Այսօր Ազգային ժողով էր եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում անձամբ ներկայացրեց 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Նախարարն ասաց, որ իրենց հատկացված միջոցներից քարոզչական ծախսերը կազմել են 104 հազար դոլար: Դա չի փոխվել 2015-ի, 2014-ի համեմատ: Նախարարը հիշեց այս ծախսի առնչությամբ նախորդ տարիներին պատգմավորների քննարկումները եւ Նաիրա Զոհրաբյանի խոսքերը. «Ասաց՝ դա մի հոդվածի գին է՝ «Նյու Յորք թայմսում»:
Մենք հնարավորություն ունեինք անցյալ տարի փակեինք պարտքերի մի մասը՝ խնայած գումարներից, պարտքերի մի մասը միջազգային կազմակերպությունների անդամավճարներից է գալիս, բայց դա հնարավոր է անել միայն համապատասխան չափով՝ տարեկան, դրա համար մենք նորից բյուջե ուղարկեցինք այն գումարը, որը խնայել էինք 2016-ի վերջում: Իսկ խնայել է նախարարությունը 304,8 մլն դրամ:
«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նախարարին հարցրեց՝ 57 դիվանագիտական ներկայացուցչություն ունենք, դեսպանները ինչքանո՞վ են արդյունավետ աշխատել, գնահատականներ ե՞րբ են տրվելու նրանց աշխատանքին:
Նախարարը հորդորեց ծանոթանալ, թե հարեւան երկրները քանի կազմակերպություններ ունեն եւ քանի դեսպաններ. «Ես երբեւէ չեմ ասում, որ բավարար չեն գումարները, ասում եմ՝ եթե շատ հնարավորություններ ունենայինք, ավելի լավ կլիներ: Այդ գումարի շրջանակներում մենք փորձում ենք լուծել մեր վրա դրված պարտավորությունները: Դեսպանությունները մեր կարծիքով արդյունավետ են գործել»: Նախարարն ասաց, որ այն դեսպանությունները,որոնք ունեն թերություններ, նրանց վերաբերյալ բարձրագույն ղեկավարությունը նախագահն է համապատասխան որոշումներ ընդունում: Արտգործնախարարությունը ներկայացնում է ղեկավարին եւ նա է որոշում ինչ գնահատականներ տա: Մեր դեսպանության վերաբերյալ թե ինչու չենք արտահայտվում մանրամասներով՝ ինչպես են գործում, որեւէ երկիր միջազգային պրակտիկայում այդպիսի բան չի անում: Ըստ Էդվարդ Նալբանդյանի, եթե թերությունները հանրային քննարկման առարկա դարձնենք, կվտանգենք մեր դեսպանների գործունեությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ