Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ԵԽԽՎ քարտուղարություն այս պահի դրությամբ դեռ հանձնված չէ:
Aravot.am-ը կապ հաստատեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ: Հետաքրքրվեցինք` ի՞նչն է խանգարում դա անել, տիկին Հովհաննիսյանը Ստրասբուրգից մեզ տեղեկացրեց. «Դա քաղաքական նպատակահարմարության հարց է: Պարզապես կարող են առանձին պատվիրակություններով լքել դահլիճը, և արդյունքում կստացվի, որ քվորում չկա, քվեարկությունը տապալվեց: Սա բացառապես տեխնիկական և քաղաքական նպատակահարմարության հարց է, դրա համար էլ քննարկվում է կոնկրետ ժամը`երբ ներկայացվի»:
Հիշեցնենք, որ Պեդրո Ագրամունտին արդեն հեռացրել են ԵԺԿ քաղաքական խմբից, ընդունվել է Մարի Պասկեի զեկույցը համաձայն որի` փոփոխություն է կատարվել ԵԽԽՎ կանոնադրությունում, շուրջ 130 ստորագրություն է հավաքվել Ագրամունտի իմպիչմենտի համար:
Մեր ճշտող հարցին` հնարավո՞ր է Ագրամունտին հեռացնելու հարցը մնա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ԵԽԽՎ քարտուղարություն կներկայացվի հիմա, բայց հարցը կքննարկվի և քվեարկության կդրվի աշնանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ