Մինչ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին նոր պաշտպաններ ներգրավվելու կարգն էր վարում, փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Տիգրան Հայրապետյանը իրենց պաշտպանյալներին նիստին ներկայացնելու միջնորդություն ներկայացրին: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հինգ ժամով, Գեւորգ Սաֆարյանը երեք ժամով հեռացվել էին նիստից:
Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ դատարանի շենքում խոշտանգում է տեղի ունենում իր պաշտպանյալի նկատմամբ, շենքը ռազմականացված է:
Դատարանը թույլ չէր տալիս փաստաբանին խոսել՝ ասելով, որ ավելի ուշ հնարավորություն կտրվի հայտարարություն անելու համար, բայց ոչ հիմա:
«Ինձ տեղեկություններ են հասել, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ դատարանի շենքի համապատասխան խցերում կիրառվում է բռնի ուժ ու հայհոյանքներ են հնչեցվել, չգիտեմ՝ ով, դատարանում այս հայտարարությունն արձանագրվեց, առաջին պահանջն այն է, որ ներկայացնեք, թե Գեւորգի որերորդ րոպեն է լրանում այդ երեք ժամից, հիմա նա պետք է գտնվի նիստերի դահլիճում, եթե պարզվի՝ ժամանակ կա, առաջ կանցնենք»,- ասաց Տիգրան Եգորյանը:
Տիգրան Հայրապետյանն էլ շարունակեց. «Այնպիսի դատարանում ենք, որ հայտարարվում է խոշտանգման մասին, բայց դա նրա պետքը չէ, դուք ի վիճակի չեք իրականացնել պատշաճ քննություն»:
Նիստին ներկաները ծափահարեցին. «Խնդրում եմ՝ ուշադրություն դարձնել այս հայտարարությանը ու միջոցներ ձեռնարկել»,- ասաց պարոն Հայրապետյանը:
Երբ լրանա ժամանակը, անպայման կվերադարձնենք, ասաց նախագահող դատավորը. «Դատարանը հաշվարկում է ժամերը»:
Նախագահող դատավորի խոսքով, նույնիսկ օրենքի համաձայն կվերանայի իր որոշումը, եթե պաշտպանները կերաշխավորեն, որ ամբաստանյալների կողմից չեն խախտվի դատական կարգը:
Տիգրան Հայրապետյանը միջնորդեց իր պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանին ներկայացնել դատական նիստին, միջնորդությանը միացավ նաեւ Տիգրան Եգորյանը:
Չնայած պաշտպանների ահազանգերին՝ մտահոգություն ունեն, որ իրենց պաշտպանյալներին խոշտանգում են, դատարանը առաջնահերթ չհամարեց ու որոշեց, որ նրանց միջնորդությունները քննարկել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ