Հայաստանի գրեթե ողջ տարածքում շատ տարածված դեղաբույսերից է տուղտը, որը օգտագործվում է բնաբուժության մեջ:
Տուղտի վերերկրյա մասի հյութը հակաբորբոքային է շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ. տուբերկուլյոզի, բրոնխիտի, հազի, բրոնխիալ ասթմայի, գաստրիտի, ցիստիտի, էնտերոկուլյոզի, լուծի դեպքում օգտագործում են 1 ճաշի գդալ հյութը՝ 1 ճաշի գդալ մեղրի հետ, օրը 3 անգամ:
Ամենաբուժիչ հյութը հունիս-հուլիսին է լինում: Հյութով լվանում են աչքերը` բլեֆարիտի` կոպաբորբի դեպքում, իսկ թրջոցների եւ հոգնաների տեսքով կիրառում են ուռուցքների, այրվածքների, թարախաբշտերի, սնկային ախտահարումների դեպքում:
Տուղտը իր կոլոիդ հատկությունների շնորհիվ հեշտացնում է խորխարտադրությունը, ունի ստամոքսի լորձաթաղանթը լորձապատող հատկություն։ Հաջողությամբ կիրառվում է նաեւ գերսեկրետոր գաստրիտների, ստամոքսի, 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների ժամանակ։ Ներքին ընդունման ձեւով այն հաջողությամբ կիրառվում է մակերիկամների գործառնության խանգարման դեպքում, օգտակար է նաեւ էկզեմայի, փսորիազի բուժման համար։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
29.06.2017