Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվեց գրոսմայստեր Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էր 13 երկրի 92 շախմատիստ (21-ը՝ գրոսմայստեր):
Երեք շախմատիստ՝ հայաստանցիներ, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը եւ բելառուսցի Անդրեյ Ժիգալկոն, ինը հնարավորից վաստակեցին 7,0 միավոր: Լրացուցիչ գործակիցներով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց Հայկ Մարտիրոսյանը, հաջորդ երկու տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Քոթանջյանն ու Ժիգալկոն:
Հուշամրցաշարում սահմանված էին գրոսմայստերի եւ միջազգային վարպետի նորմեր: Գրոսմայստերի նորմ լրացրեց միայն Հայկ, որը սակայն նրան արդեն «պետք չէր» քանի որ նա այդ սահմանը ավելի վաղ էր հատել եւ մոտ ապագայում պետք է ստանա միջազգային գրոսմայստերի կոչում: Մյուս մասնակիցներից միջազգային վարպետի նորմի արգելքը հաղթահարեց միայն մինչեւ 20 տարեկանների տարիքային խումբը ներկայացնող հայաստանցի Վահե Դանիելյանը (նկարում), որը 6,0 միավորով մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեց 13-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի