«Արցախի հետ իրականացվում է համադրված, համակարգված, փոխլրացվող, գործընկերային համագործակցություն: Արցախի ԱԻՆ ստորաբաժանումները գործում են ինքնաբավ` Արցախի կառավարության տրամադրած միջոցների հաշվին: Եթե հնարավորություններ են լինում, նաեւ համատեղ միջոցառումներ ենք իրականացնում»,- այսօր խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը պատասխանում էր պատգամավոր Միհրան Պողոսյանի հարցին` Արցախի կոլեգաների հետ ի՞նչ ծրագրեր են իրականացվում: Միհրան Պողոսյանը մանրամասնեց. «Անհրաժեշտության դեպքում մենք եւ Արցախի ԱԻՆ համակարգը կարողանո՞ւմ ենք մի համակարգ հանդես գալ եւ փոխլրացնել իրար. հասկանում եք որ դեպքում»:
«Արցախը, Հայաստանը, տարածաշրջանը գտնվում են աշխարհաաղետային նույն գոտում, իսկ աղետները քաղաքական քարտեզ չեն հասկանում: Մասնավորապես, քանի որ չկա քաղաքական քարտեզ Հայաստանի եւ Արցախի միջեւ, մենք հանդես ենք գալիս որպես մի համակարգ»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ հետաքրքրվեց աղետների ռիսկերի նվազեցման` կրթական ծրագրերից: Նման փորձ կա: Նախարարն ասաց, որ բազմազան ծրագրեր կան, օգտագործվում է նաեւ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի հարուստ փորձը, կրթում են ոչ միայն ուսումնական ձեռնարկներով, այլ ՏՏ ոլորտի բոլոր հնարավորություններով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին հետաքրքրում էր հանրապետությունում, առավելապես Երեւանում ապաստարանների վիճակը: Քարոզարշավների ժամանակ տեսել է, որ դրանք անմխիթար են:
Դավիթ Տոնոյանն ասաց`բոլոր ապաստարանները կառուցվել են սառը պատերազմի ժամանակ եւ այդ տրամաբանությամբ: Ռազմաքաղաքական իրավիճակ է փոխվել:
«Աստված մի արասցե, ինչ-որ խնդրի պարագայում, հիմնական դերակատարումը լինելու է մետրոպոլիտենինը»,- ասաց նախարարը` հավելելով, որ Երեւանում ապաստարանները արդիականացվում են, բայց դրանք վտանգի դեպքում էական դերակատարում չեն ունենալու. «Այս պահին մեր առաջնահերթություններից է սահմանամերձ գոտում «անվտանգ սենյակների» կառուցումը, բոլոր ֆինանսական միջոցներն այդ ուղղությամբ են գնալու»:
Նախարարը հայտարարեց, որ քաղպաշտպանություն կոչված համակարգը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների, քանի որ դա էլ աղետ է, մարդածին աղետ:
ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը հետաքրքրվեց Երեւանում սեյսմակայունության եւ վերելակային տնտեսության անմխիթար վիճակից: Դավիթ Տոնոյանն ասաց, որ սեյսմակայունության հարցերը մի քանի գերատեսչությունների ենթակայության տակ են, ֆինանսները սուղ են, ամեն ինչ արվում է եւ այլն: Վերելակների մասով ասաց, դրանք ոչ միայն պետության, այլ նաեւ համատիրությունների վերահսկողության խնդիր պետք է լինեն, գիտակցության խնդիր է:
Ալիկ Սարգսյանին երկու պատասխաններն էլ չգոհացրեցին: «Կան լուրջ ֆինանսական ներդրումների հարցեր, որոնք համատիրությունների ուժերից վեր են»: «Անհանգստության շեփորը» նա շարունակեց հնչեցնել` երկրաշարժի դառը փորձն ունենք, իրատեսական չի հույսներս դնենք`այս անգամ ո՞վ մեզ կօգնի. «Ես հասկանում եմ բյուջեի սուղ լինելը, բայց սա անհետաձգելի խնդիր է»:
«Կշեփորենք համատեղ»,- խոստացավ Դավիթ Տոնոյանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ