Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական ողբերգության հայկական աղերսները

Հունիս 30,2017 14:00

Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը»
ֆիլմը «Ոսկե ծիրանի» օրերին հասու կդառնա հայ կինոսիրողին:

Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» ֆիլմը «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային մրցույթում է: Այն հաղթող է ճանաչվել Ուկրաինայում եւ նվաճել տեղական «Օսկար»՝ 20 անվանակարգերից 14-ում:

Ռեժիսորն արծարծում է Իտալիա արտագնա աշխատանքի մեկնող ուկրաինուհիների թեման: Նրանց ընտանիքները քայքայվում են, նրանք փող են աշխատում` հայրենիքում թողնելով իրենց ամուսիններին ու մանկահասակ երեխաներին, որոնց ճակատագրերը եւս այլ կերպ են դասավորվում էմիգրանտ կանանց ու մայրերի պատճառով:
Հարցազրույցներից մեկում ռեժիսորն ասել է, որ իր ֆիլմը յուրատեսակ կոչ է` արտագնա աշխատանքի մեկնելուց առաջ մի լավ մտածել: Գլխավոր հերոսուհուն՝ Դարինային մարմնավորել է Ուկրաինայի ամենապահանջված դերասանուհիներից մեկը՝ Ռիմա Զյուբինան:

Դարինան իտալական ընտանիքներից մեկում աղախին է աշխատում, նրա համար աշխատանք է գտել ընկերուհին` Գալյան, որն Իտալիայում այլեւս Լինա է: Դարինան ստիպված է տանել բոլոր նվաստացումները, տանտիրոջ սիրահետումները, նրա մոր նախատինքները, որովհետեւ ընտանիքը փողի կարիք ունի: Իտալիայից վերադառնալիս Դարյան իր կրծքի տակ նաեւ երեխա է բերում Ուկրաինա: Ինքը չգիտի, թե ինչ է լինելու, երբ բացահայտվի ողջ ճշմարտությունը:


Ամուսնուն միայն փողն է հետաքրքրում, ցանկանում է, որ Դարյան կրկին Իտալիա գնա, որպեսզի կարողանան տրակտոր գնել ու նոր կառուցվող տունը ավարտին հասցնել:
«Դրանք բոլորը պոռնիկ են»,-տրտնջում է Իտալիա աշխատելու մեկնած մեկ այլ ուկրաինուհու ամուսին, սակայն նա եւս հաճույքով ծախսում է կնոջ ուղարկած գումարը, բայց նաեւ գիտակցում է, որ կինն այնտեղ մենակ չէ:

Առաջին հայացքից «Տատրակի բույնը» happy end-ով է ավարտվում: Դարյայի`առանց օրինական ամուսնանալու հղիացած ու երեխային կորցրած դստերը պատրաստվում են ամուսնացնել, Դարիայի ամուսինն էլ հետաքրքրված է` տղա՞ են ունենալու, թե՞ աղջիկ: Անգամ երեխայի իտալացի հայրն է զանգահարում, նա եւս ուրախ է, որ տղա է ունենալու, թեկուզ արտաամուսնական կապից: Թվում է՝ Դարինան երջանիկ է, բայց նժարը, որի վրա դրված է թվացյալ երջանկությունը, ավելի թեթեւ է, քան մյուս նժարին դրված տարիներով կուտակված ցավը, նվաստացումը, տառապանքը, կարոտը…

Տարաս Տկաչենկոն կարողացել է հոգեվերլուծողի նման քննել իր հերոսներին, բացահայտել նրանց խնդիրները, որոնց հանրագումարում էլ գոյանում են հայրենիքի համընդհանուր կնճիռները:

Ընդհանրապես նախկին խորհրդային երկրներում խնդիրները նման են: Տկաչենկոյի ֆիլմը Ուկրաինայի մասին է, բայց ասես Հայաստանը պատկերված լինի ու օրվա հաց վաստակելու համար Թուրքիա մեկնող հայ կանանց ճակատագրերը: Նրանց ամուսիններն ու երեխաներն էլ հագած-կապած են, նրանք ժպտում են, բայց փշրված ժպիտով…Պատճառը պարզ է:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

29.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930