Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Այն անձը, ով հայրենասեր չէ և մտածում է օր առաջ լքել Հայաստանը, ապա նա պետական գերատեսչությունում անելիք չունի»

Հունիս 29,2017 17:54

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի անդամների առաջարկով օրակարգային առաջին հարցի շրջանակներում Ա. Մինասյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների թիրախները:

Բանախոսը նշել է, որ գերատեսչությունը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում ոլորտի խնդիրների ախտորոշումը, ինչպես նաև  հասարակական կազմակերպությունների և մասնագետների հետ քննարկումները հանգեցրել են նախարարության գործառույթների վերանայման անհրաժեշտությանը և համապատասխան առաջարկները ներկայացվել են ՀՀ Նախագահին ու վարչապետին:

Նախարարը տեղեկացրել է, որ միասնական բնապահպանական քաղաքականությունն իրականացվելու է յոթ հիմնական գործառույթներով:

«Առաջին` բնական ռեսուրսների /սպառվող և չսպառվող/ հաշվառման համակարգի ձևավորումը մեկ միասնական հարթակում և դրա համատեքստում` ամբողջական առաջնային տեղեկատվության բազայի ստեղծում:

Երկրորդ` բնական ռեսուրսների առաջարկի կառավարում /պլանավորում/, որպեսզի ցանկացած նախագիծ իրականացնողի համար որակական և քանակական սահմանափակումը տեսանելի լինի:

Երրորդ` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նոր` միջազգային համակարգին համապատասխանող գործառույթի ձևավորում` առանձին դեպքերի համար օրենքով ամրագրելով պարտադիր միջազգային փորձաքննության անհրաժեշտությունը, որպեսզի հասարակության մոտ թերահավատություն չառաջանա գործող համակարգով ձեռնարկողի հայեցողությամբ իրականացվող միջազգային փորձաքննության արդյունքների վերաբերյալ:

Մեծ բնապահպանական ռիսկեր պարունակող նախագծերի համար սահմանվելու են պարտադիր միջազգային փորձաքննություններ, որոնք արվելու են ձեռնարկողի ֆինանսական միջոցների հաշվին, բայց` լիազոր մարմնի կողմից:

Մյուս կարևոր գործառույթը` միասնական մոնիտորինգի համակարգի ձևավորումն է: Գործող մոնիտորինգային համակարգը տարանջատված է տարբեր կառույցներում և շատ դեպքերում մակերեսային բնույթ է կրում»,-նշել է բնապահպանության նախարարը և հավելել, որ շրջակա միջավայրի պահպանության և վերականգնման գործառույթի շրջանակներում դիտարկվելու են, ոչ միայն կառավարման պլանները, այլև շրջակա միջավայրի վերականգնողական և տարբեր բնական ռեսուրսների անհամաչափությունները վերացնելու և այն բնականոն զարգացման հարթություն տեղափոխելու միջոցառումները:

ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է էկոկրթության և դաստիարակության գործառույթը, որը վերաբերում է հասարակության տարիքային բոլոր խմբերին` մանկահասակ տարիքից մինչև ավագ սերունդ, անկախ գործունեության ոլորտից և այս ուղղությամբ ներդրվելու են բոլոր հնարավոր միջոցները:

«Բնօգտագործման և բնապահպանական վճարների քաղաքականությունը դիտարկվելու է վերոհիշյալ բոլոր հիմնական գործառույթներում: Այդ վճարները պետք է համահունչ լինեն նախատեսվող սահմանափակումներին, եթե որակական տեսանկյունից սահմանված է, որ ծավալվելիք գործունեությունը չպետք է վնաս հասցնի շրջակա միջավայրին, կամ այն պետք է լինի նվազագույն, ապա բնապահպանական վճարների դրույքաչափերը և քաղաքականությունը պետք է համահունչ լինի այս սահմանափակումներին և նպաստի դրա իրականացմանը»,- նշել է Ա. Մինասյանը:

Տեղեկացվել է նաև, որ նախատեսվող գործառույթների կենտրոնացումը և ամբողջականացումը նախարարությունում, ենթադրում է  նրա անվանափոխություն: Ըստ Ա. Մինասյանի, նախատեսվում է գերատեսչությունը վերանվանել  «Շրջակա միջավայրի  նախարարության»: Բարեփոխումների շրջանակներում կձևավորվեն նաև նախարարության գործառույթների իրականացման այնպիսի մեխանիզմներ, որոնք արդյունավետ կգործի` անկախ նրանից, թե տվյալ ժամանակահատվածում ովքեր կլինեն այն իրականացնողները:

Հասարակական խորհրդի նախագահն անդրադարձել է նաև իրականացվելիք կադրային և կառուցվածքային արմատական վերանայումներին` նշելով, որ գերատեսչությունում աշխատելու հնարավորություն կունենան այն մասնագետները, որոնք կբավարարեն երեք չափանիշի` հայրենասիրություն,  պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ: «Այն անձը, ով հայրենասեր չէ և  մտածում է օր առաջ լքել Հայաստանը, ապա նա պետական գերատեսչությունում անելիք չունի»,- շեշտել է Ա. Մինասյանը:

«Դեմետրա-էկո» ՀԿ փոխնախագահ Վ. Հակոբյանը ներկայացրել է ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի նոր բնակատեղիները`  հատուկ պահպանման ռեժիմի ներքո ընդգրկելու առաջարկը: Բանախոսը մատուցել է հասարակական կազմակերպության երկու տարվա ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի կարմիրգրքային բույսերի հայտնաբերված նոր բնակատեղիները պաշտպանված չեն և ենթարկվում են անտրոպոգեն ազդեցության: Հազվագյուտ բուսատեսակների տարածման վայրերը պահպանելու համար առաջարկվել է գործող իրավական դաշտի հիման վրա սահմանել պահպանման համապատասխան ռեժիմ:

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանն առաջարկել է ուսումնասիրությունների արդյունքները քննարկել Կենսառեսուրսների կառավարման գործակալության հետ և ներկայացնել համապատասխան առաջարկներ:

«Գիտակցիր իրավունքդ» ՀԿ-ի  գործադիր տնօրեն Լ. Թասալյանն առաջարկել է քննարկել բնապահպանական ոստիկանության ձևավորման մեխանիզմները: Հասարակական խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած տեսչական բարեփոխումների գործընթացը իրականացման փուլում է և առաջարկել է  ներկայացված մոտեցումները դիտարկել նախատեսվող բարեփոխումների շրջանակում: Ա. Մինասյանը մասնավորապես նշել է, որ կուժեղացվի տեսչության կանխարգելիչ գործառույթը և տեսուչները 24-ժամյա ռեժիմով աշխատելու իրավունք կունենան: Կձևավորվի նաև վարձատրության և խրախուսման համակարգ, ինչը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Ա. Մինասյանն առաջարկել է զեկույցում ներկայացված մոտեցումները դիտարկել տեսչական բարեփոխումների շրջանակներում անցկացվող քննարկումների ժամանակ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930