Հայաստանին քննադատում են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հետ կապված: Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրեց այս մասին:
Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Ես ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ այդպիսի քննադատություններ լինում են ոչ միայն Հայաստանի նկատմամբ՝ եվրոպական կարեւորագույն երկրների վերաբերյալ, անգամ օվկիանոսից այն կողմ երկրների վերաբերյալ: Հայաստանը այս տարածաշրջանում այդ ցուցանիշներով բավականին մեծ առաջընթաց է գրանցել եւ դա մեր միջազգային կառույցների, գործընկերների կողմից բավականին բարձր է գնահատվում»:
Նախարարը նշեց, որ կան երկրներ՝ մեր տարածաշրջանում, միայն քննադատությունների են արժանանում. «Գովեստի խոսքեր չեմ լսել վերջին շրջանում մեր այդ որոշ հարեւանների նկատմամբ, իսկ մեր նկատմամբ բոլոր այս բնագավառներում միանշանակ արձանագրված է մեծ առաջընթաց»:
Նալբանդյանը որպես օրինակ նշեց Ադրբեջանը, որ ինչ ասես՝ տարբեր կողմերից ասացին, քննադատեցին, իսկ իրենց ղեկավարությունը հայտարարեց, թե Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանության օրինակ է աշխարհում:
Նախարարի խոսքերով՝ «Հայաստանի ղեկավարությունը մտադրված է եւ հանձնառու է անել ամեն հնարավորն այս ոլորտում: Պետք է նկատի ունենալ, որ մենք բավական ներգրավել ենք քաղաքացիական հասարակությանը, վերջին շրջանում տեսեք ինչ ճանապարհ ենք անցել: Իսկապես կան թերություններ, դրանք գիտակցում ենք մենք եւ որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել՝ արվում է հնարավորը, որ արձանագրվի»:
Զեյնալյանը արձագանքեց. «Եթե արտաքին միջազգային հարաբերություններում մենք առավելություններ ունենք մեր քիչ ռեսուրսներով, դա պայմանավորված է նրանով, որ մենք բարեխղճորեն կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները, ասենք, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Բայց առօրյայում ՀՀ-ում տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնք մեկ-երկու տարի հետո կամ այս տարվա ավարտին լինելու են զեկույցներում, որոնք մեզ վատ վիճակի մեջ են դնելու: Սկսելու ենք պատասխանել: Երկու օր առաջ դատարանի շենքում կատարվածի վերաբերյալ մենք դեռ շատ բան պատասխան ենք տալու: Կոնկրետ սրա հետեւում մարդու իրավունքներն են եւ հեղինակություն է: Արտաքին քաղաքականությունը սկսվում է այսօր դատարանի նկուղից»:
Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Մենք գիտակցում ենք, որ ահագին ճանապարհ կա անցնելու եւ անում ենք հնարավորը, որպեսզի առավել արդյունքի հասնենք, բայց ասել, որ վաղն ամեն ինչ իդեալական կլինի՝ չի լինի: Տեսեք, թե ինչ քննադատություն էր վերջում հնչեցված ԵՄ-ի կարեւորագույն երկրների վերաբերյալ՝ մարդու իրավունքների մասով: Ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ այլ մայրցամաքներում: Մենք հասկանում ենք, որ այն արձագանքը, որ ժողովրդի կողմից արվում է, դա էլ է լավ, լավ է այն իմաստով, որ որոշ երկրներում չեն կարող արձագանքել: Մեր հարեւան որոշ երկրներում, երբ արձագանքում են, միանգամից բանտ են դնում բոլորին՝ 40 հազարով դրեցին բանտում: Մեզ մոտ ազատ արտահայտվում են, քննադատում են, դա օգտակար է, ավելի աչալուրջ է պահում ղեկավարությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ