Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը պնդում է՝ կալանավորների սնունդը կրճատել են՝ նրանց առողջության մասին մտածելով

Հունիս 30,2017 17:00

Ավետիք Իշխանյանը հակադարձում է նախարարին՝ այդտեղ կոռուպցիա կա, «Նուբարաշենի» զզվելի ուտելիքը մարդ ուտի՝ ծանր կհիվանդանա

Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից Հայաստանի բանտերում ազատազրկվածների համար սննդի չափաբաժինը նվազեցվելու է: Եթե առաջ կալանավորին տրվում էր օրական 650 գրամ հաց, հիմա տալու են 150 գրամով պակաս՝ 500 գրամ: Մսի, պանրի, կարագի չափաբաժինները նույնպես պակասեցրել են: Առաջ ամեն օր կալանավորին հասնում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, հիմա որոշել են ոչ թե ամեն օր տալ, այլ՝ ամսվա մեջ 16 օր: Ամեն օր կալանավորները պանիր նույնպես չեն ուտի, կուտեն 25 գրամ՝ օրումեջ:

Այս առնչությամբ «Առավոտը» արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ փաստաբանները կարծում են, որ այդ սնունդը փոխանակ լավ որակի դարձնեք, ժամկետանց սնունդ չտաք, որ կալանավորները ուտեն, կրճատում եք, որովհետեւ չեն ուտում, ինչո՞ւ որակը չեք բարձրացնում: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ձեզ ինչ-որ մեկը սխալ հիմնավորում է ներկայացրել: Կրճատվել է ոչ թե սննդի քանակը, այլ կրճատվել է կալորիականությունը, այն էլ կրճատվել է առողջապահական ցուցանիշներով: Իսկ այն, որ սննդի որակին պետք է հետեւել եւ այն բարելավել, վստահեցնում եմ ձեզ, այդ աշխատանքը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»:

Դավիթ Հարությունյանն ասաց՝ «եթե դուք համադրեք կալորիականությունը այն նորմատիվների, որոնք կան, եւ կալորիականությունը այն նորմատիվների, որ հիմա է առաջարկվում, կտեսնեք, որ դա զուտ առողջապահական ցուցանիշներով է պայմանավորված: Ավելին, դուք կարող եք դրանք համադրել այլ հաստատությունների հետ եւ կտեսնեք, որ այնտեղ կան ընդհանրություններ: Այսինքն՝ կառավարությունը նորմատիվների վերանայման հարցադրումը բարձրացրել է ոչ միայն քրեակատարողական հիմնարկների համար, դա վերաբերում է հիվանդանոցներին, հոգեբուժարաններին: Կալորիականության այն նորմատիվները, որոնք գրված էին, դա կարելի էր կոչել մեկ խոսքով՝ անառողջ սնունդ: Մենք վերանայել ենք դեպի ավելի բալանսավորում սննդի, ավելի ողջամիտ ձեւով»:

Երբ ասացինք, որ նույն սննդատեսակներն են չափաբաժնում նշված, նույն հացն է՝ 150 գրամով պակաս, փափկամիսը՝ ամեն օրվա փոխարեն 16 օր, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Եթե դուք նայում եք քանակներին, դա այն նվազագույն քանակն է, որ պետք է տրվի, բայց կալորիականությունը չի կարելի կոմպենսացնել հացի քանակով, ճարպերի քանակով, հատկապես՝ այն անձանց, ում շարժողական ակտիվությունը սահմանափակված է»:

Մեր հարցին՝ ըստ Ձեզ, ինչո՞ւ են դատապարտյալները հրաժարվում սննդից, ինչո՞ւ են նրանց հարազատները սնունդ տանում, եթե նորմալ սնունդ լիներ, չէին տանի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ այնտեղ մատուցվում է ռեստորանային սնունդ, բայց միաժամանակ պետք է նշեմ, որ մենք ունենք հստակ նորմատիվներ, որոնց շրջանակներում պետք է տրամադրենք սնունդ, եւ որակի առումով հսկողությունը կուժեղացվի, ձեզ էլ կհրավիրենք»:

Մեր հարցին՝ առողջ տղամարդը կարո՞ղ է այդքան սնունդով կշտանալ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ ձեզ, որ դրանք արված են բացարձակապես առողջապահական նորմատիվների հիման վրա»:

Դիետա՞ եք սահմանում դատապարտյալների համար, Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց. «Դա դիետա չի, ոչ, դա առողջ սնունդն է, այն սնունդն է, որը չի կոչվում դիետիկ, դիետիկի չափանիշները լրիվ այլ են: Եթե ձեզ այդքան կալորիա տայինք, դուք այս տեսքը, կառուցվածքը չէիք ունենա, վստահեցնում եմ ձեզ»:

Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը վստահեցրեց, որ դատապարտյալների վրա կառավարության որոշումը ըստ էության չի ազդի, որովհետեւ չեն ուտում. «Որպես կանոն, ՔԿՀ-ներում պատրաստվող սննդից դատապարտյալները չեն օգտվում, ով թեկուզ մի փոքր հնարավորություն ունի դրսից սնունդ ստանալու, չի վերցնում, սննդի որակը սարսափելի է: Եթե «Նուբարաշենում» որեւէ դատապարտյալ պարբերաբար այդ սննդից օգտվի, կարող է մի ամսից ամենածանր հիվանդությունները ստանալ՝ ստամոքսի եւ այլն: Վերջերս «Հետքը» պարզեց, որ նույնիսկ հացը չեն ուտում. եթե առաջ թվում էր, թե գոնե հացն ուտում են, հիմա միայն հացի կողքերի չոր մասերն են ուտում, հացն էլ այն չի»:

Ավետիք Իշխանյանը վստահեցնում է` այդ բազմազանությունը, որ նշված է՝ պետք է լինի սննդում, չկա, նույնանման, անորակ եւ շատ էժան սնունդ են տալիս. «Իմ կարծիքով՝ այդտեղ բավականին մեծ կոռուպցիա կա»:

Ըստ պարոն Իշխանյանի՝ ազատազրկվածների սննդի համար չնչին գումար է հատկացվում, այդ գումարով որակյալ սնունդ մատակարարել հնարավոր չէ. «Փոխանակ իշխանություները մտածեն որակյալ սնունդ մատակարարեն, որ դրսից սնունդ չընդունեն, ֆինանսավորումը մի քիչ ավելացնեն՝ պակասեցնում են քանակը: Այդ ոլորտն ընդհանրապես անտեսված է, ազատազրկվածներին մեր իշխանությունը լիարժեք մարդ չի համարում: Ե՛վ սնունդը, ե՛ւ բժշկական սպասարկումը այդ վիճակում է: Եթե քաղաքակիրթ երկիր ունենայինք, դա սոցիալական ամենակարեւոր ոլորտն է, այդ ոլորտին չպետք է ձեռք տային: Եթե մենք ունենայինք գիտակից հասարակություն, այդ ոլորտին դիպչելու համար պետք է բողոքի ձայն բարձրացնեին»:

Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի խոսքերին, թե` եթե ուտեք դատապարտյալներին հասանելիք սնունդը, այս կառուցվածքին չեք մնա, Ավետիք Իշխանյանը հակադարձեց. «Եթե դուք մի անգամ ճաշին ուտեք Նուբարաշենի ուտելիքը, ոչ թե կկշտանաք, ընդհանրապես կզզվեք ուտելիքից եւ այլեւս ուտել չեք ուզի»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

29.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930