Հաշմանդամության չափորոշիչների փոփոխությունը հասարակության շրջանում դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել: Հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիները, որոնք տարիներ ի վեր թոշակ են ստացել, մեկ օրում զրկվում են թե կարգից եւ թե թոշակից կամ էլ` կարգն է փոփոխվում ի վնաս քաղաքացու: Այս մասին Aravot.am-ն էլ բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստացել:
Այսօր Մեդիա Կենտրոնում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանը մեկ անգամ էլ ներկայացրեց այդ փոփոխության նպատակահարմարությունը, ասաց, որ այս գործընթացը համապատասխանեցվում է միջազգային ստանդարտներին, նաեւ նշեց, որ ոչ մի քաղաքացի, եթե ունենա բուժօգնության ու սոցիալական հոգածության կարիք, առանց դրանց չի մնա, պարզապես ժամանակ է պետք, որպեսզի կատարվի անձի կարիքի գնահատում եւ դրան համապատասխան էլ ծառայություն ստանա:
Նա վստահեցրեց, որ բարեփոխված ծառայությունն ավելի արդյունավետ է լինելու. «Այս նոր չափորոշիչի մեջ կարեւոր հանգամանքը այն է, որ անձն է մասնակցում իր առողջության գնահատմանը ինքնագնահատման թերթիկի միջոցով»,-ասաց Անուշ Սիմոնյանը: Նրա խոսքով` Ի՞նչ վատ բան ենք անում. Մարդու կարիքը գնահատում են, որ ծառայություն մատուցենք:
«Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, սակայն, բավարարված չէ հաշմանդամության չափորոշիչների արդյունավետությունից, որքան էլ, որ այդ համակարգում տեսնում է բարեփոխման անհրաժեշտություն` կոռուպցիոն երեւույթները վերացնելու համար: Ըստ նրա, ոչ մի քաղաքացի այդ գործընթացից չպետք է տուժի. «Եթե մարդը օրինական ճանապարհով հասնում է 2-րդ խումբ, իսկ հիմի չի հասնում, նա զրկվում է բավականին լուրջ իրավունքներից»:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին, թե մինչ պետությունը մի ծառայությունը կփոխարինի մյուսով, ժամանակ է անցնում եւ այդ ընթացքում մարդկանց առողջության, նույնիսկ կյանքի հարց է առաջ գալիս, ինչո՞ւ նոր ծառայությունները չեն ներդրվում` նոր միայն կարգից զրկեն կամ իջեցնեն, տիկին Սիմոնյանն ասաց, որ այդ ծառայությունները շուտով կլինեն: Իսկ ինչ վերաբերում է կարգը ի վնաս քաղաքացու փոփոխելուն, Անուշ Սիմոնյանն ասաց, որ բուժման արդյունքում ֆունկցիան վերականգնման հատկություն ունի:
Փոխանցեցինք բողոքարկման դիմումներ ներկայացրած քաղաքացիների դժգոհությունները, որոնք պնդում էին, թե նույն անձը, որը բժշկասոցիալական փորձաքննություն է անցկացնում ու որոշում կարգից զրկել կամ փոխել, նաեւ բողոքարկման հանձնաժողովում է: Տիկին Սիմոնյանն ասաց, որ նման բան չի կարող լինել, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ նույն անձը նաեւ բողոքարկման հանձնաժողովում լինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ