Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե Հայաստանում և թե այլ երկրներում փորձը ցույց է տալիս, որ օնլայն մեդիայի դեպքում հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած կայքի հետևում» Արփինե Հովհաննիսյան

Հունիս 29,2017 19:30

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԺԿ խմբի անունից ԵԽԽՎ նիստում` «Անկախ մեդիայի և լրագրողների նկատմամբ քաղաքական ազդեցությունը» հարցի քննարկման ժամանակ

Հարգելի գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին կատարված աշխատանքի համար: Զեկույցում բարձրացված թեմաները՝ լրագրողների անվտանգության ապահովման երաշխիքներ, հանրային մեդիա ծառայությունների անկախության և գործունեության թափանցիկության ապահովման ընթացակարգերը, մեդիայի նկատմամբ անվստահության տարածման  դեպքերի կանխումը և զեկույցում բարձրացված այլ հարցերը  իրավամբ ունեն էական նշանակություն խոսքի ազատության պաշտպանության, մեդիա բազմազանության համար: Ես համաձայն եմ զեկուցողի հետ, որ մենք պետք է կատարելագործենք մեդիայի իրական  սեփականտերերի  թափանցիկության վերաբերյալ իրավակարգավորումները: Այնուամենայնիվ, այսօր    մեր բոլորի կողմից քննարկման առարկա դարձնելու համար ես ցանկանում եմ բարձրաձայնել  մի քանի հարցեր:

Գաղտնիք չէ, որ մեդիայի թափանցիկությունը  այն հիմնաքարային գործիքն է, որ  հնարավորություն է տալիս հանրությանը իրականացնել տեղեկատվության, մեդիայի կողմից բարձրացված գաղափաների և կարծիքների սեփական վերլուծություն: Սա քանիցս ընդգծվել է հանձնարարականներով և ԵԽԽվ որոշումներով: Սրանք վկայությունն են, որ մեդիայի թափանցիկության ապահովումը Եվրոպայի խորհրդում միշտ եղել է ուշադրության կենտրոնում:

Սակայն կարծում եմ, որ մենք այս ոլորտում դեռ բավական անելիքներ ունենք. և կան խնդիրներ, որոնք ուշադրության և լուծման կարիք ունեն: Խոսքս հատկապես առցանց մեդիայի մասին է: Եթե տպագիր մամուլի և հեռուստառադիոընկերությունների դեպքում մեդիայի իրական սեփականատերերի և մեդիայի գործունեության թափանցիկությունը ապահովող տվյալների  հրապարակման ընթացակարգերը   հարաբերականորեն որոշակի են, օրինակ` հեռուստառադիոընկերությունների համար ընդհուպ մինչև կոնվենցիոն կարգավորման հիմքեր, ապա կարծում եմ վիճակը այլ է առցանց մեդիայի պարագայում: Զեկույցը  արդարացիորեն  անդրադառնում է Access Info  կազմակերպության կողմից կատարված հետազոտությանը:  Ես ցանկանում եմ ընդգծել, որ 20 երկրներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում  կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ միայն  4 երկրներում կան օրենսդրական կարգավորումներ առցանց մեդիայի թափանցիկության վերաբերյալ, ընդ որում  ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած օրենսդրական կարգավորումների առկայությանը, այնուամենայնիվ առաջարկվող ընթացակարգերը գործուն չեն և չեն ապահովում առցանց մեդիայի իրական թափանցիկությունը: Սա նշանակում է, որ ինչքան էլ մենք ունենք առաջադիմական գաղափարներ, այնուամենայնիվ մենք չունենք որևէ կառուցակարգ դրանք կյանքի կոչելու համար:

Ընդհանրապես, երբ խոսքը գնում է մեդիայի իրական սեփականատերերի բացահայտմանը, ապա գոյություն ունի հասարակությանը տեղեկատվությունը հասանելի դարձնելու երեք միջոց.

  1. Հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցներին բացահայտել սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը հանրային մարմնին, ինչպիսին է լրատվամիջոցների կարգավորող մարմինը:
  2. Տեղեկատվության անմիջական բացահայտում. հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցների սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը բացահայտել անմիջապես հանրությանը:
  3. Ընկերությունների մասին օրենք. ընդհանուր իրավական պահանջներ, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջել լրատվամիջոցների պատկանելության թափանցիկություն, ինչպես օրինակ կանոններ, որոնք պահանջում են ընկերության բաժնետերերի մասին տեղեկությունը բացահայտել, և տեղեկատվությունը ներկայացվում է գրանցամատյանում:

Սակայն պետք է նշել, որ այս միջոցներից որևէ մեկի ընտրությունը առցանց մեդիայի դեպքում բավական բարդանում է:

Թե Հայաստանում և թե այլ երկրներում փորձը ցույց է տալիս, որ օնլայն մեդիայի դեպքում հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած  կայքի հետևում:

Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք այս հարթակը՝ գտնելու այնպիսի հավասարակշռված մեխանիզմներ, որ յուրաքանչյուր ընթերցող համացանցային կարողանա հասկանալ, թե ով է լրահոսի հետևում, ով է այդ լրահոսի աղբյուրը, հակառակ դեպքում խոսք լինել չի կարող մեդիա բազմազանության մասին, և այն իրավունքները, որոնց ապահովման համար արդեն քանի տասնամյակներ ջանքեր են գործադրում Եվրոպայի խորհրդի անդամ երկրները և Եվրոպայի խորհուրդը կարող են միանգամից վերածվել միայն թվացյալ իրավունքների։

Շնորհակալություն ուշադրության համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930