Յուլիուս Շեւչիկի «Մասարիկ» ֆիլմը (Չեխիա) «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում է: Ֆիլմը այս տարի ցուցադրվել է նաեւ Բեռլինի կինոփառատոնի շրջանակում:
Այն չեխ հայտնի քաղաքական գործիչ Յան Մասարիկի մասին է, որը Չեխոսլովակիայի առաջին նախագահի որդին էր: Նրան մարմնավորել է Չեխիայում հայտնի դերասան Կարել Ռոդենը: Ֆիլմում չկա որեւէ ավելորդ արտահայտություն կամ կադր: Հանդիսատեսը մոտիկից տեսնում է դիվանագետի տառապանքը, անգամ հնարավորություն ունենում «քիթը խոթել» նրա ինտիմ եւ ընտանեկան մանրուքների մեջ:
Ֆիլմում 1938 թ Մյունխենյան համաձայնագրի ֆոնին ներկայացվում է Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարար Յան Մասարիկի կերպարը: Ի դեպ, Չեխոսլովակիայի անդամահատման վերաբերյալ այդ համաձայնագիրը ստորագրվել է Մեծ Բրիտանիայի (Ն․ Չեմբեռլեն), Ֆրանսիայի (է․Դալադիե), ֆաշիստական Գերմանիայի (Ա․ Հիտլեր) և ֆաշիստական Իտալիայի (Բ․ Մուսոլինի) ղեկավարների կողմից՝ Չեխոսլովակիայի վրա հիտլերյան Գերմանիայի ռազմական ու քաղաքական ճնշման պայմաններում։ Մյունխենի համաձայնագրով նախատեսվում էր Չեխոսլովակիայի Սուդետյան մարզի հանձնումը Գերմանիային, ինչպես նաև Հունգարիայի և Լեհաստանի տարածքային պահանջների բավարարումը ի հաշիվ Չեխոսլովակիայի։ Հենց սա էր ցավ պատճառում Յան Մասարիկին:
Մասարիկը այս ֆիլմում ներկայացված չէ որպես սուրբ ու մարդկային 100 %-անոց արժանիքների մարմնացում, նա դիվանագետ է, բայց նաեւ մարդ, որը բազմաթիվ մոլություններ ունի, սիրում է ջազ, կանանց, կոկաին, գինարբուքով խնջույքներ: Այս ամենով հանդերձ, Մասարիկը բացառիկ քաղաքական գործիչ է, պետական մտածողությամբ ու անսահման հայրենասիրությամբ, որ, երբեմն, հասնում է ինքնազոհողության: Ֆիլմում չկա հավելյալ պաթոս, ամեն ինչ մարդկային է եւ համոզիչ:
Նացիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի օկուպացման մասին Մասարիկն իմանում է թերթերից` ամերիկյան հոգեբուժարանում, լուրը տապալում է նրան: Հոգեբուժարանի սանիտարներին մի կերպ է հաջողվում «սանձել» նրա կատաղությունը: «Այս խելագար աշխարհում դուք չեք կարող բուժել խելագարին»,- զայրանում է զսպաշապիկ հագած Մասարիկը: Հայտնի է, որ հոգեբուժարանում բուժվելուն զուգընթաց նա նաեւ դասախոսություններով է հանդես գալիս: Հոգեբուժարանում նա բացառիկ հիվանդ է, բժիշկն անգամ աչք է փակում նրա կոկաին գողանալու վրա, նաեւ օգնում, որ Մասարիկը վերադառնա իրական կյանք, ոչ թե մարի այդտեղ ու համալրի խելագարների կազմը` այդ տխուր հաստատությունում:
1948թ մարտի 9-ի գիշերը Մասարիկին գտնում են մահացած: Նրա մահվան հանգամանքները մինչ օրս անհայտ են չեխ հասարակությանը: Ֆիլմը նայվում է մեկ շնչով: Այն իսկապես հետաքրքիր է ու մանրամասն աշխատված: Գուցե նաեւ «Ոսկե ծիրանի» միջազգային խաղարկային մրցույթում հնարավոր հաղթող ֆիլմն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ