Այսօր լրագրողները սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փոխանցեցին սիրիահայերի քննադատությունը՝ Հայաստանից ուղարկված օգնությունը «շան լափի» նման է, հագուստները այն չեն: Հրանուշ Հակոբյանը արձագանքեց. «Մենք չենք, որ բեռները հավաքագրում, գնում, փաթեթավորում ու ուղարկում ենք, բայց ես կարող եմ ասել, որ դրանք սնունդ են, հագուստ են՝ Հայաստանում կարված: Մենք օտար կամ բրենդային հագուստներ չենք գնում բնականաբար»:
Ըստ Հրանուշ Հակոբյանի, սիրիահայերը հավանաբար շան լափ ասելով՝ նկատի են ունեցել հնդկաձավարը, որն ուղարկել են իրենց. «Իրենք չեն ընդունում հնդկաձավարը, իրենց համար նորություն է: Առաջին անգամ, երբ մենք օգնություն էինք բաժանում, եկան ինձ ասացին՝ էս ի՞նչ բաներ են, հնդկաձավարը չէին ընդունում որպես ուտելիք: Ես չէի ուզենա այդպիսի բառ ասել՝ շան լափ: Եթե մեկն ասում է, դա չի նշանակում, որ բոլորն են այդպես մտածում»:
Նախարարը վստահեցրեց, որ այն կառույցներից, որոնց հետ իրենք աշխատում են, լսել են, որ մարդիկ շատ գոհ են այդ օգնությունից, ընդ որում, բաժանել են հայերին ու արաբներին՝ նույն շենքում բնակվող: Նախարարը ոգեւորությամբ պատմեց, թե ինչպես են հայկական լավաշը բաժանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ