Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանապարհային երթեւեկության անվտանգության բարելավման լիտվական փորձը

Հունիս 30,2017 15:00

Անկախություն ձեռք բերելուց հետո Լիտվայում ամեն տարի ավելի քան 1,200 մարդ էր դառնում ճանապարհատրանսպորտային վթարների զոհ, ինչը ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին լուրջ մտահոգությունների տեղիք տվեց։ Ներկայում ամեն տարի 200 մարդ է զոհվում տրանսպորտային պատահարներում։ Կարո՞ղ ենք, արդյոք, դրանից լիովին խուսափել։Մենք բոլորս երթեւեկում ենք որպես հետիոտն, ուղեւոր կամ վարորդ։

Ճանապարհատրանսպորտային պատահարները սովորաբար տեղի են ունենում մարդկային գործոնի՝ ճանապարհին ոչ պատշաճ վարքագծի կամ սխալի պատճառով։ Ավտոտրանսպորտային պատահարների քանակը նվազեցնելու նպատակով Լիտվայի Ճանապարհային վարչությունը՝ տրանսպորտի եւ կապի նախարարության ներքո (այսուհետ՝ ԼՃՎ) իրականացնում է կրթական եւ ինժեներական գործողություններ՝ ուղղված ճանապարհային անվտանգության ապահովմանը։ Ճանապարհային երթեւեկության անվտանգությանն ուղղված տարբեր արդյունավետ ինժեներական միջոցառումներ կան, իսկ դրանց մի մասը նաեւ մեծ ծախսեր չի պահանջում։ Ամեն տարի վերանորոգվում են վտանգավոր խաչմերուկները, կառուցվում են մայթեր եւ հեծանվային արահետներ, ուժեղացվում է անվտանգությունը ճամփեզրերին, ձեռնարկվում են ինժեներական միջոցառումներ՝ միտված արագության նվազեցմանը, կիրառվում են ժամանակակից ինժեներական մեթոդներ։ Այսպիսի միջոցառումները մեղմացնում են ճանապարհային վթարների հետեւանքները կամ օգնում են խուսափել դրանցից։ Ինժեներական միջոցառումների իրականացումն անմիջապես դրական ազդեցություն է ունենում, քանի որ ճանապարհին կառուցվում է խոչընդոտ կամ անհարմարություն, ինչը կանգնեցնում է անկարգապահ վարորդին։ Այնուամենայնիվ, ԼՃՎ-ի նպատակն է կրթել կարգապահ վարորդներ, որոնք անվտանգ վարք են դրսեւորում ճանապարհին։ Այդ իսկ պատճառով, շատ կարեւոր է հասարակությանը կրթել այնպես, որ նրանք անվտանգ եւ քաղաքակիրթ վարք դրսեւորեն. չգերազանցեն արագության թույլատրելի սահմանը, կապեն ամրագոտիները, չվարեն ալկոհոլի ազդեցության տակ, հատուկ ռեֆլեկտորներով հագուստ կրեն եւ այլն։ Վատ սովորությունները փոխելը ժամանակատար եւ ծանր աշխատանք է. այնուամենայնիվ, արդյունքը երկարաժամկետ է։ Բարեխիղճ եւ անվտանգ վարքով վարորդ կամ հետիոտն դաստիարակելու նպատակով ԼՃՎ-ն հսկայական ուշադրություն է դարձնում կրթական գործողություններին։

Ճանապարհային երթեւեկության անվտանգությանն ուղղված կրթական նախագծերը

Ներկայում ընթացքի մեջ է ճանապարհային երթեւեկության անվտանգության երեք նախագիծ։ Անվտանգ երթեւեկության կանոնները հարկ է սովորեցնել վաղ տարիքում։ Արդյունքում երեխաները կդառնան հիանալի երթեւեկողներ։ Նախագծերից մեկը լիտվացի դպրոցականների շրջանում անցկացվող «Փրկեք երիտասարդ կյանքերը ճանապարհին» մրցույթն է, որն իրականացվում է ԼՃՎ-ի կողմից եւ ընդգրկում է դպրոցականների բոլոր տարիքային խմբերը։ Տարրական դպրոցի աշակերտներին սովորեցնում են երթեւեկության տարրական կանոնները՝ ինչպես անվտանգ կերպով անցնել ճանապարհն այն տեղերում, որտեղ հետիոտնի անցում չկա կամ երբ հետիոտնի անցումը կարգավորվում է լուսակրով, չշտապել եւ փողոցն անցնել միայն անվտանգ տեղում եւ այլն։ Հարկ է նշել, որ երեխաները գործնական առաջադրանքներ են կատարում իրական պայմաններում։ Ավելի ուշ, ըստ տարիքային խմբի, երեխաները մասնակցում են երիտասարդ հեծանվորդների «Անվտանգ անիվ» մրցույթին, ինչպես նաեւ երիտասարդ մոտոցիկլիստների, մոպեդի եւ ավտոմեքենայի երիտասարդ վարորդների մրցույթի։ Բոլոր մրցույթներում ներառված են տեսական եւ գործնական առաջադրանքներ։ Դպրոցներում ԼՃՎ-ն նաեւ նախաձեռնում է երթեւեկության անվտանգության դասեր։ Դասերի ընթացքում երեխաներին սովորեցնում են, ինչպես ճիշտ օգտագործել ռեֆլեկտորները եւ անվտանգ անցնել փողոցը։

Մեկ այլ կարեւոր եւ հաջողված ծրագիր է «Փրկենք իրար ճանապարհին» նախագիծը, որն իրականացվում է տրանսպորտի եւ կապի նախարարության, Ոստիկանության բաժնի եւ Եպիսկոպոսական համաժողովի կողմից։ Հոգեւորականությունը բավականին ակտիվորեն է մասնակցում այս ծրագրին։ Նրանց ներդրումը խիստ կարեւոր է։ Նրանք հաղորդակցվում են մարդկանց հետ, բացատրում եւ հիշեցնում են նրանց ճանապարհներին անվտանգ վարքի մասին իրենց քարոզների կամ ծխականների տներ այցելությունների ժամանակ, հաղորդակցվում են երիտասարդ ընտանիքների եւ երեխաների հետ։ Հոգեւորականների խոսքը շատ կարեւոր է, եւ մարդիկ լսում են նրանց խորհուրդները։ Այդ իսկ պատճառով ռեֆլեկտորը, որը ստանում են հոգեւորականի ձեռքից, մոտոցիկլիստին տրված իրանակալը կամ ռեֆլեկտոր ժապավենով գնումների տոպրակը մի կողմ չեն դրվում, այլ շատ են օգտագործվում։ Անվտանգ երթեւեկության արշավներ են իրականացվում եկեղեցում, երբ կրոնական տոնակատարություններ են անցկացվում, իսկ հետո ցուցադրվում է անվտանգ երթեւեկության թեմայով հատուկ մշակութային ծրագիր։ Հոգեւորականները մասնակցում են դպրոցներում ու համայնքներում ոստիկանության եւ ԼՃՎ-ի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների կամ արշավների։ Միջոցառումների ընթացքում ի ցույց են դրվում անվտանգության ամրագոտիների արդյունավետությունը եւ փոխադրամիջոցի շրջվելու սիմուլյացիոն սարքերը, ինչպես նաեւ երեխաների անվտանգության նստարանները, ցուցադրվում են վիդեո եւ աուդիո հոլովակներ, եւ ֆիլմեր են հեռարձակվում ճանապարհային անվտանգության մասին։ Բաժանվում են երեխաների եւ մեծահասակների համար նախատեսված ճանապարհային անվտանգության, ռեֆլեկտորների, իրանակալների եւ անդրադարձնող պարագաներ ունեցող այլ միջոցների մասին հրապարակումներ։

«Համայնքներում երթեւեկության անվտանգությունը» թեմայով մրցույթը ԼՃՎ-ի կողմից իրականացվող մեկ այլ նախագիծ է, որտեղ համայնքները կազմակերպում են ճանապարհներին եւ փողոցներում անվտանգությանը վերաբերող տարբեր միջոցառումներ։ Համայնքի ամենաակտիվ անդամները, ոչ կառավարական հատվածի հաստատությունների ներկայացուցիչները կազմակերպում են ճանապարհային երթեւեկության անվտանգությանը վերաբերող միջոցառումներ իրենց համայնքներում եւ կազմակերպություններում։ Շատ կարեւոր է, որ միջոցառումների կազմակերպիչները ոչ ոքի չանտեսեն. նրանք այցելում են հեռավոր վայրերում ապրող տարեցներին եւ նպաստառուներին։ Նրանք բաժանում են իրանակալներ, ռեֆլեկտորներ եւ անվտանգության այլ պարագաներ։ Հաշմանդամները նույնպես ակտիվ մասնակցում են արշավներին։ Կազմակերպվում են նաեւ վիկտորինաներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, համերգներ, սպորտային մրցումներ, հեծանվային արշավներ, ռեֆլեկտորների բաժանում եւ հանրահռչակման արշավներ։ Համայնքային ծրագրեր են հաճախ իրականացվում տեղական իշխանությունների, ոստիկանության, ճանապարհային մասնագետների, կրթական եւ այլ հաստատությունների հետ սերտ համագործակցությամբ։

Հայաստանում լիտվական նախագծերի տարածումը

Լիտվայի՝ երթեւեկության անվտանգությանն ուղղված գործողությունները տարածվում են նաեւ Հայաստանում։ Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ ճանապարհային երթեւեկության անվտանգության արշավները Հայաստանում մեկնարկեցին 4 տարի առաջ՝ ոչ կառավարական հատվածի հաստատությունների հետ սերտ համագործակցությամբ։ Ռեֆլեկտորների եւ ռեֆլեկտորներով կահավորված այլ պարագաների բաժանումը կրթական հաստատություններում շատ հաջող է եղել եւ արագորեն տարածվել է։ Դպրոցներ այցելելիս մասնագետները բացատրում են երեխաներին, թե ինչու են ռեֆլեկտորները կարեւոր, ինչպես պետք է դրանք ճիշտ կրել (օգտագործել), ցույց են տալիս կարճ տեսանյութեր ռեֆլեկտորների կարեւորության մասին, նվիրում են անդրադարձնող ժապավեններով եւ կցասեղով ամրակցվող ռեֆլեկտորներ։ Ամեն տարի այցելված դպրոցների եւ բաժանված ռեֆլեկտորների թիվն աճում է, ավելի ու ավելի մեծ թվով մասնակիցներ են միանում ծրագրին։ Հայաստանի հասարակական կազմակերպությունները չափազանց ակտիվ են. այս կազմակերպությունների ամենաակտիվ անդամները մտածում են ռեֆլեկտորների ինքնուրույն գնման կամ արտադրության մասին։

Շատ կարեւոր է, որ տրանսպորտի եւ կապի նախարարության փորձագետները մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող երթեւեկության անվտանգության տարբեր միջոցառումների։ Ամեն ինչ սկսվեց Գուրգեն Մահարու անվան տարրական դպրոցում (Գուրգենի այրին՝ 93-ամյա Անտանինա Պովիլայտիտեն, դեռ ապրում է գրողի՝ Երեւանում գտնվող տուն-թանգարանում)։ Ավելի ուշ ծրագիրը շարունակվեց Շիրակի մարզում, Արթիկի թիվ 8 դպրոցում, որը կառուցվել էր 1988թ. երկրաշարժից հետո՝ լիտվացի կապալառուի կողմից։ Լիտվական ACC Distribution ընկերությունը նվիրեց ռեֆլեկտոր կապիչներով դպրոցական պայուսակներ եւ համակարգչային դասարան հիմնեց երեխաների համար։ 2016թ.-ին ծրագիրը տեղափոխվեց Վայոց ձորի մարզ, որտեղ Գնդեվազի, Կեչուտի եւ Ջերմուկի դպրոցականները, «Լիդիան Հայաստան» ընկերության հետ համագործակցությամբ, երեխաներին նվիրեցին ռեֆլեկտոր կապիչներով դպրոցական պայուսակներ, իսկ փորձագետները բացատրեցին ճանապարհային անվտանգության կարեւորությունը եւ սովորեցրին, թե ինչպես է պետք օգտագործել անվտանգության պարագաները մթության եւ վատ տեսանելիության պայմաններում։ Այս տարի ծրագիրը կշարունակվի Սյունիքի եւ Շիրակի մարզերում ուսումնական տարվա սկզբին՝ Սյունիքի մարզում 8 դպրոցի մասնակցությամբ, ինչպես նաեւ Շիրակի մարզում Արեւիկ, Փանիկ եւ Գյումրի «Լիդիան Հայաստանի» եւ այլ հովանավորների նվերներով այցելություններով։

Ճանապարհային անվտանգությանն ուղղված այլ կրթական գործողություններ

Մեկ այլ կարեւոր գործողություն, որն անկասկած նպաստել է ճանապարհային անվտանգության հետ կապված իրավիճակի բարելավմանը, հեռուստատեսությամբ եւ ռադիոկայաններով հեռարձակվող սոցիալական գովազդն է ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին։ Ներկայում սոցիալական գովազդ է հեռարձակվում 9 հեռուստաալիքով եւ 15 ռադիոկայանով։ Գովազդային վիդեո եւ աուդիո հոլովակները հիշեցնում են հեռուստադիտողներին եւ ունկնդիրներին ճանապարհին զգույշ եւ անվտանգ վարք չդրսեւորելու դեպքում հանդիպող ռիսկերին։ Սոցիալական գովազդում վարորդներին խրախուսում են չգերազանցել թույլատրելի արագության սահմանը, ուղեւորներին՝ կապել ամրագոտիները, հետիոտներին՝ ռեֆլեկտորներ օգտագործել մթության կամ վատ տեսանելիության պայմաններում։ Ըստ իրականացված ուսումնասիրության, պատասխանողների ավելի քան 70 տոկոսը պատասխանեց, որ սոցիալական գովազդը ազդեցություն է ունեցել. ստիպել է վերանայել վարքագիծը, կապել ամրագոտիները, հետեւել արագության սահմանափակմանը, օգտագործել ռեֆլեկտորները եւ այլն։

Ձեռքբերումները
եւ ապագայի նպատակները

Ճանապարհային երթեւեկության անվտանգությանն ուղղված միջոցառումների տեսանկյունից Լիտվայի անկախության շրջանը կարող է գնահատվել որպես հաջողության ժամանակահատված. 1990թ.-ի դրությամբ տարեկան մահացության թիվը նվազել է ավելի քան հինգ անգամ։

Անվտանգ երթեւեկության ապահովմանը միտված նպատակային եւ հետեւողական ինժեներական եւ կրթական գործողությունները հնարավորություն են տալիս ավելի լավ արդյունքներ գրանցել։ Վերջին երկու տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2016 թ.-ին 188 մարդ է զոհվել ճանապարհային պատահարներում, ինչը 53-ով պակաս է 2015-ի վիճակագրությունից (242 զոհեր)։

Անցյալ տարի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Լիտվայում նվազել է 22.3 տոկոսով. սա լավագույնն է Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համաթվի (PIN) ծրագրի մասնակից 32 երկրների արդյունքներից։ Լիտվան 2011թ.-ին ստացել է Ճանապարհային երթեւեկության անվտանգության մրցանակն այս ծրագրի շրջանակներում։

Թեեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը լրջորեն նվազել է, Լիտվան ավելի հավակնոտ պլաններ ունի՝ իրականացնելու ZERO VISION կամ բացառելու մահացու ելքով պատահարները լիտվական ճանապարհներին։

Հուսով ենք, որ ԼՃՎ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ճանապարհատրանսպորտային անվտանգության նախագծերի արդյունքում, որոնց աջակցում են Հայաստանի ոստիկանությունը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Երեւանի քաղաքապետը, հայկական հեռուստատեսությունը, Հայ առաքելական եկեղեցին, կմեծանա ճանապարհային երթեւեկության անվտանգությանը եւ ճանապարհներին դժբախտ պատահարների նվազեցմանն ուղղված միջոցառումներով հետաքրքրված կազմակերպությունների թիվը։ Այս նպատակներին հասնելու համար խիստ կարեւոր է շահագրգիռ կազմակերպությունների կողմից համագործակցությունն ու Լիտվայի տրամադրած օժանդակությունը։

Լիտվայի Հանրապետության
դեսպանություն
Հայաստանի Հանրապետությունում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930