Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ավստրիաբնակ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայ երաժշտի մշակութային գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող «Նաիրի» համահայկական փառատոնին:
Նարեկ Հախնազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, խոստացավ մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին: Երիտասարդ թավջութակահարը նախարարին ներկայացրեց իր ծրագրերը, պատմեց հաջողությունների մասին: Վերջերս նա հնարավորություն է ստացել նվագել երաժշտական գործիքների աշխարհահռչակ վարպետ Ջուզեպպե Գվարներիի 1707 թվականին ստեղծած թավջութակը, ինչը մեծ պատիվ է համարում իր համար: Այն բազմաթիվ անվանի երաժիշտների գործիքն է եղել:
Երիտասարդ թավջութակահարը հնարավորություն է ստացել ձեռք բերել այս գործիքը Կանադայից մի հովանավորի շնորհիվ:
Իր ամենահիշվող համերգներից Նարեկը նշեց Բուկինհեմյան պալատում իր մենահամերգը, որին ներկա էին արքայազն Չարլզը և թագավորական ընտանիքի անդամները: Երաժշտի համար անմոռանալի են Ավստրալիայի հյուրախաղերը: Նվագել է Սիդնեյի լեգենդար օպերային թատրոնում, Մելբուռնում և աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ