից եմ եղել, ովքեր բարձրաձայնել են, որ դրա կարիքն այսօր կա»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվել էին`ինչպե՞ս է վերաբերվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելուն, մտավախություն չունի՞, որ հանձնաժողովը կբացահայտի պաշտոնատար անձանց հայտարարագրերում տեղ գտած անճշտությունները և նրանք այլևս չեն կարող իրենց բարեկամների անունով գրանցել ունեցվածքի մի մասը:
Հարցին`արդյոք այսուհետ իր կարողության հրապարակման հարցում ավելի անկե՞ղծ է լինելու՝ հաշվի առնելով իր մասնակցությամբ օֆշորային սկանդալը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Շատ ավելի անկեղծ եմ, քան կարծում եք»:
Լրագրողները պատգամավորին խնդրեցին` ավելի անկեղծանալ և պատմել` ինչպե՞ս է հարստացել:
«Գոյություն ունի բիզնես կառավարելու ունակություն, որն աշխարհում մարդկանց 3 տոկոսն ունի: Ես 16 տարեկանից աշխատել եմ և 20-ում հիմնել եմ «Քեթրին» կազմակերպությունը, երբ եղել եմ 2-րդ կուրսի ուսանող: 2-րդ կուրսի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը սկսել է հաց արտադրել և այլն, և այլն»,-լրագրողների հորդորին տեղի տվեց պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իհարկե, նա այդ ամենին հասել է առանց ծանոթության: Բայց մոռացել է ասել, որ այդ ընթացքում դարձել է նաև գիտությունների թեկնածու…