Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արտեմ Ասատրյանը մանկատների, ծերանոցների տնօրենների պաշտոնում աշխատանքի ընդունում կաշառակերների

Հունիս 29,2017 17:24

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից այսօր ԱԺ-ում հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանում բավականին աղմկահարույց գործեր եղան ծերանոցների, մանկատների չարաշահումների հետ կապված, սրանում ձեր մեղավորությունը չե՞ք տեսնում, որ ոչ սրտացավ մարդկանց եք գործի ընդունում կաշառակերների, չարաշահողների:

Նա պատասխանեց. «Համակարգը մեծ է, համակարգում իրականացվող ռեֆորմները բոլորիդ աչքի առաջ են: Համակարգը, որքան դառնում է թափանցիկ, որքան դառնում է ադեկվատ, որքան տեղեկատվությունն ավելի առարկայական ու մատչելի է դառնում, այնքան եղած խնդիրները, որոնք կան, դառնում են նաեւ հանրությանը հասանելի, որի մեջ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Այդ ձեւաչափով է միայն հնարավոր բոլոր խնդիրներին լուծումներ տալ: Ոչ թե մենք գնահատական տանք, որ խնդիրները շատ են, այլ պիտի գնահատական տանք, որ խնդիրները բացահայտվում են առաջին հերթին մեր աշխատանքի շրջանակներում, բացահայտվում են առաջին հերթին մեր հաշվետվողականության, թափանցիկ աշխատանքի շրջանակներում»:

Լրագրողները ուղղեցին՝ բայց դուք չէիք բացահայտել՝ Արտեմ Ասատրյանը արձագանքեց. «Բացահայտումները, որոնց մասին դուք ասում եք, մեր աշխատանքի արդյունք են: Դա չի նշանակում, որ մենք երբ որ ինչ-որ խնդիր ենք արձանագրում, դուք այդ նույն հնչեղությամբ իմանում եք դրա մասին: Մենք խնդիրները բացահայտում ենք, լուծումներ ենք տալիս, եթե անհրաժեշտ է լինում՝ նաեւ իրավապահ մարմիններն են միջամտում, այդ ժամանակ եք դուք տեղյակ լինում: Դա մեր ամենօրյա աշխատանքի գործընթացն է»:

Մենք նախարարից նաեւ հետաքրքրվեցինք՝ այսքան տարի պաշտոնավարում է, դեռ որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, շարունակո՞ւմ է անտուն մնալ: Նախարարը հարցին չպատասխանեց:

Արտեմ Ասատրյանը, ըստ հայտարարագրումների, Հայաստանի ամենաաղքատ նախարարներից է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930