Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կա հակակարկտային ցանցային պաշտպանության հաջող փորձ

Հունիս 30,2017 16:00

Իսկ պետական կառույցները
դեռ մտածում են՝ ցանցե՞ր ներկրել, թե՞ արտադրել

Այս տարվա առայժմ վերջին կարկուտը հունիսի 12-ին էր. ամենից շատ տուժեց Արմավիրի մարզի 8 համայնք՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած, Արգինա: Վնասի չափը՝ 40-90 տոկոս, առանձին տնտեսություններում՝ 100 տոկոս:
Ու նորից սկսվեցին հակակարկտային հուսալի պայքարի մասին խոսակցությունները, ու էլի պաշտոնյաներն ասացին, որ մի բան կանեն: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասաց այն, ինչ գիտեն բոլորը՝ պետք է հակակարկտային ցանցեր տեղադրել: Մի օր գալու ենք դրան՝ ասաց պաշտոնյան, բայց չասաց, թե երբ է գալու այդ բաղձալի օրը: Ասաց, որ ցանցը դրսից բերելը թանկ է, ներսում արտադրելու հարցը քննարկվում է: Աշոտ Հարությունյանը փոխնախարար է 2016-ի դեկտեմբերից, սակայն վերջին 20-22 տարին գյուղոլորտում է աշխատում: 2012-2013 թվականներին Տավուշի մարզի Տավուշ եւ Այգեհովիտ գյուղերում հակակարկտային ցանցեր են տեղադրվել, եւ մեծ, շատ մեծ հաջողություն է գրանցվել: Այս մասին գյուղփոխնախարար Աշոտ Հարությունյանը եւ պետական այլ պաշտոնյաները չեն խոսում: Քիչ հավանական է, որ տեղյակ չլինեն: Միջազգային կազմակերպությունների ծրագիրը հրապարակային է:

Ծրագիրն իրականացրել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի, Վորլդ Վիժնի Հայաստանի գրասենյակները, «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը:

Այս կազմակերպությունների նախաձեռնությամբ Այգեհովիտում 4500 քմ խաղողի այգի է ցանցապատվել: Եվ գյուղացին, որ ամեն տարի կարկուտից տուժում էր եւ առավելագույնը 500 կգ խաղող հավաքում, ցանցի տեղադրումից հետո հավաքել է 15 տոննա բերք՝ իր սովորականից 30 անգամ շատ: Հաջորդ տարի՝ 17 տոննա, հաջորդ տարի՝ 20 տոննա:
Պոլիէթիլենային ցանցերը բերվել են Իտալիայից, համակարգի մետաղական «կմախքը» արտադրվել է Հայաստանում: Ցանցը գերմանական էկոլոգիապես մաքուր հումքից է: Այն ժամանակ պարզել են, որ մեկ քմ ցանցը Եվրոպայում 0,3 եվրոցենտ է՝ մոտ 180 դրամ, Հայաստան հասցնելով՝ մոտ 220 դրամ: Եվրոպայում «կմախքն» արժե 150 եվրո: Հայաստանում խաղողի այգու համար մեկ «կմախքն» արտադրվել է 7000 դրամով, իսկ 100 մետրանոց մեկ շարքում 2 «կմախք» է տեղադրվում: Մեկ հեկտար խաղողի այգին ցանցապատելը արժեցել է 4500 ԱՄՆ դոլար, մեծ ծառերի պաշտպանությունը՝ 4 մետր բարձրության վրա ցանցեր տեղադրելը՝ մեկ հեկտարը՝ 17-19 հազար դոլար: Այս ծրագրի արդյունքում է պարզ դարձել, որ Հայաստանում ցանցերի արտադրություն հիմնելն իմաստ չունի: Արդյունավետ է ցանցը ներկրելն ու մետաղական կառուցատարրերը տեղում արտադրելը: Ցանցի պոլիէթիլենին գունանյութ են խառնում, ու ցանցը դառնում է նաեւ արեւապաշտպան «ակնոց»՝ որոշակի ստվեր ապահովում, բերքը պաշտպանում թռչուններից, ծառայում է 12-15 տարի: Այլ խոսքով՝ մեկ տարի ծախս անող ֆերմերը 12-15 տարի այդ ծախսի եկամուտներն է վայելում: Իսկ կարկուտից տուժած գյուղացուց կարող է 1-2-3 տարի պահանջվել այգին ամբողջությամբ վերականգնելու համար: Ու այդ ընթացքում նա եկամուտ չի ստանալու կամ քիչ եկամուտ է ստանալու:

Ծրագրի արդյունքը ոգեւորել է նախաձեռնողներին, ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակը հայկական բանկերից մեկի հետ (բանկի անունը միտումնավոր չենք գրում) ցանցերի ձեռք բերմանն ուղղված ծրագիր է նախաձեռնել՝ գյուղվարկերի սովորական տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքով վարկեր: Այսպես պետությունը բեռի տակ չի մտնում, իսկ գյուղացու պաշտպանվածությունն աճում է անգամներով: Բացի գյուղբարիքի պաշտպանությունից՝ ցանցերը այլ առավելություններ ունեն: Ի տարբերություն հակակարկտային կայանների ու հիթիռների՝ ցանցային պաշտպանությունը մթնոլորտային երեւույթների վրա ներգործություն չի ենթադրում, ինչը նշանակում է չխառնվել բնության գործերին: Տեղացած կարկուտը դառնում է ջուր, ինչը նշանակում է ջրի պաշարների համալրում:

Այս ամենի վերաբերյալ հաշվետվությունը կա վերը նշված կազմակերպություններում: Ցավոք, Հայաստանի կառավարիչները չեն փորձում այս հաջող փորձի վրա կառուցել հակակարկտային ցանցային պաշտպանության համակարգ:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

29.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930