Հունիսի 30-ին Ժան Պոլ էկզիստենցիալ սրճարանում կայացավ «Օրրանի գույները» խորագրով ցուցահանդես: Ներկայացված էին «Օրրանի սաների» նկարները: Երեխաների աշխատանքներում միջնադարյան մանրանկարչության տարրեր կային, նաեւ պատկերված էին հայկական հեքիաթների եւ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հերոսները: Ցուցահանդեսը հյուրընկալել էր նաեւ ամերիկացի այցելուների:
Ցուցահանդեսին ներկա Քոլինս Ֆիտզփաթրիկը պատմեց կամավորական աշխատանքի կարեւորության մասին, ասաց, որ այժմ էլ իր թոռնիկներն են դրանով զբաղվում: Նաեւ կարեւորեց լավ կրթությունը որպես առաջընթացի գրավական: Նա օրրանցիներին կոչ արեց լավ սովորել եւ ուշադիր լինել դիմացինի հանդեպ:
Աննա Յարալյան-Հակոբյանն էլ դատարկաձեռն չէր եկել, նա էլ կոշիկներ ու լվացքի մեքենա էր բերել երեխաներին:
Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին։ Սկսելով 16 երեխայից՝ «Օրրանն» այսօր նեցուկ է դարձել բազմաթիվ երեխաների և տարեցների Երևան ու Վանաձոր քաղաքների իր կենտրոններում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ