Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանում կա թաղամաս, որտեղ մարդիկ խմելու ջուր չունեն

Հունիս 30,2017 15:30

Տարոն Մարգարյանի 2 տարի առաջ տված
խոստումը մինչ օրս իրականություն չի դառնում

«Առավոտի»՝ հունիսի 7-ին «Տարոն Մարգարյանի հանձնարարականը չեն արել. Նոր Խարբերդի մի մասում ոչ խմելու ջուր կա, ոչ լույս, ոչ ասֆալտ» հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւանի մաս կազմող Նոր Խարբերդ թաղամասին: Շենգավիթ համայնքում գտնվող այս թաղամասի 16-րդ փողոցի վերջնամասում եւ էլի այլ հատվածներում ամռան այս տապին մարդիկ խմելու ջուր չունեն, ջրամատակարարում չկա:

Մեր հրապարակմամբ անդրադարձել էինք թաղամասի բնակիչների դժգոհություններին: Նրանք պատմել էին, որ 5-6 տարի առաջ Նոր Խարբերդի 16-րդ փողոցում քաղաքապետարանի ԾԻԳ-ի եւ մեկ այլ կազմակերպության միջոցներով խմելու ջրի ջրագիծ է անցկացվել, սակայն այդ խողովակաշարը մինչեւ փողոցի վերջ չեն հասցրել: Այն ժամանակ պատճառաբանել են, որ գումարը վերջացել է, չեն կարողացել ջրագծերը հասցնել 16-րդ փողոցի ձախակողմյան հատվածը, բայց խոստացել էին՝ «առաջիկայում դա էլ կանենք»: Այդ խոստացած «առաջիկայում»-ից արդեն 5 տարի է անցել, բնակիչներն ում ասես՝ դիմել են, ոչ մի արձագանք:

Հետո որպեսզի խմելու ջուր ունենան, բնակիչներն իրենց ուժերով, թաղապետարանի տրամադրած տրակտորով ու ինչ-որ թեկնածուի տրամադրած խողովակներով մոտ 120 մետր ջրագիծ են անցկացրել, փորձել են միացնել ԾԻԳ-ի քաշած ջրագծին: Սա, ըստ բնակիչների, խնդրի ժամանակավոր լուծում էր. խողովակների տրամաչափը նեղ էր, ջրի ճնշումը չի բավականացնում, որպեսզի ջուրը տեղ հասնի: Նշված հասցեում, ինչպես բնակիչներն էին վստահեցրել, ջուրը նոյեմբերի 15-ից մինչեւ մայիսի 10-ն է լինում, այն էլ՝ 3 ժամ առավոտյան, 3 ժամ էլ՝ երեկոյան, իսկ ոռոգման թեժ սեզոնին ջուր ընդհանրապես չի լինում: Բնակիչները խմելու ջուրը հիմա ստիպված խանութներից են գնում, կամ էլ մոտակա ձորում ջրի գիծ կա, վրան ծորակ են դրել, ու այստեղից կրում են ջուր: «Բայց դա էլ 300-400 մետր հեռու է մեր փողոցից: Փոքր երեխաներ կան, ծերեր կան, ճաշ պետք է եփենք, լողանանք, իսկ քանի որ ջուր չկա, կամ էլ փողով գնում ենք ջուրը, ստիպված խնայողաբար ենք խմում ու օգտագործում: Էս դարում առանց խմելու ջրի, պատկերացնո՞ւմ եք, այն դեպքում, որ ընդամենը 60-70 մետր ջրագիծ է պետք քաշել»,- պատմել էին բնակիչները:

Մեր հրապարակումից օրեր առաջ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցը խոստացել է այցելել տարածք, խնդրին տեղում ծանոթանալ, սակայն նա այդպես էլ չի այցելել Նոր Խարբերդ:

Վերջերս էլ, ինչպես երեկ մեզ պատմեցին բնակիչները, քաղաքային իշխանությունները, փորձելով խնդիրը լուծել, «Վիոլա» ընկերության աշխատակցի հետ բանակցել են ու արդյունքում բնակիչներին առաջարկել են սեփական միջոցներով խմելու ջրի խողովակներ քաշել. «Մեզ առաջարկեցին մոտ 75 մետր խողովակները մենք գնենք, տրակտոր վարձենք, փորել տանք, գիծը քաշենք: Բայց չէ՞ որ մենք նման հնարավորություն չունենք:

Քաղաքապետարանն ասում է՝ այդ թաղամասում ջրագիծ անցկացնելու ծրագիր առայժմ չունենք: Այսինքն՝ էլ ինչքա՞ն անջուր մնանք: Որեւէ կառույց՝ ոչ քաղաքապետարանը, ոչ թաղապետարանը, ոչ էլ «Վիոլա» ընկերությունը չի ցանկանում այս գործը գլուխ բերել: «Վիոլա»-ն, ինչպես մեզ բացատրել են, նման պարտականություն էլ չունի՝ ջրագիծ քաշելու: Բայց վերջը քաղաքային իշխանությունը պետք է, չէ՞, բնակիչներին խմելու ջրով ապահովի: Այսօր եմ 24 «կանիստր» ջուր վերցրել, տաքսի վերցրել, որ տուն հասցնեմ»:
Բնակիչները երկար ժամանակ է՝ մե՛կ Շենգավիթ վարչական շրջանի ոլորտի պատասխանատուներին են հանդիպում, մե՛կ քաղաքապետարանի մասնագետներին, որեւէ արդյունք չկա: Մինչդեռ, հիշեցնենք, իշխանությունները նախընտրական շրջանում ընտրողներին որպես ՀՀԿ-ի ձեռքբերում նշում էին, որ Երեւանում հասել են 23-ժամյա ջրամատակարարման:

Ընտրողներին նման բան վստահեցնողներին խարբերդցիներն էլ հակադարձում են՝ Նոր Խարբերդը Երեւանի վարչական տարածք չե՞ք համարում, թե՞ սպասենք հաջորդ ընտրություններից առաջ գուցե հիշենք այս թաղամասի բնակիչներին:

Մեր նախորդ հրապարակմամբ նաեւ հիշեցրել էինք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ 2015 թվականին այցելել էր Նոր Խարբերդ, ներկայացրել, թե ինչ ծրագրեր էին արել՝ ջրագիծ քաշել, լուսավորության խնդիրը լուծել, ասֆալտապատել: Մարգարյանը նշել էր, որ կառուցվել է 2.2 կմ խմելու նոր ջրագիծ, բարելավվել են ջրի որակը եւ ջրամատակարարման տեւողությունը: Դեռ այն ժամանակ քաղաքապետը խոստացել էր, որ ենթակառուցվածքների բարելավման այդ ծրագրերը շարունակելու են: Քաղաքապետի այս խոստումից անցել է 2 տարի, եւ մինչ այժմ անգամ 75 մետր ջրագիծը չեն քաշում, թաղամասում որոշ փողոցների ոչ լուսավորության, ոչ էլ ասֆալտապատման հարցերը չեն լուծվել:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

29.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930