Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-ամյակի, Հողաշինարարի և գեոդեզիստի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Շնորհավորելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կայացած կադաստրի համակարգը մեզ համար կենսական անհրաժեշտություն է՝ սեփականության իրավունքների պաշտպանության ամուր և հասկանալի մեխանիզմներ ունենալու տեսանկյունից։ Համակարգի ստեղծման և կայացման անցած 20 տարիների ճանապարհը տեսնելով՝ կարելի է ֆիքսել, որ Հայաստանում անշարժ գույքի կադաստրի համակարգը ոչ միայն ձևավորվել և կայացել է, այլ նաև արձանագրել է էական հաջողություններ: Այսօր կադաստրի համակարգի կողմից պահվող տվյալները և մատուցվող ծառայությունները մեծապես թվայնացված են, ինչն էապես ավելացնում է համակարգի արդյունավետությունն ու կայունությունը, ինչպես նաև հնարավոր է դարձնում մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակը հասցնել նվազագույնի։
Կարելի է արձանագրել. այսօր մեր կադաստրային համակարգն ունի բոլոր նախադրյալները՝ հավասար քայլելու եվրոպական լավագույն կառույցների հետ, և դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի կողմից կադաստրի վարման հայաստանյան մոդելն անցումային շրջանում գտնվող երկրների համար համարվել է օրինակելի, ինչպես նաև այն, որ Համաշխարհային բանկի «Doing Business» հետազոտությունների համաձայն՝ 183 երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը անշարժ գույքի գործարքների իրավական ձևակերպման (Registring property) մատչելիության ցուցիչով մշտապես եղել է առաջատարների մեջ:
Կառավարության ծրագրով նախատեսել ենք մի շարք կարևորագույն միջոցառումներ, որոնք պետք է իրականացնենք կադաստրի համակարգն ավելի ժամանակակից և արդյունավետ դարձնելու և կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների որակը միջազգային լավագույն փորձին համահունչ դարձնելու համար։ Վստահ եմ, որ դրա համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Ավելին, հաշվի առնելով կադաստրի համակարգում արդեն իսկ ներդրված և գործող տեխնոլոգիական լուծումները՝ կարծում եմ, որ այս կառույցը կարող է ուղենիշային դառնալ պետական կառավարման մարմինների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և կիրառման գործում։ Եվ մենք ակնկալում ենք ձեզանից այդպիսի համարձակ քայլեր մոտ ապագայում։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել և մաղթել արդյունավետ աշխատանք»։
Վարչապետ Կարապետյանը ՀՀ Նախագահի և իր անունից պարգևներ է հանձնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մի խումբ աշխատակիցների: ՀՀ Նախագահի հրամանագրով բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արսեն Բիձյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:
Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա առթիվ, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը և աշխատակազմի ղեկավար Վարդան Հասրաթյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը և վերահսկողության վարչության ստորաբաժանումների գործառույթների նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արման Օսիկյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
ՀՀ կառավարություն