Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Պրահայում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու ուղղությամբ կատարած աշխատանքի, ինչպես նաեւ չեխ-հայկական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար Յան Բարտոշեկին հանձնել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ:
Հանձնելով պարգեւը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Տարիներ շարունակ Դուք պայքարել եւ պայքարում եք ահաբեկչությունների, ցեղասպանությունների ժխտման դեմ ու հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր էլ մեր եղբայրներն Արցախում պայքարում են իրենց անկախ եւ ազատ ապրելու իրավունքի համար՝ կառուցելով ազատ Արցախ: Այցելեք Արցախ եւ կհամոզվեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական պետություն»:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: Արժեւորելով Չեխիայի հետ բարեկամական կապերի կայուն զարգացումը` նա ընդգծել է, որ վերջին տարիներին դրական շարժ է նկատվում երկկողմ հարաբերություններում:
Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների եւ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու գործընթացը, կատարված բարեփոխումները տարբեր ոլորտներում:
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ