Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պեղումների արդյունքում Շուշիի պատմական հուշարձանների թիվը համալրվում է ևս մեկ կարևոր պատմամշակութային կոթողով

Հունիս 29,2017 17:09

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը 2017թ. մայիսի 10-ից հունիսի 5-ը պեղումներ է իրականացրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում: Արշավախմբի ղեկավար, ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նժդեհ Երանյանի փոխանցմամբ պեղումների արդյունքում բացվել են եկեղեցու հիմքերը․ «Տեղեկություն կար, որ 1960-ականներին քանդվելուց հետո ասֆալտի տակ պահպանվել են եկեղեցու հիմնապատերը, նշված փաստը ճշտելու համար իրականացվեցին պեղումներ: Եկեղեցու վերաբերյալ պատմական տվյալներ մեզ հասել են Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի շնորհիվ։ Պեղումների արդյունքում բացվեցին եկեղեցու հիմնապատերը, ինչը որոշ հատվածներում հասնում է մոտ մեկ մետր բարձրության: Հաջողվել է վեր հանել նաև երկու մուտքերը՝ հարավային և արևմտյան կողմերից, հարավային և արևմտյան պատերի տակ` դրսի կողմից՝ սալահատակը, ինչպես նաև Մակար Բարխուդարյանցի հիշատակած չորս սյուներից մեկի հիմքը: Այս ամենը գալիս է հաստատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին մեզ հասած բանավոր ու գրավոր տեղեկությունները»։

Ըստ պատմական աղբյուրների Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1833թ.՝ Մահտեսի Հախումյանի ծախսերով, Շուշիի վերին մասի համանուն թաղում։ Այդ մասին ժամանակին որոշ տեղեկություններ էր հաղորդել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, ով հայտնի է Արցախի և շրջակա գավառների հայության բազմադարյան պատմության, կենցաղի և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության բնագավառում ունեցած անգնահատելի ավանդով։

1960-ական թվականներին քանդված եկեղեցու տեղում գործել է բացօթյա կինոթատրոն ( պահպանված արևելյան պատն էլ, հավանաբար, ծառայել է որպես էկրան) և մոտակա հանգստյան գոտու այցելուների ու զբոսաշրջիկների համար ծառայել որպես ժամանցի վայր։ Պահպանվել են նաև եկեղեցու խորանը և բեմը։ Զանգակատունը եռահարկ էր՝ սրբատաշ քարից։ Ութանկայուն ռոտոնդայի նման մի փոքրիկ զանգակատուն էլ գտնվում էր եկեղեցու տանիքի մեջտեղում։

Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու աղոթասրահը (24,75×12,77մ) ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ Հարավային և արևմտյան կողմերից ունեցել է երկու դուռ և 10 լուսամուտ։ Հարավային դռան ճակատային քարի վրա եղել է եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրություն:

Ըստ Նժդեհ Երանյանի` վերջերս իրականացված պեղումների արդյունքում եկեղեցու հայտնի արձանագրությունը չի գտնվել, 4 սյուներից միայն մեկն է հայտնաբերվել, սակայն բացված հիմքերը կասկած անգամ չեն թողնում, որ դրանք հենց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցու վկայություններն են։

Այս պեղումների արդյունքում Շուշիի պատմական հուշարձանների թիվը համալրվում է ևս մեկ կարևոր պատմամշակութային կոթողով:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930