Եթե ցանկանում է պահպանել դիրքերը
«Հայաստանի նման երկրներում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը երբեւիցե չեն կարող «թավշյա հեղափոխություն» իրականացնել: Ավելին, նման հեղափոխություններն իշխանության «գործիքն» են: Հետեւաբար «թավշյա հեղափոխության» կոչն արդեն իսկ անիրականանալի է, եթե չասեմ, որ այսօր ես չեմ պատկերացնում գործընթացներ որեւէ հեղափոխության, քանի որ քաղաքական իրավիճակ փոխող գործընթացները` խորհրդարանական ընտրությունները, որոնք այլեւս միակ համապետական ընտրություններն են լինելու մեր երկրում, ետեւում են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը:
«Թավշյա հեղափոխության» կոչ, հիշեցնենք, օրերս հնչեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության համագումարում:
«Քաղաքական ուժերը կամ առաջնորդները հայտարարություն անելուց առաջ պետք է հաշվարկեն իրենց հնարավորությունները, առանց վերլուծության նման կոչերով հանդես գալու դեպքում հերթական անգամ ընդամենը հիասթափեցնում ես ժողովրդին եւ մսխում դեռեւս մնացած հանրային վստահությունը: Նման հայտարարություններ անելուց առաջ պետք է զգույշ լինել»,- ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ դեռ որեւէ քաղաքական ուժ այդ կոչի շուրջ համախմբվելու ցանկություն չի հայտնել, ինչը բնական է, քանի որ չկա ձեւավորված օրակարգ` ինչի՞ շուրջ եւ հանուն ինչի՞ են համախմբվում: «Մենք չենք կարող մոբլիլիզացնել հանրությանը եւ իշխանափոխություն պահանջել: Մարդիկ իրենց քվեն տվեցին իշխանական մեծամասնությանը: Թե ի՞նչ միջոցներով քաղաքական մեծամասնությունը ձեռք բերեց այդ քվեները՝ այլ հարց է, բայց չենք կարող ասել, թե հանրությունը ձայն չտվեց: Կարող էին չտալ, բայց տվեցին:
Ուրեմն ո՞ւմ ենք համախմբման կոչով դիմում եւ ի՞նչ ենք առաջարկում: Կարծում եմ՝ այս պահին առաջարկելու ոչինչ չկա»: Մեր զրուցակիցը ցավով, բայց իրատեսորեն, արձանագրում է` խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը պարտություն կրեց. «Խորհրդարանից դուրս մնացին հիմնական քաղաքական ուժերը, որոնք ժամանակին լուրջ հայտեր են ներկայացրել, հասարակությունն էլ լուրջ աջակցություն է ցուցաբերել: Բայց սա ոչ միայն ընդդիմության պարտությունն էր, այլ նաեւ իշխանության. եթե չկա համարժեք ընդդիմություն, արմատական ընդդիմություն, հատկապես արտաքին մարտահրավերների պարագայում, իշխանությունը խոցելի է դառնում»: Նա, իհարկե դեմ չէ արտախորհրդարանական դաշտի համախմբմանը: Ասում է` պետք է համախմբվել, թեկուզ նրա համար, որ իշխանությունն իր զգոնությունը չկորցնի եւ կամայական չգործի: Բայց ինքը համախմբումը տեսնում է ոչ թե «թավշյա հեղափոխություն» իրականացնելու, այլ հանրային շահը սպասարկելու հարթությունում: Ավելին, համոզված է՝ առաջիկա տարիներին Հայաստանում որեւէ հեղափոխություն չի կարող լինել:
Դիտարկմանը` այսինքն՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որ անկախ նրանից, թե 2018 թվականին ով կլինի ՀՀ վարչապետը, գործ ենք ունենալու ՀՀԿ-ի հետ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այլընտրանք չունի՞, մեր զրուցակիցն ասաց. «Ուզենք, թե ոչ, այո, գործ ունենք այս իշխանության հետ: Եվ մեր դիրքորոշումները պետք է ձեւավորենք իրականությունից ելնելով: Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, ապա եթե Սերժ Սարգսյանը մնում է ՀՀԿ ղեկավար, բնականաբար, նա իր առանցքային դերակատարումն է ունենալու երկրի կառավարման եւ ապագայի գործընթացներում»:
Անդրադառնալով խորհրդարանում քննարկված կառավարության 2017-22 թվականների զարգացման ծրագրին` խելացի Հայաստան կառուցելու խոստմանը, դրա համար բյուջեում դրված նվազ ցուցանիշներին, ընդդիմադիրների արձանագրումներին` վարչապետի դիրքերը զիջելու մասով, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Մեր երկրում տարբեր քաղաքական գործիչների դիրքերն ամիսը մեկ կարող են թուլանալ եւ ուժեղանալ: Ամեն ինչ շատ իրավիճակային կարող է լինել, բայց, վերջին հաշվով, մեզ համար էական չէ, թե ո՞վ է վաղը լինելու վարչապետ, կարծում եմ՝ ավելի էական է այն, թե ի՞նչ կերպ է մեր տնտեսությունն այս փոսից դուրս գալու, ինչպե՞ս է զարգանալու: Կարեն Կարապետյանն ախտորոշեց մեր տնտեսության իրական վիճակը: Մնում է բուժման ճանապարհները գտնել: Ես այն կարծիքին եմ, որ դա անելուց առաջ պետք է ձեւակերպել` ո՞րն է հիվանդության պատճառը: Ավելի քան վստահ եմ` գիտեն: Բայց չի բարձրաձայնվում: Եթե Կարեն Կարապետյանն ուզում է 2018 թվականին կրկին լինել վարչապետի պաշտոնում եւ լինել առաջին դեմք` պետք է կարողանա դա անել»:
Կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի մասին առանձին հայտարարություններին մեր զրուցակիցը լավ է վերաբերվում, թեեւ իրական պայքարը այնքան էլ տեսանելի չէ դեռ: Նա միայն վարչապետին չի մեղադրում չկարողանալու մեջ, քանզի գիտեի՝ իրական պայքար տանելուն խանգարող տարբեր գործոններ կան: Ուստի մտածում է, որ ստանդարտ քայլերով Կարեն Կարապետյանը չի կարող ամրապնդել իր դիրքերը. «Նա պիտի գտնի ճանապարհներ, կատարի քայլեր, որոնք նաեւ էական ազդեցություն կթողնեն ժողովրդի կենսամակարդակի վրա: Մինչեւ 2022 թվականը խոստացվող տնտեսական աճը էական փոփոխություն չի բերի հանրային կյանքում, սոցիալական բարեփոխումների ուղղությամբ: Բայց որոշակի կայունություն կբերի: Առանց այդ կայունության՝ արտագաղթը հնարավոր չի լինի կանգնեցնել: Բայց դրան զուգահեռ՝ զարգացման հեռանկարն էլ պետք է տեսանելի լինի»: Լյուդմիլա Սարգսյանը հատկապես կարեւորում է դատաիրավական համակարգի բարեփոխումները` միտված արդարության վերականգնմանը. այդտեղից է ամեն ինչ սկսվում, այդ հարցն անգամ ազգային անվտանգության խնդիր է դառնում: Խորհրդարանում այդ ամենի մասին շատ խոսվեց: Ասում է` կառավարության ներկայացրած ձեւակերպումներն էլ գեղեցիկ են. «Բայց այդ ամենին հասնելու ճանապարհը փշոտ է: Միաժամանակ, առանց արդարության երկրում տնտեսություն չի զարգանա` իր բոլոր հետեւանքներով: Վարչապետը դանդաղ, բայց վստահ քայլերով պետք է առաջ գնա` ունենալով քաղաքական մեծամասնության աջակցությունը: Նրան պիտի չխանգարեն, պիտի «մերոնք-ձերոնք» դասակարգումը չլինի: Միայն այդ դեպքում Կարեն Կարապետյանը կարող է ինչ-որ բան փոխել Հայաստանում»: Հարցին` հավանական համարո՞ւմ է քաղաքական մեծամասնության կողմից նման արձագանքը, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանի քայլերից ու վճռականությունից է կախված, թե ինչքա՞ն աջակցություն կունենա ինքը քաղաքական մեծամասնության կողմից: Եթե զսպված քայլերով գնաց` չի ունենա: Եթե ռադիկալ քայլերի գնա` կա՛մ կտապալվի, կա՛մ կհաղթի: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքը «վա-բանկ» պիտի գնա. կա՛մ փորձի իրացնել իր նկատմամբ հանրային վստահությունը, կա՛մ հեռանա: Դա էլ ճանապարհ է: Կարծում եմ՝ կոնկրետ քայլերն ավելի նախընտրելի են, մանավանդ, որ ժողովրդի աջակցությունը կա»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
29.06.2017