Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սրիկաներ կերտողները

Հունիս 30,2017 13:30

Վաղուց փորձում եմ պարզել հետեւյալ հարցի պատասխանը. «բոլոր երեխաները հիանալի են, աստվածային, որտեղի՞ց են հայտնվում սրիկաները»: Այս հարցի պատասխանը, ըստ էության, տրված է հենց հարցում, որում համեմատվում են երեխաները եւ սրիկաները, այսինքն` ոչ երեխաները, մեծերը, այսինքն` մենք ինքներս, որոնք էլ կարծես թե ամեն ինչ անում են այդ աստվածային պստիկներից հանճարեղ սրիկաներ բուծելու համար: Եվ հետո էլ զարմանում ենք, թե որտեղից են հայտնվում այդ նենգ սրիկաները: Եվ քանի որ այդ հարցի պատասխանն այդքան պարզ է, ապա ծնվում է մի այլ հարց. «ինչո՞ւ են մեծերը կերտում այդ սրիկաներին», չէ՞ որ նրանք ամենեւին այդ բանը չեն ուզում անել, բայց համառորեն սերունդ առ սերունդ հետեւողականորեն զբաղված են այդ անշնորհակալ եւ բոլորիս համար վտանգավոր այդ գործով:

Վերջերս դիտում էի մի հեռուստահանդես` «Ամենախելացին», որը վարում էր համակրելի մի հաղորդավարուհի եւ զարմանում, թե որքան հիմար հարցեր են տրվում երեխաների խելացիությունը պարզելու համար: Բայց դա ամենը չէ, ամենավտանգավորն այն է, որ ամենախելացիին պարզելուց հետո, որքան շատ «չխելացիներ», անխելքներ պարզեցին: Արդյունքը որն է: Մեկը ստանում է դափնիներ, նրանց ծնողները, ուսուցիչները ցնծության մեջ են, հրճվում են իրենց երեխայով, հպարտանում, իսկ մյուսները, որոնք շատ ավելի շատ են` հիասթափված են, կոտրված, հուսախաբ, նրանց ծնողները, ուսուցիչները, ծանոթները նախանձով նայում են հաղթողին եւ ափսոսում, որ հաջողությունը իրենց երեխայից երես է թեքել: Ընդ որում, պատահական չնշեցի հաղորդավարի համակրելի լինելը: Բանն այն է, որ այդ համակրելիությունը ավելի մեծ չափով է նպաստում այդ անշնորհակալ գործը հաջողությամբ առաջ տանելուն: Արդյունքում ստացվում է, որ խաչբառը լավ լրացնողները ամենախելացիներն են:

Նույն բանն ամեն օր կրկնվում է դպրոցում: Մեկը, երկուսը ստանում են «գերազանց», մյուսները «երկու» կամ «երեք»: Այլ կերպ ասած, արդեն դպրոցական տարիքից երեխաները բաժանվում են խելոքների եւ ոչ խելոքների (չեմ ուզում ասել հիմարների): Արդյունքում, ստանում ենք երեխաների մի հսկայական բանակ, որոնք արդեն ընկճված են, կորցրել են հավատը իրենք իրենց նկատմամբ, արհամարհված են, եւ որ ամենակարեւորն է՝ իրենց ապագայի նկատմամբ հույսը կորցրած: Այդ մարդկանցից արդեն ամեն ինչ սպասելի է` ե՛ւ գողություն, ե՛ւ թմրամոլություն, ե՛ւ հայհոյախոսություն, եւ էլի շատ վատ արարքներ: Բայց եթե մի քիչ խելքներիս զոռ տանք, ապա կհիշենք, թե ինչքան «հիմար երեխաներ» ապագայում դարձել են տաղանդավոր ու հանճարեղ: Էլ ինչո՞ւ ենք նրանց այդ փոքր տարիքում պարսավում, հայհոյում, դժգոհում: Հիմա այդ փոքրիկներն են ոչ խելացի՞, թե՞ իրենց խելացի համարող մեծերը:

Վերջին տարիներին ուսուցման այս եղանակին ավելացվեց ռոբոտացման նոր տարբերակ, ըստ որի՝ թեստերի միջոցով կարելի է որոշել, թե երեխան դասվում է խելոքների՞, թե՞ հիմարների թվին եւ ըստ այդմ որոշել, թե երեխային հետագայում ինչպիսի կրթություն պետք է տալ: Այն երեխան, որն ունի բարձր «IQ» (այսպես կոչված, խելոքության գործակից), պետք է նրա համար ստեղծել մտավոր ունակության հետագա զարգացման բոլոր պայմանները, իսկ մյուսների համար այսպիսի պայմաններ ապահովելը անօգուտ է, քանի որ նրանք ի ծնե «դմբոներ» են:

Երեխային չսովորեցնելով իրապես յուրացնել որոշակի գիտելիքներ, չձեւավորելով մտածողություն եւ ինքնուրույն դատելու հմտություն, նա ստիպված է դրանք «անգիր անել», «թութակի պես կրկնել», անիմաստ սերտել: Գիտելիքների յուրացման ընթացքում այդպիսի ուսուցումը հանգեցնում է ընդամենը հիշողության որոշակի տիպի ձեւավորմանը, բայց չի ձեւավորում մտածողություն, վերլուծելու, դատելու ունակություն: Այլ կերպ ասած՝ երեխայի հետ վարվում ենք այնպես, ինչպես ռոբոտի հետ եւ արդյունքում ստանում ենք ոչ թե մտածող անհատ, այլ ընդամենը ռոբոտացված մարդ:

Հաճախ կարելի է հոբելյանները նշելիս լսել, թե այս դպրոցը, բուհը քանի ակադեմիկոս, դոկտոր, գյուտարար, նախարար, հասարակական, քաղաքական գործիչներ եւ չգիտեմ էլ ինչ տիտղոսակիր մարդիկ է տվել, բայց դրանցից ոչ մեկը չի ասում, թե քանի գող, ավազակ, խաբեբա, կաշառակեր պաշտոնյա է պատրաստել: Դժբախտաբար, վերջիններիս թիվը շատ ավելի մեծ է, քան առաջինները: Ընդ որում, իսկական ակադեմիկոսներն ու դոկտորները այդպիսիք դարձել են ոչ թե շնորհիվ իրենց դպրոցների ու բուհերի, այլ հակառակը, նրանք այն բնատուր տաղանդներն են, որոնք կարողացել են «մոռանալ», դուրս պրծնել կրթական կաղապարներից: Իսկ այ բացասական դերակատարություն ստանձնածների դաստիարակման գործում իսկապես մեծ ավանդ ունեն:

Դառնանք գովազդին, որ դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը: Առավոտից երեկո, ամենուր գովազդվում են ծառայություններ ու ապրանքներ եւ զեղչեր մինչեւ անգամ 100% եւ անգամ պլյուս նվեր, ծառայություններ, որ կատարվում են անվճար եւ նման մեծ ու փոքր ստեր: Այդ որ խելոքն է, որ որոշել է ինձ լավություն անել անվճար: Ասում է` գնիր 1-ը, կտամ երկուսը: Տեր Աստված, ասա ապրանքիդ, ծառայությանդ վերջնական գինը, ինձ ոչ քո զեղչն է անհրաժեշտ, ոչ քո նվերը: Եվ չես հասկանում՝ այդ մարդիկ են հիմար, թե ինձ են հիմարի տեղ դնում: Դե՛, երեխա, սովորիր մեծերից, բայց ի՞նչ. խաբեություն եւ հարուստ կլինես: Հետո զարմանում ենք, որ այսօրվա երեխաները կարծես թե ուրիշ են:
Ի՞նչ սովորի երեխան քաղաքական գործիչներից, որոնք իրենք իրենց վերածել են ապրանքի եւ քաղաքական ընտրությունում հաղթելու համար ծախսում են միլիոնավոր դոլարներ իրենց գովազդի (գովերգելու) համար: Ի՞նչ սովորի նա այն քաղաքական գործիչներից, որոնք արդեն ընտրվել են նախագահներ, պատգամավորներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, վարչապետներ, նախարարներ, քաղաքապետներ:

Երեխաներն էլ ամենեւին հիմար չեն, ընդհակառակը՝ շատ խելոք են, հասկացել են, որ սովորելուց օգուտ չկա, եւ միայն դիպլոմ է պետք, այլ ոչ թե գիտելիք: Դիպլոմ, դիպլոմ, դիպլոմ…, ահա նպատակը: Դիպլոմ ունենալով կարող ես ընդունվել պետական ծառայության, իսկ աշխատավարձը, որ ցածր է, հոգ չէ, կարելի է «ձախ» եկամուտ աշխատել: Եվ սկսվում է մրցակցությունը պետական պաշտոնյա դառնալու համար, իսկ արդեն պաշտոնյաները մրցակցում եւ հիերարխիայի ավելի բարձր աստիճաններին հասնելու համար, չէ՞ որ որքան բարձր աստիճանում ես, այնքան մեծ է «ձախ» եկամուտը: Եվ այդ մրցակցությունում էլի հաղթում են «ամենախելացի» խաղի կանոններով. ով ավելի ճիշտ կպատասխանի հիմար հարցերին (այսօր դա «գիտականորեն» կոչվում է թեստ):
Հանրահայտ է, որ երեխան ծնվում է մերկ եւ ոչինչ չունի, բացի մի քանի բնական բնազդներից եւ սովորելու ունակությունից: Իսկ նա սովորում է ոչ թե հորդորներով ու խրատներով, այլ մեծերին ընդօրինակելով, կրկնելով մեր խոսելաձեւը, պահվածքը, հաճույք է ստանում այն ամենից, ինչից հաճույք ենք ստանում մենք: Նրանք չգիտեն, որ, օրինակ, լուրջ գիտնականը հաճույք է ստանում ինտելեկտուալ աշխատանքից, այլ ոչ թե գույնզգույն փալասներից ու զիզի-պիզի իրեր ձեռք բերելիս, կամ քեֆ անելիս: Մենք հայհոյում ենք, ծխում ենք՝ նրանք կրկնում են եւ այսպես շարունակ:

Նա սովորում է առաջին հերթին իր ծնողներից ու հարազատներից, հարեւաններից ու իր բակի մեծ ու փոքրից, հետո նաեւ ուսուցիչներից եւ վերջապես՝ ամբողջ աշխարհից:
Այսօր, երբ աշխարհը վերածվել է սպառող հասարակարգի եւ փողը դարձել է չափանիշ եւ տեղեկատվական բոլոր միջոցներն ամեն օր աշխարհով մեկ սփռում են, թե քանի միլիոն են վաստակել եւ ինչ թանկարժեք ապրանքներ են ձեռք բերել մեծահարուստները, երեխան լցվում է աշխարհի նկատմամբ չարությամբ եւ նախանձով: Նա հիվանդանում է փող աշխատելու մոլուցքով: Ի՞նչ սովորի նա պրոֆեսիոնալ սպորտսմենից, երբ տեսնում է, թե ինչպես է այդ սպորտսմենը հանուն այդ հաղթանակի, ինչը միլիոններ արժի, կարող է միտումնավոր շարքից հանել իր ախոյանին, կամ օգտագործի խթանիչներ, կամ բուքմեյքերական ընկերությունից շատ մեծ գումար ստանալու համար դիտավորյալ պարտվել իրենից շատ թույլ հակառակորդի, կամ սպորտային միջազգային եւ տեղական կազմակերպությունների կոռուպցիոն գործունեությունը: Չէ՞ որ այդ ամենին այսօրվա երեխան քաջածանոթ է:

Այսօր եւ դրպրոցը, եւ բուհը երեխային դիտում են որպես հիշողության շտեմարան՝ «ֆլոպի», որտեղ պետք է լցնել տեղեկատվություն, որքան շատ, այնքան լավ սկզբունքով, մոռանալով, որ տեղեկատվությունը ամենեւին գիտելիք չէ: Կարճ ասած, երեխային սովորեցնում ենք ամեն ինչ, բացի մտածելուց: Եթե դրան ավելացնենք, որ բոլորս երեխաներին անընդհատ արգելում ենք որեւէ ինքնուրույն քայլ կատարել, անընդհատ դաստիարակում ենք «չի կարելի», «ձեռք մի տուր», «կմեծանաս՝ կհասկանաս» եւ նմանատիպ հորդորներ, պարզ կդառնա, որ երեխան բացարձակապես զրկվում է ինքնուրույնությունից, նախաձեռնողականությունից, վերածվում է տիկնիկի, խամաճիկի: Նրան դարձնում ենք մեծերի, իսկ ապա «շեֆերի» կամակատարը: Սակայն դրան հետեւում է երեխայի ընդվզումը, պայքարը ինքնահաստատման, սեփական «ես» -ի համար, իսկ դրան հետեւելով՝ նա մեծերից սկսում է գաղտնի պահել իր գործողությունները, մտածմունքները եւ արդեն դառնում է մեծերին ընդօրինակող: Այդ նրանք են, որ ավելի հասուն տարիքում դառնում են ցուցամոլ, ցանկանում են մյուսներից տարբերվել իրենց մեքենաներով, հագ ու կապով, իրենց լկտի պահվածքով, եթե կարող են, ապա նաեւ անպատժելիությամբ՝ իրենց օրենքից վեր դասելով: Այսպես մենք պատրաստում ենք ընդամենը սպառողներ:
Այսօր տղա երեխաները կարծում են, թե տղամարդկությունը հայհոյելն է, կռիվ անելը, իրենցից թույլին նեղացնելը, խմելը, ծխելը, բայց ոչ սովորելը, համեստությունը, թույլին պաշտպանելը եւ այլն: Եվ այս ամենում դերակատարը այն հիմարն է, որը դպրոցում եւ կյանքում չի կարողացել պատշաճ սովորել, կրթվել, գնահատել ուրիշի գեղեցիկ արարքը, խնդիր լուծելուց հաճույք ստանալ, խնամել ծառը եւ ծաղիկը:

Խեղճ երեխա, դե արի ու մի դարձիր սրիկա, գցող, պոռոտախոս, ցուցամոլ, օրենքով գող, մաֆիոզի,…. Չշարունակեմ: Եվ որպեսզի այս ամենը չավարտեմ այսքան մռայլ գույներով, ապա ավելացնեմ, որ փա՛ռք Աստծո, դեռեւս կան երեխաներ, որոնք, ի հեճուկս սրիկաներ դասիարակողների, դառնում են ճշմարիտ գիտնական, արվեստագետ, մշակույթի կրող, Դոնկիխոտ եւ, բարեբախտաբար, հաճախ ուղղորդում են հասարակության առաջընթացը:

 

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ»

29.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Որտեղից են հայտնվու՞մ….Հարցրեք ՀՀԿ-ին՝ փոստի համարով,փողոցով ու շենքով եւ մնացած «մանր մունր»տվյալներով՝ կասեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930