Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձեզ եթե դույլով կերակուր մատուցեին, կուտեի՞ք». Լրագրողները Արտեմ Ասատրյանին հարցրեցին տարեցներին տրվող «լափից»

Հունիս 29,2017 17:00

Այսօր լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոսեց թիվ 1 տուն-ինտերնատի աղմկահարույց բացահայտումների, խայտառակ պայմանների մասին:

Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ այդ աղմկահարույց բացահայտումները, այդ ահավոր տեսարանը ինչպե՞ս կմեկնաբանի՝ դույլով տարեցներին ճաշ տալը: Նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, շատ միակողմանի ներկայացված տեսանյութ էր: Եթե իրականությունը տեսնելու ցանկություն կար, պետք էր այցելել բոլոր սենյակները, այդ թվում եւ վերանորոգված, այցելել նոր վերակառուցված ճաշարանային հատվածը եւ ամեն ինչ ճշգրիտ ներկայացնել: Ես չեմ կարծում, որ այն խնդիրները, որոնք կան, մենք երբեւէ փորձել ենք քողարկել կամ թաքցնել: Մենք խնդիրները ինքներս ենք բարձրաձայնում, բացահայտում եւ խնդիրներին լուծումներ տվողը նորից մենք ենք՝ իհարկե, ձեր աջակցությամբ, որովհետեւ կարող ենք ինչ-որ բաներ չնկատել: Մեր հաստատությունները երբեւէ չեն դիտվել որպես փակ: Այն ՀԿ-ները, որոնք գործակցում են, կարող են ցանկացած պահի գնալ եւ ցանկացած գործունեություն ուսումնասիրել՝ գնումների գործընթաց, պահեստային մասեր եւ այլն: Այստեղ որեւէ խնդիր կամ գաղտնիք չկա: Ինչ վերաբերում է փոփոխություններին, մենք քայլ-քայլ իրականացնում ենք իրավական փոփոխություններ, բայց դրանց կյանքի կոչելու հետ կապված ժամանակ է պետք»:

Մենք ճշտեցինք՝ ասում եք, թե միակողմանի է ներկայացված, բայց տեսանյութում մի կողմից երեւում է այն ներողություն «լափը», որ տրամադրվում է տարեցներին, իսկ դուք նշում եք, թե վերանորոգված սենյակները չե՞ն նկարել՝ նախարարը պատասխանեց. «Դրա վերաբերյալ պարզաբանումներ են տրամադրվել, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը օրինակով ներկայացրեց եւ վստահ եմ, դուք էլ այդ կարծիքին եք, որ եթե դուք ուզում եք ստանալ կերակուրից լափ, դուք կարող եք ստանալ եւ ներկայացնել: Եթե դուք ուզում եք կերակուր ներկայացնեք՝ կներկայացնեք: Ես չեմ կարծում, որ ձեր բերած օրինակը իսկապես որեւէ բան էր նշանակում»:

Թե միակողմանի ասելով ի՞նչ նկատի ուներ՝ Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Եթե այցելողները գնում են եւ այցելում են հատուկ սենյակներ, հատուկ անձանց հետ են հարցազրույց վերցնում եւ գնում են հատուկ այն մասնաշենքի հատվածը, որտեղ վերանորոգված չի, այնտեղ են նկարահանում, ես, իհարկե, հասկանում եմ, որ դա միակողմանի իրականացված գործողություն է»:

Լրագրողները հարցրեցին՝ դույլով կերակուրը ասացիք ոչ մի բան չի նշանակում ձեզ համար, չափորոշիչներ չկա՞ն, օրինակ ձեզ եթե դույլով կերակուր մատուցեին, կուտեի՞ք»:

Նախարարը պատասխանեց. «Չափորոշիչներ կան, դրանք իհարկե պետք է պահպանել: Կարծում եմ, այդ չափորոշիչների շրջանակներում իրականացվող խնամքը մեր մշտադիտարկման ներքո պահելով կունենաք այն իրավիճակը, որ այլեւս որեւէ շեղում այդ չափորոշիչներից չպիտի տեղի ունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930