Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց մոսկովյան բալետի արտիստների եւ խորեոգրաֆների մրցույթին

Հունիս 30,2017 14:30

Սակայն մրցույթում խորեոգրաֆիան մեր «մասով» բաց մնաց

Հայկական բալետային դպրոցի ներկայացուցիչները մասնակցելով տարբեր մրցույթների, իրենց բարձրարվեստ ելույթներով մշտապես գրավել են ժյուրիի ուշադրությունն՝ արժանանալով բարձր գնահատականի: Ինչպես մշակույթի տարբեր ոլորտներում, այնպես էլ բալետարվեստում, վերջին շրջանում սնկի պես բազմացել են մրցույթները:

Հեղինակավորներից էլ կան այնպիսիք, որոնց դեռեւս չեն մասնակցել մեր արտիստները: Նման միջոցառումներից է Մոսկվայի Մեծ թատրոնում անցկացվող բալետի արտիստների եւ խորեոգրաֆների մրցույթը, որին այս տարի առաջին անգամ ունեցանք մասնակից. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Ռազմիկ Մարուքյան: Նա մշակույթի նախարարության աջակցությամբ վերջերս մասնակցելով 13-րդ անգամ Մեծ թատոնում անցկացվող վերոնշյալ մրցույթին, արժանացել է դիպլոմի: Մրցույթը, որը անցկացվում է 4 տարին մեկ, այս տարի համընկել էր մրցույթի գեղարվեստական ղեկավարի՝ ականավոր խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի ծննդյան հոբելյանին՝ 90-ամյակին:

«Ամեն հայ սուրբ»

«Առավոտի» հետ զրույցում Ռազմիկ Մարուքյանը նշեց, որ այս մրցույթն անցկացվում է երկու տարիքային խմբում, 27 երկրից ժամանել էր շուրջ 300 արտիստ եւ խորեոգրաֆ: Ժյուրին գլխավորում էր Ռուսաստանում անցկացվող բոլոր այսօրինակ մրցույթների հանձնախմբերում ներգրավված բալետի ճանաչված մանկավարժ Սերգեյ Ուսանովը: «Ես ներկայացրի Արման Բալմանուկյանի ժամանակակից խորեոգրաֆիայով Մակար Եկմալյանի մշակմամբ «Ամեն հայ սուրբը» եւ բալետի համաշխարհային գրականության 5 նմուշներից վարիացիաներ՝ Մինկուսի «Դոն Կիխոտ», Վայնոնենի «Փարիզի հուրը», Ադանի «Կորսար», Չայկովսկու «Քնած գեղեցկուհին», Դելիբի «Կոպելիա» ներկայացումներից: Վարիացիաներն ինձ հետ պատրաստել էր նույնպես Արման Բալմանուկյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Ռազմիկ Մարուքյանին հանդիպել ենք Երեւանի օպերային թատրոնի խաղացանկային ընդամենը մեկ ներկայացման մեջ՝ Իշխան Զվեզդիչի գլխավոր դերապարով՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսում»: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ընդգրկված չէ այլ ներկայացումներում: Արտիստը պատասխանեց. «Թեեւ թատրոնում պրակտիկա եմ անցել պարարվեստի քոլեջի 3-րդ կուրսից, բայց ընդամենը 3 ամիս է, ինչ բալետային խմբում եմ: Այս ընթացքում մասնակցություն եմ ունեցել Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ» ներկայացումներին»:

Դիտարկմանը, թե այս տարի արտիստը մասնակցել է Բելգիայում կայացած PRIX ARABESQUE մրցույթին, արժանացել առաջին մրցանակին, նաեւ «Լավագույն արտիստիկ կատարում» հատուկ մրցանակին, իսկ Մոսկվայում՝ միայն դիպլոմի, արվեստագետը հավաստիացրեց, որ մոսկովյան մրցույթը դասվում է աշխարհի հեղինակավորների շարքում եւ, իր խոսքերով՝ «Մոսկվայի մրցույթը իսկապես օլիմպիադա է եւ մեծ հաջողություն է արժանանալ դիպլոմի»:

«Փարիզի հուրը»

Արման Բալմանուկյանը իբրեւ խորեոգրաֆ բալետասեր հասարակությանը հայտնի է Ալեքսանդր Իրադյանի «Ինքնասպանի գրառումները», Մաքս Ռիխտերի «Գիշերային մարդը» ժամանակակից բեմադրություններով: Եվ քանի որ նա Ռազմիկ Մարուքյանի կողքին է եղել ողջ մրցույթի ընթացքում, հետաքրքրվեցինք՝ ի՞նչն էր պատճառը, որ ինքն էլ չի մասնակցել մրցույթին, մանավանդ որ, Ռազմիկ Մարուքյանը ներկայացրել է նաեւ իր աշխատանքը: «Պարզապես ժամանակը քիչ էր ու ընդամենը մեկ համարով չէիր մասնակցի մրցույթին»,- պատասխանեց Արման Բալմանուկյանը:

Ի դեպ, հայ խորեոգրաֆները երբեւէ չեն մասնակցել որեւէ մրցույթի, սակայն եթե չենք սխալվում, մոտ 4 տարի առաջ օպերային թատրոնը հնարավորություն տվեց ճանաչված բալետի արտիստներ Ժակլին Սարխոշյանին, Մարիա Դիվանյանին, Ռուբեն Մուրադյանին, Գարիկ Բաբելյանին՝ ներկայանալ նաեւ իբրեւ խորեոգրաֆներ:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Արման Բալմանուկյանն ու Ռազմիկ Մարուքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930