Հարգելի համաքաղաքացիներ,
ներկայում, ՀՀ ԱԻՆ տվյալներով, մայրաքաղաքի կանաչապատ տարածքներում առկա է հրդեհավտանգ իրավիճակ: Սույնը հաշվի առնելով՝ խստիվ արգելվում է չոր խոտն այրելը: Տեղեկացնում ենք, որ, հունիս ամսվա համար անսովոր բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ավելացել են Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին մատակարարվող ոռոգման ջրի ծավալներն ու ջրելու հաճախականությունը: Շենգավիթ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների առանձին հատվածներում ոռոգումն իրականացվում է նաև խորքային հորերից մղվող ջրով:
Միաժամանակ մայրաքաղաքում առկա սիզամարգային և խոտածածկ տարածքներում շարունակվում են խոտհնձի աշխատանքները, որոնք արագացնելու անհրաժեշտության մասին պատշաճ իրազեկվել են համապատասխան տարածքների սեփականատերերը, ինչպես նաև այգիների և պուրակների վարձակալները:
Հարկ է նշել, որ Երևանում հրդեհավտանգ տարածքներ են համարվում հատկապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Եռաբլուրի, «Փարոս»-ի, Հրազդանի կիրճի, Հաղթանակի և Օղակաձև զբոսայգիների անտառագոտիները:
Մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն