Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսը. (Տեսանյութ)

Հունիս 29,2017 22:15

Հունիսի 29-ի The LOFT մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսը։ Ժողովածուում  զետեղված են  2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում․ 1991-1994 թթ․ գիրքը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։

Ժողովածուն կազմել են Անահիտ Հարությունյանը և Ռուզան Բագրատունյանը։ Գիրքը հրատարակության են պատրաստել «Հոգևոր Հայաստան» մշակութային կազմակերպությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Գիրքը տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ (1,5 մլն դրամ)։ Գրքի ձևավորման աշխատանքներն ամբողջապես իրականացրել է «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան։ Ժողովածուի անգլերեն թարգմանությունն իր վրա է վերցրել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը (IDeA)։

Նյութերի հավաքմանը աջակցել են ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության կենտրոնը։ ՀՀ պաշտպանության նախարարություն արդեն ձեռք է բերել գրքի 100 օրինակը։ Գիրքը հավանության է արժանացել նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից։ Առաջիկայում բուհերի գրադարանները ևս կունենան այն։

Գրքի մասին․

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, մեր օպերատորները, ռեժիսորներն ու լրագրողները, ի տարբերություն այլ երկրների, պատերազմի վավերագրության փորձ չունեին: Բացի այդ, երկիրը բանակ չուներ,  հետևաբար պատերազմի տարեգրությունն էլ կազմակերպված չէր: Ինչպես ազատամարտիկներն էին ճակատ մեկնում կամավոր, այնպես էլ լրագրողներն ու օպերատորները:

Յուրաքանչյուր լրատվամիջոց իր հայեցողությամբ ու իր հնարավորությունների սահմաններում էր մարդիկ ուղարկում ճակատ, կամ իրենք՝ կինեմատոգրաֆիստներն էին ինքնակազմակերպվում ու խմբեր կազմում: Հայտնի են, օրինակ՝ վավերագրական ֆիլմերի «Հայկ»  կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գևորգյանցի և  «Նավիգատոր» ստուդիայի հիմնադիր Կարեն Գևորգյանի կազմակերպած խմբերը, սակայն հավաքագրման սկզբունքը, միևնույն է, կամավոր էր: Ընդ որում, ճակատ էին մեկնում տեխնիկական ու նյութական շատ սուղ հնարավորություններով, չունենալով փոխադրամիջոց, երբեմն՝ սիրողական տեսախցիկներով, երբեմն չունենալով տեսաերիզների անհրաժեշտ պաշար:

Կյանքի գնով իրականացված նկարահանումները, երբեմն, ոչնչացվում էին սեփական ձեռքերով, որպեսզի տվյալ ժապավենի վրա նոր նկարահանում արվեր։ Իսկ պահպանված ժապավեններն էլ մեծ ճիգերով էին հասցվում շրջափակված Հայաստանի հեռուստատեսություն, ամենավտանգավոր ճանապարհներով ու փոխադրամիջոցներով:

Եվ ցավալին այն է, որ այդ կյանքի գնով պատրաստված տեղեկատվությունն էլ չնչին չափով էր ծառայում իր նպատակին, քանի որ էլեկտրականության հովհարային անջատումների պայմաններում ապրող բնակչության շատ փոքր մասն էր հնարավորություն ունենում դիտելու այն: Այնպես որ, ինչպես իրենք՝ պատերազմի վավերագրողներն են խոստովանում, իրենց աշխատանքն ավելի շատ ծառայում էր օտարերկրյա լրատվամիջոցներին, իրենց մխիթարում էին այն մտքով, որ գոնե միջազգային հանրությունը կտեսնի ճշմարտությունը:

Եթե այլ երկրներում հասարակությունը ճանաչում է իր պատերազմի վավերագրողներին, արժանին մատուցում, խնամքով պահպանում, ուսումնասիրում ու գնահատում նրանց ստեղծածը, ապա նույնը չենք կարող ասել մեր դեպքում:

Հանրությունը պետք է ճանաչի ու երախտագիտություն հայտնի այն մարդկանց, որոնք քաջություն են ունեցել իրենց մասնագիտական պարտքը կատարել՝ վտանգելով իրենց կյանքը։ Այլ խոսքով՝ հանրության արժանի գնահատանքը և հարգանքը, որ դրսևորվում է ոչ միայն ու ոչ այնքան պարգևների ու շքանշանների շնորհումով, այլ ընդամենը ճանաչումով:

kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցների լայն արձագանքները և մեր կատարած թռուցիկ հարցումները նրանց շրջանում հանգեցրին այն համոզման, որ միայն կայքում հրապարակվող շարքը, ժամանակ առ ժամանակ այս կամ կինոգործչին ներկայացնելը բավական չէ, հարկ է ընդհանրացված ու ամբողջական տեղեկություն տալ, այսինքն՝ մեկտեղել բոլորին՝ ամփոփելով մի գրքի մեջ:

Այդպիսով  ընթերցողը կարող է պատկերացում կազմել, թե ովքեր են եղել  մեր ռազմաճակատային կինոգործիչները և ինչ պայմաններում են աշխատել:  Ներկայացվող գրքի ձևաչափը ընդամենը ծանոթություն է ՝ նրանց հետ։ Այստեղ ընդգրկված է 34 հոգի, սակայն մենք համոզված ենք, որ նրանց թիվը շատ ավելի մեծ է: Շատերի մասին տեղեկացել ենք, իհարկե, ՀՀ պաշպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունների միջոցով, մի մասին էլ «հայտնաբերել» ենք  «ձնագնդի» սկզբունքով, երբ զրույցի ընթացքում անուններ էին տալիս, և մենք գնում էինք նրանց հետքերով:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930